Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական
հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։
Նախարարը, ողջունելով կոնգրեսականին, նշել է, որ բարձր է գնահատում Ֆրենկ
Փալոնի գործունեությունը` ուղղված հայոց ցեղասպանության ճանաչմանը,
ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև Արցախում ականազերծման
աշխատանքների և այլ մարդասիրական ծրագրերի աջակցմանը։
Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ կիսվել է նաև նախարարության ծրագրերի և
առաջնահերթությունների մասին, ինչպես նաև վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ
մանրամասներով և ձեռք բերված պայմանավորվածություններով։
Ֆրենկ Փալոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից
ներկայացման համար, նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի
և տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի և առևտրի կոմիտեի
նախագահը, որտեղ քննարկվում են ինտերնետին, կապի տեխնոլոգիաներին առնչվող
հարցեր, կարևորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ:
Կոնգրեսականը առաջարկել է ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի
վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև
տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման
վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող
սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի
շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում ինչպես նաև հայ-ամերիկյան
բարեկամական հարաբերությունները։
Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև «Google maps»-ի
անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում,
«Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում
լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ
կոնգրեսմենը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների
ղեկավարության հետ:
Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ և
քննարկել առաջադրված հարցերը «Google» և «PayPal» ընկերությունների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել