HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Ալավերդի բժշկական կենտրոնի» տնօրենի ընտրության մրցույթը

Ալավերդու բժշկական կենտրոնում մթնոլորտը լարված է: Տնօրենի՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրության մասին բժշկական կենտրոնի աշխատողները վախենում են բարձրաձայն խոսել:

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի կունենա «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բժշկական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Բժշկուհի Անուշ Իսպիրյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իր հետ աշխատող բուժքրոջ միջոցով հայտնեց, որ խիստ զբաղված է, պարապում է մրցույթին մասնակցելու համար:

Ստեփան Մոսինյանը վերջին 11 տարիներին ղեկավարել է Ալավերդու բժշկական կենտրոնը: Մեզ հետ  զրույցի հենց սկզբում Ս. Մոսինյանն ասաց, որ Հայաստանի ոչ մի առողջապահական կառույց, համենայն դեպս վերջին 10 տարիներին, չի կարող իր ղեկավարած Ալավերդու բժշկական  կենտրոնի ձեռքբերումներն ունենալ: Մոսինյանը բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթին առաջադրված 4 թեկնածուներից ոչ մեկին իրեն արժանի մրցակից չհամարեց: Իր ասելով` տնօրենի պաշտոնավարման տարիներին անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, սակայն 1,5 տարի առաջ հեռացել է կուսակցությունից:

«Ես ուղղակի մի բանից եմ զարմանում, ոնց կարող է մարդը անհատ ձեռներեցությամբ չզբաղվել, կառավարման գործին չտիրապետել ու ցանկություն հայտնել տնօրեն դառնալու: Տնօրեն հասկացությունը չի նշանակում գնալ, վայելել, օգտվել և չգիտեմ ինչ անել»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Ալավերդիում խոսում են, որ Ստեփան Մոսինյանը առողջապահական ոլորտի հետ առնչվող բիզնեսներ ունի։

Ս. Մոսինյանը պատմեց, որ այդ մասին իր դեմ բողոք է ներկայացրել տնօրենի այսօրվա  թեկնածուներից մեկը: «Պատկան մարմինները  ստուգել են: Անձամբ իմ անունով սեփական բիզնես չունեմ: Կարա իմ կինը բիզնես ունենա: Ես այսօր կարող եմ ունենալ սեփականություն, լինել դրա հիմնադիրը, ունենալ 10 տոկոս փայ:  Բայց գործունեությամբ չզբաղվել, այդ տեսակ  բիզնես չունեմ, որ անձամբ ես եմ զբաղվում»,- պարզաբանեց զրուցակիցս:

Տնօրենի թեկնածու վիրաբույժ Գևորգ Ազարյանը հակառակը պնդեց. «Ես գիտեմ, որ Ստեփան Մոսինյանը տարիներ շարունակ Ալավերդու բժշկական կենտրոնում գտնվող իր սեփական դեղատան  միջոցով վերահսկում է  բժշկական կենտրոնում հաշվառված դիսպանսեր հիվանդներին պետպատվերով դեղորայքի մատակարարումը: Բայց չգիտեի, որ նրա այդ բիզնեսը կինն է ղեկավարում, դա ինձ համար նորություն է»:  

Գևորգ Ազարյանը երեք  տարի Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ է աշխատել:

Վիրաբույժ Գ. Ազարյանն ասում է, որ Ստեփան Մոսինյանը անհարգալից է վերաբերվում աշխատողների հետ, բժիշկներին և աշխատողներին պահում է վախի մթնոլորտում:

«Մարդիկ այդպես երկար չեն կարող դիմանալ: Հիմա էլ իմ կնոջ հետևից է ընկել: Կնոջս աշխատավարձն է կրճատել»,-ասում է Վ․Ազարյանը։

«Մի գեղեցիկ օր, Ազարյանն առանց ինձ հետ քննարկելու եկավ դիմում ներկայացրեց՝ 10 օր իր հաշվից արձակուրդ վերցնելու համար: Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Ես առանց պատճառը հարցնելու իրեն դիմումը մակագրեցի: Դրանից հետո հաջորդեց աշխատանքից ազատման նրա դիմումը: Ոչ մի տարաձայնություն չի եղել մեր մեջ: Բացարձակ խոսք էլ չենք փոխանակել: Դիմումին հաջորդեց Ազարյանին աշխատանքից ազատելու իմ հրամանը»,- ասում է Ս․Մոսինյանը։

Մոսինյանն ասում է` 99,9 տոկոսով հավատացած է, որ Գևորգ Ազարյանի  և Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի բժշկուհի Անուշ Իսպիրյանի թեկնածությունը առաջադրվել է բժշկական կենտրոնի տնօրեն վերընտրվելու գործում իրեն խոչընդոտելու համար:  

«Հարգելիս, ստեփանավանցի Անուշ Իսպիրյանը, որը կաբինետային բժշկուհի է աշխատում Վանաձորի 5-րդ պոլիկլինիկայում, ի՞նչ եք կարծում, նման քայլ կանի՞, կգա որտեղից  որտեղ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն աշխատելու: Հիմա մտածեք»,- ասաց Ս. Մոսինյանը:  

Տնօրենն ասաց, որ վերջին 1,5 տարում առողջապահության նախարարությունում և Լոռու մարզպետարանում իր աշխատանքները գնահատվել են բարձր:  Մտադիր է ընտրվելուց հետո  ներկայացնել «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2020-2025թթ. հեռանկարային զարգացման պլան։ Այս պահին պատրաստվում է տնօրենի ընտրության մրցույթին. պետք է  գրավոր պատասխանի առաջադրված 15 հարցերի, բանավոր 5 հարցերի։ «Հարցաշարին անգիր պատասխանելը դեռ չի նշանակում, թե կարող են թեկուզ մանկապարտեզի մի խումբ ղեկավարել: Առողջապահության ոլորտը շատ բարդ կառույց է»,- ասաց նա:

Հիշեցրի, որ տնօրենի թեկնածուներից 3-ը  մասնագիտությամբ  բժիշկներ են: «Հարգելիս, ես նրանց  երկուսի գործունեությանը տեղյակ եմ: Գևորգ Ազարյանինը՝ շատ լավ, իսկ թեկնածու Անուշ Իսպիրյանի գործունեությունը  ուսումնասիրել եմ»,- պատասխանեց  Ս. Մոսինյանը։

Բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Ստեփան Մոսինյանի հետ: «Լուրջ է տնօրենի Ձեր թեկնածու առաջադրվելը, թե ձևական»,-հարցրի նրան:

«Առաջադրվելը ոնց կարող է ձևական լինել: Թեկնածությունս դրվել է: Մրցույթի ընթացքը ցույց կտա թեկնածությունս հանելու եմ, թե՝ ոչ»,- բացատրեց նա: Հովիկ Ավետիսյանը հայտնեց, որ Ալավերդու բժշկական կենտրոնի ամենամեծ պրոբլեմը երիտասարդ բժիշկ- մասնագետների խնդիրն է: Պետական բժշկական համալսարանն ավարտող երիտասարդ բժիշկները  դժվարությամբ են գալիս Ալավերդի աշխատելու: Իսկ բժշկական կենտրոնի բժիշկները բոլորն արդեն կենսաթոշակի տարիքի են: Հ. Ավետիսյանը նաև ասաց, որ Ալավերդու բժշկական կենտրոնը մարզային մյուս  բուժհիմնարկների համեմատ ունի առավել հագեցած սարքավորումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter