HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ukrainegate՝ Զելենսկին, Թրամփն ու հնարավոր իմպիչմենթը՝ ովքեր են խառնված և ինչ է տեղի ունենում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի հնարավոր գործընթացը նոր թափ է հավաքում։

Յուքրեյնգեյթ (Ukrainegate) սկանդալային պատմությունը պտտվում է Թրամփի, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու շուրջ, խառնված են մի շարք ԱՄՆ պետական դեպարտամենտի դիվանագետներ, ԱՄՆ պետական հետախուզության գործակալը և այլ պաշտոնյաներ։

Զելենսկի Թրամփ հեռախոսազրույցը

Վերջերս՝ սեպտեմբերի 24-ին, գաղտնազերծվեց և հրապարակվեց Թրամփ – Զելենսկի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 25-ին։ Հենց այս հեռախոսազրույցի հրապարակումից և դրան հաջորդած զարգացումներից հետո հնարավոր իմպիչմենթի գործընթացը նոր թափ հավաքեց։

Կես ժամ տևած հեռախոսազրույցը բացահայտում է մի քանի կարևոր բան։ Թրամփը խնդրում է Զելենսկուն «պարզել Ուկրաինայի հետ կապված այս ամբողջ իրավիճակը»։

Այստեղ խոսքը գնում է Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի մասին, ով ուկրաինական «Բուրիսմա» էներգետիկ ընկերության վարչության անդամ է եղել։ Թրամփը հորդորում է պարզել Բայդենների դերը Ուկրաինայի նախկին (2015-2016) գլխավոր դատախազ, գեներալ Վիկտոր Շոկինին պաշտոնից ազատելու գործում։

Թրամփը և նրա կողմնակիցները պնդում են, որ Ջո Բայդենը, երբ դեռ ԱՄՆ փոխնախագահն էր, սպառնացել է չտրամադրել Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն, եթե Շոկինը չազատվի պաշտոնից։ Այն ժամանակ Շոկինը հետաքննում էր «Բուրիսմա» ընկերության հնարավոր կոռուպցիոն գործունեությունը։ Շոկինը ինքը շարունակաբար պնդել է, որ Ջո Բայդենն է կանգնած նրան աշխատանքից ազատելու հետևում։ Ջո Բայդենը հերքել է այս մեղադրանքները։

«Բուրիսմա» ընկերության դեմ սկսված քրեական գործը կարճվել է բավարար ապացույցներ չունենալու հիմքով։

Այստեղ հայտնվում է Յուրի Լուցենկոն, Ուկրաինայի նախկին (2016-2019) գլխավոր դատախազը։ Լուցենկոն քննարկել է Հանթեր Բայդենի գործունեությունը Ուկրաինայում Թրամփի այժմյան փաստաբան, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանիի հետ։ Լուցենկոն նրան ասել է, որ Հանթեր Բայդենը չի խախտել օրենքը և դրա համար գործը կարճվել է։ Ավելի վաղ Ջիուլիանին «Ֆոքս Նյուզ»-ի եթերից մեղադրել էր Բայդենին Ուկրաինայում կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ։

Ընտրվելուց հետո Զելենսկին Լուցենկոյին ազատել է պաշտոնից, հիմնավորելով, որ Լուցենկոն անտեսել է կոռուպցիան։

Բայդենների դեմ Թրամփի սկսած արշավը կարևոր է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների կոնտեքստում. եթե Ջո Բայդենը հաղթի Բերնի Սանդերսին Դեմոկրատական կուսակցության ներքին ընտրություններում, ապա կլինի դեմոկրատների թեկնածուն և 2020 նախագահական ընտրություններում կդառնա Թրամփի գլխավոր մրցակիցը։  

Հեռախոսազանգի ընթացքում Թրամփի խնդրանքին պատասխանելով Զելենսկին հայտնում է, որ պատրաստ է օժանդակել նրան Բայդենների վերաբերյալ այս գործընթացը վերսկսելու հարցում։ Թրամփը նույնիսկ պայմանավորվում է, որ Ջիուլիանին և Ուիլյամ Բարրը՝ ԱՄՆ գլխավոր դատախազը, կզանգահարեն Զելենսկուն և մանրամասներ կքննարկեն նրա հետ։ Զելենսկին խնդրում է Թրամփին այս գործով հավելյալ տեղեկություններ տրամադրել։

Հեռախոսազանգի ընթացքում քննարկվեց նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպան (2016-2019) Մարի Յովանովիչի գործունեությունը, ում Զելենսկին որակում է որպես «վատ դեսպան»։ Թրամփը համաձայնվում է նրա հետ, պնդելով, որ «նա որոշ բաների միջով կանցնի»։ Մարի Յովանովիչին Թրամփը հետ է կանչել Վաշինգտոն, իր պաշտոնավարման ավարտից մի քանի ամիս շուտ։ Ջուլիանին մեղադրել էր Յովանովիչին Ուկրաինայում Թրամփի դեմ արտահայտվող ակտիվիստներին օժանդակելու մեջ։ Յովանովիչը ցուցմունք է տալու կոնգրեսական հանձնաժողովի առջև իմպիչմենթ սկսելու գործընթացի շրջանակներում։

Թրամփն ու Զելենսկին նաև քննարկում են ԵՄ-ի ոչ բավարար օժանդակությունը Ուկրաինային։ Թրամփը պնդում է, որ «Գերմանիան ոչինչ չի անում ձեզ համար, միայն խոսում են»։ Զելենսկին համաձայնում է նրա հետ, հայտնելով որ Ուկրաինան պատրաստ է նոր Ջեվելին (Javelin) տեսակի հակատանկային հրթիռներ գնել ԱՄՆ-ից։

Հեռախոսազանգի վերջում երկու նախագահները պայմանավորվում են հանդիպել Վաշինգթոնում կամ Լեհաստանում։

ԱՄՆ Ազգային հետախուզության գործակալի բողոքը

Ծառայողական պարտականությունների շրջանակում Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը լսած Ամերիկայի հատուկ ծառայությունների աշխատակիցը գրավոր բողոք է ներկայացնում ղեկավարությանը։

Գործակալի անունը գաղտնի է պահվում, բողոքում նա իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Թրամփը ճնշում է գործադրում օտար պետության ղեկավարի նկատմամբ «նախագահի քաղաքական գլխավոր հակառակորդի դեմ հետաքննություն սկսելու նպատակով»։ Նա նաև պնդում է, որ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ խոչընդոտներ են ստեղծել խոսակցության ձայնագրությանն ու սղագրությունը մուտք գործելու հարցում։ Իր բողոքում նա նշել է Ջուլիանիի, գլխավոր դատախազ Բարրի և այլ դիվանագետների անունները։

Սեպտեմբերի սկզբին Ազգային հետախուզության ղեկավարությունը ԱՄՆ Կոնգրեսին հայտնում է գործակալի բողոքի մասին և երեք հանձնաժողովներ սկսում են զուգահեռ քննություն պարզելու համար, արդյոք Թրամփը, ճնշում գործադրելով օտար պետության ղեկավարի հանդեպ, չարաշահել է իր պարտականությունները և արդյոք կան բավարար հիմքեր իմպիչմենթի գործընթաց սկսելու համար։

Տեղեկությունը հայտնի դառնալուց երկու օր անց Թրամփի հրամանով չեղարկվում է Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օժանդակությունը։

Որոշ ժամանակ անց Թրամփը ընդունում է, որ խոսել է Զելենսկու հետ, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։ Իր թվիթերյան էջում նա թվիթների (կարճ հաղորդագրությունների) տեղատարափ է սկսում, մեղադրանքներ հնչեցնելով տարբեր մարդկանց հասցեին։

Զելենսկին նույնպես պնդում է, որ իր հասցեին որևէ ճնշում չի եղել։

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական ճամբարի ղեկավար Նենսի Պելոսին հայտարարում է իմպիչմենթի համար հարցաքննությունների մեկնարկի մասին։

Նոր զարգացումներ

Հոկտեմբերի 4-ին Կոնգրեսը գաղտնազերծում է Ուկրաինայի գծով Պետ. Դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ, դիվանագետ Քուրթ Ուոլքերի, այլ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների և նախագահ Զելենսկու օգնականի ու խորհրդականի միջև նամակագրությունները։

Պարզ են դառնում բազմաթիվ մանրամասներ։ Ըստ էության, և՛ ԱՄՆ դիվանագետները, և՛ Զելենսկու օգնականն ու խորհրդականը կապել են Զելենսկի - Թրամփ  պաշտոնական հանդիպումը և ԱՄՆ կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելելը Զելենսկու՝ Բայդենների հետ կապված «Բուրիսմա» ընկերության դեմ գործընթացներ սկսելու պատրաստակամության հետ։

Զելենսկի – Թրամփ հեռախոսազրույցից առաջ Ուոլքերը գրում է Զելենսկու խորհրդական Անդրեյ Երմակին. «Եթե նախագահ Զ-ն համոզի Թրամփին, որ կկարողանա պարզել 2016-ին տեղի ունեցածը, մենք կկարողանանք հստակեցնել Վաշինգտոն այցի ճշգրիտ ամսաթիվը»։

Ուոլքերը ուկրաինացի պաշտոնյաների հետ նաև մանրամասներ է քննարկում հնարավոր մամլո ասուլիսի կամ հայտարարության տեքստի վերաբերյալ, որ պետք է Զելենսկին աներ «Բուրիսմա» ընկերության վերաբերյալ, ինչը ուղղակիորեն կաջակցեր Թրամփին գալիք 2020թ․-ի ընտրություններում։

Սկանդալի պատճառով Զելենսկին չի անում այդ հայտարարությունը, ինչն էլ ավելի կբարդացներ իրավիճակը և՛ Թրամփի, և՛ նորընտիր  Զելենսկու համար։

Մեկ այլ նամակագրությունում Ուկրաինայում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ Բիլլ Թեյլորը գրում է ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդին այն մասին, որ «նախագահ Զելենսկին զգայուն է Ուկրաինային լուրջ ընդունելու, այլ ոչ թե զուտ որպես գործիք Վաշինգթոնի ներքին քաղաքականության և վերընտրությունների հարցում»։

Նամակագրությունից նաև պարզ է դառնում, որ Թեյլորը գիտակցել է հարցի լրջությունը, նա Սոնդլանդին գրել է «խենթություն է սառեցնել ռազմական օգնությունը քաղաքական օգնության դիմաց»։

Հեռախոսազանգից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն սառեցնում է 391 միլիոն դոլարի համարժեք ռազմական օգնությունը Ուկրաինային, որն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի ղեկավար Մարկ Պոմպեոն ընդունում է, որ նա նույնպես ներկա է գտնվել Թրամփ-Զելենսկի հեռախոսազանգի ժամանակ, հետևաբար տեղյակ է եղել զրույցի բոլոր մանրամասներին։

Հաստատվել է նաև բողոքը գրած գործակալի պնդումը, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը և սղագրությունը տեղափոխվել են հույժ գաղտնի համակարգ և սահմանափակվել է դրանց հասանելիությունը։

Բողոքը գրած գործակալը Ներկայացուցիչների պալատի առջև ցուցմունք է տալու, նրա անունը դեռ գաղտնի է պահվում։ Հետախուզական համայնքի գլխավոր տեսուչ Միքայել Էթքինսոնը նույնպես ցուցմունք է տալու Ներկայացուցիչների պալատին։ Ցուցմունք տվողների շարքերում են լինելու նաև մի շարք այլ պաշտոնյաներ։

Թրամփ-Զելենսկի հանդիպումը, վերջիվերջո, տեղի է ունենում սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում, այն բանից հետո, երբ Սպիտակ տունը արդեն հրապարակել էր հեռախոսազանգի սղագրությունը։ Հանդիպման ընթացքում երկու նախագահներն էլ հերքում են մինչ այդ հնչած մեղադրանքները։ Զելենսկին ասում է, որ «ոչ ոք ինձ չի ճնշել»։

Ուքրեյնգեյթի ֆոնին կտրուկ աճել է Ջո Բայդենի վարկանիշը։

Կարծես ամեն ինչ վկայում է, որ մռայլ ամպերը կուտակվում են Թրամփի վերևում և նրա դեմ իմպիչմենթ սկսելու գործընթացն էլ ավելի իրական է դառնում։ Սակայն քաղաքական ինտրիգը դեռ պահպանվելու է բավական երկար ժամանակ. Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունեն դեմոկրատները, բայց Սենատը, որն էլ որ իմփիչմենթի վերջնական որոշումն է կայացնելու, վերահսկվում է հանրապետականների կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter