HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես կպատմեմ այն, ինչ կադրից դուրս է մնացել

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անակնկալ միջոցառումների շարքը շարունակվում է: 24 տարիների ընթացքում, ինչ ես այստեղ եմ, առաջին անգամ տեղի ունեցավ նախադեպը չունեցող միջոցառում` ստեղծագործող ցմահ դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես: Բոլորի` լրագրողների, մեկուսարանի աշխատակիցների և հատկապես դատապարտյալներիս դեմքին ժպիտ կար: Մեկուսարանի վարչակազմի մասնաշենքում տրամադրվել էր դահլիճի տարածքը, որտեղ պատերին փակցված կամ սեղաններին դրված էին ձեռքի յուրօրինակ աշխատանքներ, նաև գրի միջոցով ստեղծագործող դատապարտյալներիս հրատարակված գրքերը: 

Ես կպատմեմ այն, ինչ կադրից դուրս է մնացել կամ այն, ինչ կադրով հնարավոր չէ փոխանցել՝ հոգեվիճակի մասին: Հետաքրքիր երևույթ է`ցմահներից շատերս իրար դեմքով չենք ճանաչում, բայց ձայնով ճանաչում ենք: Դեռ 90-ականներին, երբ նման միջոցառումները միայն կարող էին երևակայության մեջ լինել, հիմնականում կերակրադռնակ՝ վալչոկ կոչվածից  զրուցում էինք խցից խուց, այսինքն`առանց իրար տեսնելու: Այս իսկ պատճառով գիտեինք իրար անուններ, ճանաչում էինք ձայները, բայց դեմքերը անծանոթ էին մնում: Այս աննախադեպ միջոցառումը, ինչպես նաև շախմատի մրցաշարերը իրար տեսնելու, շփվելու հնարավորություն տվեցին: 

Ես զարմացած էի` տեսա Կարենի պատրաստած  փայտից եկեղեցիները. ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատել էր: Արամը ցուցադրել էր  իր ձեռքի աշխատանքների լուսանկարները, իսկ բուն քանդակները՝ կուժերը, սափորները, արձանիկները վաճառվում են ազատության մեջ` դատապարտյալների ձեռքի աշխատանքների խանութում: Դերենիկը առանց գործիքներ ունենալու, զարմանալի նուրբ աշխատանքներ էր կատարել` փոքրիկ դաշնամուր`վրան մոմակալ ու արձանիկ, շատ փոքրիկ սեղան`վրան ափսեի մեջ տարատեսակ մրգեր, գեղեցիկ սեռի համար բռոշներ: Իգորը, ով մասնագիտությամբ ռադիոէլեկտոնիկ է, նույնպես ձեռքի շատ նուրբ աշխատանքներ էր ներկայացրել, բայց տպավորվեց հատկապես ժամացույցը, որը աշխատում էր: Իր հանրահայտ ծաղիկներն ու գրիչներն էր ներկայացրել Կամոն, ով արդեն շուրջ 25 տարի է պատիժ կրում: Ալիկը ձեռքի նուրբ, շատ յուրահատուկ աշխատանք է կատարում` որքանով հասկացա` ինչ-որ լազերային տեխնոլոգիայով տարատեսակ նախշեր է պատկերում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը և այլն, ինչը կարող է պրակտիկ նշանակություն ունենալ, օրինակ, որպես ցուցատաղտակ: Զաքարը ներկայացրել էր իր նմանը չունեցող «տիեզերական» նկարները: Ծանոթացա նաև Գարեգինի հետ, որ ներկայացրել էր իր երեք գրքերը: Ընթացքում կարդացի նրա ինքնատիպ բանաստեղծություններից: Յուրին անձամբ ներկա չէր, բայց ներկայացված էին ռուսերենով երկու գիրք, որոնց խմբագիրն է եղել: Ես էլ ներկայացրել էի իմ վեց գրքերը, որոնցից երկուսը թարգմանական՝ հայերենից ռուսերեն, ու ևս մի գիր բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արծվի Բախչինյանի կողմից հայերենից ռուսերեն թարգմանած «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» գիրքը, որտեղ թարգմանիչն իր շնորհակալության խոսքն է ասում ինձ`թարգմանությանը աջակցելու համար:

Այս ցուցահանդեսից մի քանի օր առաջ էլի մի աննախադեպ և շատ կարևոր իրադարձություն եղավ հենց ցմահների մասնաբաժնում`5-րդ հարկում մատուռի՝ աղոթասենյակի պատրաստման աշխատանքներն ավրատվեցին ու ցմահականներիս ամեն հինգշաբթի հենց այս սենյակում այցելող տեր Գրիգորը օրհնության արարողություն կատարեց: Դա նույն այն սենյակն է, որտեղ նաև աշխատող կամ ուսանող ցմահ դատապարտյալները համակարգչով աշխատում են ըստ սահմանված ժամանակացույցի՝ օրական մի քանի ժամ: Այդ սենյակում էր, որ մի քանի ամիս առաջ ծիծեռնակները բույն էին հյուսել ու ձագեր ունեցել: Բանտում փակ ռեժիմի պատճառով, թերևս, մինչ այս մատուռ չկար, գիտեմ, որ գաղութներում կան: 

Թե՛ մատուռի բացմանը, թե՛ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին ներկա էր մեկուսարանի պետ, արդարադատության գնդապետ Սամվել Մկրտչյանը: Անշուշտ, նաև նրա գործուն ջանքերով են հնարավոր դարձել այս աննախադեպ փոփոխությունները բանտային կյանքում: Շնորհակալություն գնդապետին, բանտի ողջ աշխատակազմին, ինչպես նաև Քրեկատարողական ծառայությանը՝ ի դեմս ծառայության պետի՝ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, քանի որ հեռուստատեսությամբ տեսնում եմ՝ նման ակտիվությամբ նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում են վերասոցիալականացման մշակութային ու մարզական միջոցառումներ կազմակերպվում: 

Առաջիկայում մեզ մոտ սպասվում է շախմատի նոր մրցաշար, ինչպես նաև մարզաձողից ձգման մրցույթ: Այսպես` արագ տեմպերով «Նուբարաշեն» բանտում ամրապնդվում է նոր ու թարմ մթնոլորտ:   

 

Լուսանկարները՝ ՔԿԾ պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։