HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հաշվեքննիչ պալատի պաշտոնյայի եղբայրն ու հայրը Երևանի այգիներից մեկում շինություն են կառուցում

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի անունը կրող զբոսայգում վեր է խոյացել երկհարկանի շինություն։ Կառույցը գտնվում է Տիգրան Մեծի արձանի ետնամասում։ Շինհրապարակում բացակայում է շինարարության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցանակը։ «Հետքը» պարզել է, որ այգու կենտրոնական հատվածում՝ նախկին բացօթյա սրճարանի տեղում, շինարարություն է իրականացնում Հաշվեքննիչ պալատի 1-ին վարչության պետ Արման Սարգսյանի եղբայրը՝ Ռոման Սարգսյանը, իսկ մինչ այդ նրանց հայրը՝ Սամվել Սարգսյանը։

Արման Սարգսյանն իր հարազատների հետ կապը հնարավորինս քողարկել է, սակայն պաշտոնական կենսագրության մեջ նշել է, որ աշխատել է «Զով» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն։ Իսկ այդ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը նրա հայրն է՝ Սամվել Սարգսյանը։

Դեռևս 2013 թ.-ին «Զով» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանից ստացել է 1 հարկանի շինություն կառուցելու շինթույլտվություն։ Այն պետք է կառուցվեր 2 տարում, սակայն շինարարությունն ավարտին չի հասցվել։ Այդ ընթացքում Արման Սարգսյանի եղբայրը՝ Ռոման Սարգսյանը, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ 396 քմ տարածքը գնել և սեփականաշնորհել է, իսկ հայրը 2016 թվականին կիսակառույց շինության հարակից տարածքի հողակտորի վարձակալության պայմանագիրը քաղաքապետարանի հետ երկարացրել է միչև 2021 թվականը։

2017 թվականին Ռոման Սարգսյանը կիսակառույց մեկ հարկանի շինության փոխարեն ստացել է  երկհարկանի շինություն կառուցելու թույլտվություն։ Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 20 ամսվա ընթացքում։ Բայց, ստացվում է՝ 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ շինությունն ավարտական տեսք չի ստացել։

2019 թվականին արդեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է շինթույլտվություն տրամադրել Ռոման Սարգսյանին 1 հարկանի շինությունը երկհարկանի հասարակական նշանակության շինության վերածելու համար։ Այս դեպքում շինաշխատանքները պետք է ավարտվեն 21 ամսվա ընթացքում։ Այսինքն 2021 թվականին։

Google earth ծրագրի միջով տեսնում ենք, որ կառուցվող շինության տարածքում 2011 թվականի դրությամբ փոքրիկ տաղավարներ կային, տարածքն ամբողջությամբ ծառապատ էր, իսկ 2015 և 2019 թվականների լուսանկարներում երևում է, թե ինչպես է շինությունը «խժռել» ծառերը։

Երևանի քաղաքապետարանից հարցրել էինք նաև՝ նախագծով շինարարության ժամանակ արդյո՞ք նախատեսված է եղել ծառերի հատում։ Քաղաքապետարանի տրամադրած նախագծերում ծառեր հատելու վերաբերյալ որևէ նշում չկա։ Իսկ շինհրապարակում տեղեկատվական ցուցանակի բացակայության փաստի վերաբերյալ քաղաքապետարանից հայտնել են հետևյալը․ «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը համաձայն ՀՀ կառավարության 28.10.1998թ. հ. 660 որոշման կատարվում է մինչ շինարարական աշխատանքները սկսելը` շինարարության իրականացման վայրում կառուցապատողի կողմից ցուցատախտակի վրա համապատասխան տեղեկատվության ցուցադրման միջոցով: Շինարարության ցուցանակի բացակայության մասին տեղեկությունն էլ փոխանցվել է ոլորտի պատասխանատու մարմնին՝ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար»:

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter