HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերքի տոն Այգեհատում

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Ալվարդ Դավոյանը ոչ ավանդական մշակաբույսեր է աճեցնում արդեն 5 տարի: Նա հիմնել է «Առողջ սնունդ» կոոպերատիվը և դրա տնօրենն է: Իր աճեցրած մշակաբույսերի՝ ֆիզալիս (հարսնախոտ), բրոկոլի, չրերի տեսակներ, «Կալե» (գանգրաթերթ) կաղամբ և այլ բանջարեղենային կուլտուրաները ներկայացվել էին հոկտեմբերի 6-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում կազմակերպված գյուղատնտեսական բերքի տոնին, որտեղ Ալվարդ Դավոյանը ճանաչվեց մարզի լավագույն գյուղատնտես:

Ալվարդն ասում է, որ բերքի տոնը հիմնականում խթանում է այլ արտադրողների հետ իր համագործակցությունը:

Այգեհատ գյուղում անցկացվող բերքի տոնը Օձունի համայնքապետարանի հետ կազմակերպել էր Լոռու մարզպետարանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնեց, որ բերքի տոն անցկացնելու նպատակը եղել է գյուղմթերքներ արտադրողների մոտ տոնական տրամադրություն ստեղծելը:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի խոսքով, բերքի տոնին ներկայացվել են այս տարվա Լոռու մարզում արտադրված գյուղատնտեսական մթերքների նմուշներ, նոր տեսականի:

Արսեն Տիտանյանը կարևորեց բերքի տոնը փոքր Այգեհատ գյուղում կազմակերպելու անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, նման միջոցառումները փոքր գյուղերում աշխուժացնում են մշակութային կյանքը և առավել ճանաչելի դարձնում համայնքը:

Այգեհատի բերքի տոնին մասնակցեցին 50-ից ավելի գյուղական բնակավայրեր և գյուղմթերքներ արտադրող կազմակերպություններ: Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի  տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի ասելով՝ բերքի տոնին իր ղեկավարած մասնաճյուղը ներկայացել է գյուղատնտեսական նշանակության հողերի, ջրերի հետազոտությունների և անասնաբուժասանիտարական փորձաքննության լաբորատոր սարքավորումներով:

Ալեքսանդր Հակոբյանի խոսքով՝ գյուղացիները հետաքրքրվել են հատկապես մասնաճյուղի լաբորատոր սարքավորումներով: Իսկ տաղավարում ներկա մասնագետները պատասխանել են գյուղացիներին հետաքրքրող հարցերին:

Շիրակամուտ գյուղի գյուղացիները բերքի տոնին ներկայացրել են իրենց արտադրած մեղրը:

Վանաձորցի Վահե Քառյանն իր տաղավարում ներկայացրել է Լոռու մարզի անտառային բուսական թեյատեսակներ:

«Տուրիզմի ուրույն կենտրոն» կազմակերպությունը գործում է Դսեղ գյուղում: Կազմակերպությունը բազմաբնույթ տուրիստական ծառայություններ է մատուցում: Կենտրոնն իր տաղավարում ներկայացրել էր Դսեղի անտառային խոտաբույսեր, բնական եթերային յուղերից պատրաստված օրգանական օճառների տեսակներ:

«Աստղիկ» բարեգործական  հիմնադրամն իր տաղավարում ներկայացրել էր Հարթագյուղի 30 տարի չմշակված հողերի բերքը: Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը պատմեց, որ Հարթագյուղում այդ հողերի վրա զբաղվել են ավանդական և ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ:

«Մենք մոտ 10 տեսակ կաղամբ ենք մշակում: Դրանք ավելի թանկարժեք և եկամտաբեր են գյուղացիների համար»,- ասաց Աստղիկը: Բերքի տոնին «Աստղիկ» հիմնադրամն իր արտադրանքը նվիրում էր այցելուներին:

Գյուղացիներին հետաքրքրել են հատկապես «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի արտադրած դդումները և կաղամբի տեսակները:

Տոնին ներկա ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր, Արևածագ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Նեյթն Ջուլիան իր հիացմունքը հայտնեց լոռեցի գյուղացիների հյուրասիրությունից:

«Շատ լավ է, շատ սիրուն է ու շատ համով հոտեր են տարածված»,- ասաց Նեյթնը:

Բերքի տոնին իրենց տաղավարներում գյուղմթերքների հարուստ տեսականի էին ներկայացրել  Սպիտակի, Օձունի, Շնողի, Արջուտի, Մարգահովիտի, Մեծավանի, Ձորագյուղի, Դեբեդի, Լոռի բերդի, Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի արտադրողները:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի պատվոգրերով պարգևատրվեցին մարզի գյուղատնտեսության լավագույն մասնագետներն ու արտադրողները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter