HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՄԻՊ. «Ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ»

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։

Այս թեմայով խորհրդարանական լսումների առաջարկի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն են։ Լսումներին ներկա են պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ տարածքում բնակարանների սեփականության իրավունքից զրկված անձինք։

Հիշեցնենք, որ 2001 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող 72000 քառ. մետր տարածքով անշարժ գույքը (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարվել է պետության կարիքների համար, սակայն բնակիչների մեծ մասն այդպես էլ համարժեք փոխհատուցում չի ստացել և դարձել է անօթևան։

Նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այդ որոշման հետևանքով ունեզրկված անձինք մեկ տասնյամակից ավելի տարբեր գործընթացներ են իրականացրել՝ դատական, բողոքի ակցիաներ, սակայն վերջնական լուծում նրանց հարցին այդպես էլ չի տրվել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ասաց, որ շատերին անձամբ է ճանաչում, խնդիրներից տեղյակ է, մասնակցել է այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների պատրաստմանը։

«Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունք, սեփականության իրավունքը կարող է սահմանակվել միայն օրենքով, հանրության շահերի պաշտպանության նպատակով ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով օրենքով սահմանված դեպքերի»,- իր ելույթում ասաց Թաթոյանը։

Վերջինս հիշեցրեց, որ Սահմանադրությունը՝ որպես սեփականության օտարման կանխապայման, նախատեսել է բացառիկ հանրային շահի առկայությունը և յուրաքանչյուր դեպքով հիմնավորումը, որում առկա է հետապնդվող հանրային շահի բացառիկությունը։

«ՍԴ՝ դեռևս 1998 թվականի որոշմամբ ամրագրվել է, որ սեփականատիրոջը սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը օրենքով նախատեսված դեպքերով, իսկ պետության կարիքների համար օտարումը կարող է կատարվել միայն նախնական համարժեք փոխհատուցմամբ, այլ ոչ թե, ինչպես նախկինում է արվել, Կառավարության որոշմամբ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ այդպես էլ չի եղել առանձին օրենք, որը պետք է վերաբերեր այդ գործընթացին, Կառավարության որոշման մեջ հղում էր արվել Քաղաքացիական ու Հողային օրենսգրքերի դրույթներին, «ինչն անթույլատելի էր»։

«Այդպիսի օրենքի բացակայության հետևանքով այդ գործընթացում զանգվածաբար խախտվել են սեփականատերերի իրավունքները, իսկ գործընթացի տնտեսական արդյունքը, ՄԻՊ-ի գնահատմամբ, եղել է բացասական։ «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերն իրականացնելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում, անարդար վերաբաշխում, որի ընթացքում, ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ։ Երևանի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում, իսկ հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Կառավարության այդ որոշմամբ այդպես էլ չբացահայտվեց պետական կարիք հասկացության բովանդակությունը։

ՄԻՊ-ի խոսքով՝ իրացնողն ինքն է իր ընտրած գնահատողի կողմից միակողմանի գնահատել սեփականատիրոջ գույքը, իսկ սեփականության դիմաց տրամադրած գումարները համարժեք չեն եղել և բավարար չեն եղել մեկ այլ բնակարան ձեռք բերելու համար։

Թաթոյանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թվականին «Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով գտել է, որ խախտվել է սեփականատիրոջ իրավունքը։

Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը, ուսումնասիրելով Երևանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան որոշումներով ունեզրկված քաղաքացիների դիմում-բողոքները, հանգել է այն եզրակացության, որ «օտարված տարածքների նախկին բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի Արամի, Ֆիրդուսի, Բուզանդի, Հանրապետության, Խանջյան փողոցներում և Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տարածքները, նախնական համարժեք փոխհատուցման պայմանի կոպիտ խախտմամբ, օտարվել են նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարան ձեռք բերելու օրինական ակնկալիքով, սակայն մինչ օրս հաշվի չի առնվել այն, որ քաղաքաշինական նպատակներով նշված տարածքների օտարումը չի բխում հանրության շահերից»: 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter