HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բարեգործական ծրագրով կառուցված տները փորձում են վաճառել բնակիչներին

«Հույսի Ավան» բնակելի թաղամասի տասնյակ բնակիչներ մտահոգություն ունեն, որ կկորցնեն իրենց առանձնատները «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի առաջարկած վերջին փոփոխությունների պատճառով։

Բնակիչները «Հետքի» հետ զրույցում հայտնեցին, որ հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանն ու իրավաբան Արարատ Գրիգորյանը բնակիչներին խումբ-խումբ կանչել են հանդիպումների՝ առաջարկելով «սիմվոլիկ գումարի» դիմաց գնել նրանց առանձնատները, կամ հիմնադրամի հետ նոր պայմաններով պայմանագիր կնքել։ Բնակիչներն ասում են, որ իրենց առաջարկվող նոր պայմանագրով պարտավորվելու են վճարել հողի հարկ և գույքահարկ, աղբի և ոռոգման ջրի վճարներ։

Բնակիչների բողոքների արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։

Կառավարությունը «Հույսի ավանը» սահմանել է որպես բարեգործական ծրագիր

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին։ Նույն տարում Կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը  հիմնադրամին Աշտարակի խճուղու հարևանությամբ 16 հեկտար հողատարածք հատկացրեց՝ բնակելի ավան ստեղծելու նպատակով։ Այն նախատեսված էր լինելու 200 անապահով ընտանիքների համար, ավանում այժմ բնակվում է 79 ընտանիք։

Ըստ Կառավարության հաստատած ծրագրի՝ առանձնատները ընտանիքներին հատկացվել են անհատույց, անժամկետ կարգով, իսկ դրանց սեփականատերը հիմնադրամն է։ Սակայն թաղամասի կառույցները, ըստ Կառավարության հանձնաժողովի որոշման, ենթակա չեն օտարման կամ գրավադրման։ 

Ինչպես են բնակիչներին առաջարկել գնել իրենց տները

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը «Հույսի ավան»-ի բնակիչների հետ ամեն հինգ տարին մեկ պայմանագիր է կնքել։ Դրանով կարգավորվել են բնակիչների և հիմնադրամի միջև հարաբերությունները, սահմանվել՝ բնակիչների իրավունքներն ու պարտավորությունները։

«Հույսի ավան»-ի բնակիչ Արտակ Սրապիոնյանը ևս իր առանձնատունը գնելու առաջարկ է ստացել։ Նա ավանում է բնակվում արդեն 13 տարի։ Տունը նրա ընտանիքին տրամադրվել է անհատույց, անժամկետ կարգով։ 2019թ.-ի հուլիսին Արտակ Սրապիոնյանին հիմնադրամի տնօրենն ու իրավաբանն անակնկալ հայտնել են, որ նա պետք է կամ հիմնադրամի հետ նոր պայմաններով պայմանագիր կնքի, կամ գնի իր զբաղեցրած տունը։

Սրապիոնյանը պատմեց, որ հանդիպմանը իրեն նաև առաջարկել են իր կարգավիճակի մասին դիմում-նամակ գրել, որն այլ բնակիչների դիմումների հետ հիմնադրամը կներկայացնի Կառավարություն և կկարողանա «Հույսի ավան» թաղամասին հատկացված հողը սեփականաշնորհել։ Այնինչ հետագայում մեզ հետ զրույցում հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանը պարզաբանեց, որ Կառավարություն այլ նպատակով էին դիմելու։

«Իրավաբանն ասաց՝ մենք այլևս ի վիճակի չենք գումարներ վճարելու՝ հողի հարկը, գույքահարկը, աղբի վճարը, ոռոգման ջրի վճարը։ Ասացին՝ նոր պայմանագրի կնքման ժամանակ թարմացվելու են պայմանագրի կետերը, և այդ բոլոր կետերի մեջ մտնելու է աղբի, ոռոգման ջրի գումարը, հողի և գույքի հարկը: Ասել է, որ էդ հարցը լուծվավ (նկատի ունի հողերի սեփականաշնորհումը- հեղ․), արդեն տների գները կորոշենք։ Ու էնպես է, որ ձեզ զեղչով, սիմվոլիկ գումարով կտանք։ Մարդը կոնկրետ առաջարկում էր, եթե մենք դա անում էինք, ինքը սկսում է այդ տները վաճառել»,- ասաց Արտակ Սրապիոնյանը։

Սրապիոնյանը նոր պայմանագիրն ուսումնասիրելու համար մի քանի օր է խնդրել, ըստ նրա, իրավաբանը դրան ի պատասխան հայտնել է. «Այդ դեպքում, մենք քո հետ խոսալու բան չունենք, մենք ոնց պետք է օրենքով կանենք»։

«Մարդը շեղվել է իր բարեգործությունից և զբաղվում է առևտրային գործունեությամբ։ Այսինքն՝ հիմնադրամի գույքը ցանկանում է վաճառի, իսկ հիմնադրամի գույքը իր սեփականությունը չի, դա փոխանցել են Եվրոպայից բարեգործ մարդիկ»,- նշեց «Հույսի ավանի» մեկ այլ բնակիչ՝ Ռոման Չիլինգարյանը։

Նրա ընտանիքին ևս առաջարկել են գնել զբաղեցրած տունը։ Ռոմանը պատմեց, որ հանդիպմանը, որին ներկա է գտնվել մայրը, երկու առաջարկ է հնչել՝ կամ նոր պայմաններով պայմանագիր կնքել, կամ սեփականաշնորհել առանձնատունը։ Ասել են նաեւ, որ տունը գնելու համար իրենք կարող են օգնել վարկ վերցնել, այդ գումարով գնել տունը:

«Մարդը մեզ վաճառում էր այդ բնակարանը, բայց չէր կարող վաճառել, քանի որ գոյություն ունի հիմնադրամի կանոնադրությունը, որում գրված է ոչ առևտրային կազմակերպությունը, ոչ հիմնադրամի նախագահը իրավունք չունեն հիմնադրամի միջոցները ի օգուտ իրեն օգտագործել։ Այս ծրագիրը, որ իրականացրել է,  Կառավարությունը, ցեմենտը, թեկուզ շինարարության համար ամեն ինչ ԱԱՀ-ից ազատել է»,- ասաց Ռոման Չիլինգարյանը։

Ինչու «Դիակոնիա» հիմնադրամը որոշեց վաճառել առանձնատները 

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանը «Հետքի» հետ զրույցում չհերքեց, որ բնակիչներին՝ իրենց զբաղեցրած առանձնատները գնելու առաջարկ արել են։ Սակայն ընդգծեց, որ դա քննարկում էր, և ցանկանում էին ծանոթանալ բնակիչների կարծիքներին։

«Մենք մեր բնակիչներին այնքան կհարգենք, որ առանց իրենց կարծիքը չիմանալու, ոչ մի որոշում չենք անի։ Առաջարկը կոնկրետ հետևյալն էր, որ մենք կասեինք՝ քննարկում ենք ու Կառավարությանը պետք է դիմենք, եթե մեր բնակիչների մեծամասնությունը համաձայն է, դուք կարող եք այս բնակարանները գնել։ Գնել նշանակում է, որ ոչ թե շուկայական գնով, այլ մենք կֆիքսենք մի թիվ մի քառակուսի մետրի համար։ Բայց մի երկու սենյականոց առանձնատունը կարող էր 7-8 հազար դոլար լիներ»,- ասաց հիմնադրամի նախագահը։

Տները գնելու առաջարկը միանշանակ չի ընդունվել բնակիչների կողմից։ Այս պատճառով հիմնադրամն այդ նախաձեռնությունը անժամկետ դադարեցրել է։

«Բարեգործությունը մի քիչ ծուլացրեց մարդկանց»,-ընդգծեց Ջամբազյանը։

Բարույր Ջամբազյանի հավաստմամբ՝ տները վաճառելով՝ նպատակ չունեին հիմնադրամը հարստացնել, իսկ դրանց վաճառքից գոյացած գումարները օգտագործվելու էին այլ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ջամբազյանը, անդրադառնալով 2001 թվականին սկսած այս նախաձեռնությանը, նշեց՝ բնակիչներին առանձնատուն հատկացնելով՝ նրանց հնարավորություն են տվել իրենց կյանքը դասավորել, սակայն այդ տները նրանց չեն նվիրել։

Հիմնադրամի նախագահը ընդգծեց՝ եթե բնակիչները որոշեին տները գնել, այդ նախաձեռնությանը գուցե ընդառաջեր Կառավարությունը, քանի որ 2001 թվականին գործադիրն այս ծրագիրը հաստատել է որպես բարեգործական։

Բնակիչների այն տեղեկությունները, որ հիմնադրամը Կառավարությանը դիմելու էր 2001 թվականին «Հույսի ավանի» կառուցման համար հատկացված հողը սեփականաշնորհելու խնդրանքով, Ջամբազյանը հերքեց։ Ասաց՝ 2008 թվականից այդ հողը հանդիսանում է հիմնադրամի սեփականությունը։ Իսկ Կառավարություն դիմելու էին այլ նպատակով․ «Արժի Կառավարության հետ խոսել, քննարկել, իրենց կարծիքն էլ իմանալ։ Հետո տեսնել այստեղ ի՞նչ հնարավորություններ կան, որ Կառավարությունը կօգնի այս հարցին։ Լիքը հարցեր կային, որ կարող էինք Կառավարության խնդրել, որ իրենք միջնորդեն։ Մի նպատակը նա էր, որ կարո՞ղ է Կառավարությունը միջնորդի բանկին, բանկը բնակիչներին, ովքեր այդ գումարը չունեն, վարկ տա, որ այդ մարդիկ կարողանան գնեն այդ բնակարանները»,- նշեց Ջամբազյանը։

«Հույսի ավան» թաղամասը կառուցվել է նվիրատվությունների միջոցով։ Ջամբազյանն ասում է՝ նվիրատու կազմակերպությունները դեմ չեն, որ իրենց նվիրատվություններով կառուցված առանձնատները վաճառվեն։

Անդրադառնալով աղբի և ոռոգման ջրի վճարները, հողի հարկը և գույքահարկը վճարելու պարտավորություններին՝ Բարույր Ջամբազյանն ընդգծեց, որ դրանք նոր չեն, նախորդ պայմանագրով ևս սահմանված էին։ Սակայն հիմնադրամն այս անգամ հաստատակամ որոշել է, որ այդ վճարները կատարելու է բնակիչը, ոչ թե իրենք։ «Փոփոխությունն այն է, որ մենք ասել ենք նրանց՝ այսօրվանից դա գործելու է։ Մենք չենք կարող իրենց բոլոր հարցերը լուծել։ Դա մեր կողմից էլ սխալ կլինի, որովհետև իրենց վատ սովորեցրինք արդեն»,- նշեց նա։

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանը հավաստիացրեց, որ եթե որևէ բնակիչ չկարողանա գնել իր տունը, կշարունակի մնալ ավանում, բայց կկատարի պայմանագրի բոլոր դրույթները՝ վճարելով կոմունալ վճարները։

Բնակիչները դիմել են պատկան մարմիններին, բայց՝ անարդյունք

Ներկայացված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու և դրանք լուծելու խնդրանքով բնակիչները դիմել են պետական մի շարք մարմինների։

Նրանք գրավոր նամակներ են ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կառավարություն, որը նամակը հասցեագրել է Արդարադատության նախարարությանը։ Բնակիչները առձեռն նամակ են հանձնել նաև վարչապետի նախկին օգնական Մհեր Սահակյանին, սակայն նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո բնակիչները որևէ պատասխան նրանից չեն ստացել։

Բնակիչների հարցերին լուծումներ առաջարկող արձագանքներ չեն եղել։

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ վեճը քաղաքացիական բնույթ է կրում, այն քննելու իրավասությամբ իրենք օժտված չեն։

Օրեր առաջ Ռոման Չիլինգարյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է պատասխան, որով նախարարությունը հայտնել է, որ Կառավարության 2001 թվականի որոշմամբ՝ բնակիչերի և հիմնադրամի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայության չգալու դեպքում վեճերը հանձվում են դատարանի քննությանը։ Այս հանգամանքը ընդգծելով՝ նախարարությունը տեղեկացրել է, որ առկա վեճերի օրինականությունն ու լուծումը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Բարև ձեզ շնորհակալություն ձեզ որ կրկին անգամ կարողանում եմ կապ հաստատել ձեզ հետ, ես եղել եմ ձեր շահառուներից, իսկ ինչպես կարող ենք օգնել ձեզ որպեսզի բարգավաճի այս կազմակերպությանը. սիրում կսպասեմ ձեր նամակին։
Հովակիմ
Բարև ձեզ,խնդրում եմ պատասխանեք ինչպես կաիելի է օգտվել ձեր ծրագրից և կա արդյոք հատուկ խումբ ում նախապատվություն եք տալիս` շնորհակալություն
Աշխեն
Ինչպե՞ս կարող ենք օգտվել այս ծրագրից։
Դավիթ
Բարև Ձեզ,որ խնդրեմ կգրեք իմ էլ.հասցեին կամ Ձեր գրասենյակի հասցեն գրել ինձ,նախապես շնորհակալություն։
Varouj Mavlian
Are these houses open for people of diaspora? Thank you.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter