
Հայկական ընթրիք` վաշինգտոնյան եկեղեցու ներքնահարկում
Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում ամեն չորեքշաբթի երեկոյան ընթրիք է մատուցվում տեղի հայերի և եկեղեցի այցելած հյուրերի համար: Եկեղեցուն ավելի մոտ կանգնած հայերը հավաքվում և որոշում են, թե իրենք երբ և ինչ հերթականությամբ են պատրաստելու ուտելիքները: Հենց ընտրվածն էլ շաբաթվա այդ կարևոր օրն իր վրա է վերցնում հյուրերին հյուրասիրելու և կերակրելու պարտականությունը: Ճաշի և հյուրասիրության համար հյուրերը վճարում են խորհրդանշական գումար' 5 դոլար, որն ամբողջությամբ փոխանցվում է եկեղեցուն:
ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնում էի և ինքս էլ մասնակցեցի խորհրդավոր ընթրիքին: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին ունի նկուղային հարկ: Այնտեղ կան խոհանոց, սառնարանային սենյակ, հսկայական պահեստ, ինչպես նաև հանդիսությունների մեծ սենյակ, որտեղ էլ հայերը հավաքվում են, ընթրում և քննարկում համայնքին հուզող թեմաները:
Հայաստանցիներս սովոր ենք, որ հյուրերին պետք է հյուրասիրեն, առաջնահերթ տեղ տան և ուշադրության կենտրոնում պահեն: Եկեղեցի գնացել էինք 3 հայաստանցիներով: Այնտեղ մեզ նույնիսկ չնկատեցին, ոմանք չբարևեցին էլ: Եկան ընթրեցին ու գնացին: Ապրում էին իրենց կյանքով, իսկ կենցաղում գերիշխողն արդեն հայկականը չէր. պարզապես մարդիկ էին, ովքեր խոսում էին հայերեն և պնդում, որ իրենք եկեղեցի են գալիս հայ մնալու համար:
Դորիս Հակոբյանին հանդիպեցի ընթրիքի ժամանակ: Նա գրեթե ամեն չորեքշաբթի գալիս է եկեղեցի, իսկ ամեն կիրակի մասնակցում է պատարագներին: Դորիս Հակոբյանը 74 տարեկան է: Այդ տարիքի կանանց սովորաբար տատիկ եմ ասում, սակայն նրան դժվար էր տատիկ ասելը մի քանի պատճառով: Նախ' տիկին Դորիսը փորձում էր ամեն ինչ անել, որ չզգացվի իր տարիքը. սեղան էր դնում, երեխաների հետ էր խաղում: Բացի դրանից' տիկնոջ խնամված արտաքինը ներքուստ չէր տրամադրում, որ նրան տատիկ բառով դիմեի:
Արդեն չորս տասնամյակ է, Դորիս Հակոբյանը ապրում է ԱՄՆ-ում: Նա ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայաստանում առաջին անգամ եղել է 2004 թ.: Եկել են 5 հոգանոց խմբով: 14 օր են կարողացել մնալ Հայաստանում, որից 3 օրը Արցախում են եղել:
«Զարմացած էի Երևանով: Առաջին պտույտս ըլլալով' չէի սպասեր նման բան, որովհետև կմտածեի, որ սովետական ըլլալու պատճառով երկիրը հետ մնացած է, բայց զարմացա Երևանով: Առաջադիմություն կար երկրում: Քիչ մը հուսախաբ եղանք, երբ գյուղերու աղքատությունը տեսանք: Ադիկա ինձ վրա շատ ազդեց, բայց ամեն երկրու մեջ ադիկա կա, և Ամերիկայի պես հարուստ երկրին մեջ աղքատություն կա: Բայց ամենեն շատ տպավորվեցա Ղարաբաղով»,- ասում է Դորիս Հակոբյանը:
Այդ ժամանակ նրա ամուսինը նույնպես ցանկացել է Հայաստան գալ, սակայն վատառողջ լինելու պատճառով չի կարողացել: Դորիս Հակոբյանը 2 տարի անց' 2006թ., կրկին է եկել Հայաստան, սակայն բոլորովին այլ առաքելությամբ: «Ամուսինս փափագած էր, որ ինքը հոն երթա: Երբ 2006 թ. մահացավ, իր գերեզմանի հողը բերեցի լեցուցի Սևանա լիճի ջրերու մեջ»,- պատմում է տիկին Դորիսը:
Թեև նա կարճ ժամանակում սիրել է Հայաստանը, սակայն իր ասելով' հայրենիքում չի կարողանա ապրել: Պատճառաբանեց, թե արդեն տարիքը մեծ է, առողջական խնդիրներ ունի, բայց զրույցի ընթացքում ասաց այն հիմնական պատճառը, որն իրեն հետ է պահում հայրենիքում ապրելու որոշում կայացնելուց:
«Հոս այլ պայմաններով կապրինք. ապահավագրություն կա, երբ ցավալի բան մը ըլլա, իրենք կհոգան: Հայաստանում վար ինկա, բթամատս վնասվեց, շտապօգնություն կանչեցին, քույրը ասեղով մը սրսկեց, որ ցավերս հանդարտվին: Բայց շատերն ըսին, թե ինչու նման բան ըրիր, կրնա վտանգավոր բան մը ըլլալ: Ուրիշ բժիշկ կար մեզի հետ, ըսավ, որ հնարավոր է' մի քանի անգամ ուրիշին սրսկած ըլլան նույն ասեղով: Ճիշտ է, անվստահություն մը կա: Ինձ մոտ անվստահություն չկար, բժիշկն էր, որ ըսավ, ու ես վախցա, որ վարակ մը հնարավոր էր անցներ մարմնուս մեջ»,- ասում է տիկին Դորիսը:
Հետո նա ուրախացել է, որ ոչ մի վատ բան չի եղել, պարզապես հայաստանցի բժիշկն, իրեն ցավազրկող ներարկելով, օգնել է: Տիկին Դորիսն ասում է, որ Հայաստանում եղած ժամանակ շատ դրական բաներ է տեսել և համամիտ չէ Հայաստանից դուրս ապրողների այն կարծիքին, թե հայրենիքում ամեն ինչ վատ է:
«Սովետական ռեժիմի տակ ըլլալով' ադիկա ձեզի հետ ձգած է, և առաջադիմությունը պետք եղածի չափ չէ: Բայց այս քիչ 20 տարվա մեջ առաջադիմություն կա: Երբ 2006 թ. գացինք Երևան, շուրջբոլորը մեծ շենքեր կպատեին, զարմացանք, որ եվրոպական սիստեմը կար: Ադիկա շատ լավ բան է»,- «Հետքին» իր տպավորություներն է պատմում Դորիս Հակոբյանը:
Ինքն էլ խոստովանում է, որ Հայաստանի մասին քիչ բան գիտի: Պատճառներից մեկն էլ այն է, որ իր տանը արբանյակային հեռարձակմամբ հայկական հեռուստաալիքներ չունի, քանի որ պետք է հավելյալ գումար վճարի դրանց համար: Իսկ երբ միջազգային լրահոսով հայերի կամ Հայաստանի մասին բացասական որևէ բան է լսում, իր ասելով' ցավ է ապրում: Դորիս Հակոբյանը նման ցավ է ապրում նաև, երբ խոսք է լինում հայ-թուրքական սահմանը բացելու մասին. «Հարստանալու համար պիտի մոռնա՞նք թուրքերու վատ բաները: Խելքս բան չի կտրեր»:
2006 թ. Դորիս Հակոբյանի հետ առաջին անգամ Հայաստան է եկել 73-ամյա Նորա Մեհրաբյանը: «Երևանը քիչ մը Աթենքին նմանեցուցի, և շատ հավնեցա Հայաստանը: Երևանը շատ աղվոր է, բայց արվարձանները շատ աղքատ են: Անոր համար մի քանի հատ պզդիկներ ունիմ, որ իրենց սպոնսոր եղած եմ: Շատ ուրախ եմ պզդիկներու համար»,- ասում է Նորա Մեհրաբյանը: Գյուղերում նա հանդիպել է սոցիալապես անապահով ընտանիքների և որոշել այդ ընտանիքներից մեկի 2 երեխային հովանավորել: Նա տարին մի քանի անգամ գումար է ուղարկում նրանց համար:
Նորա Մեհրաբյանը ծնվել է Հունաստանում և արդեն 46 տարի է, ապրում է ԱՄՆ-ում: «Երբ պզդիկ էի, ուզեցանք Հունաստանից ներգաղթենք Հայաստան, բայց չկրցանք: Միշտ միտքներուս մեջ էր Հայաստանը, և հայկական ոգի ունինք մեջներս: Չմոռնանք' այս եկեղեցին պահելու համար պիտի հայ ըլլաս»,- ասում է տիկին Նորան:
Նա էլ ավյունով լեցուն է: Տիկին Նորան պատմեց, որ միշտ ակտիվ է հայերին ու Հայաստանին վերաբերող հարցերում: «Ապրիլի 24-ին թուրքական դեսպանատուն կերթամ, բաներ կբռնեմ ձեռքներուս մեջ, այս տարիքիս ադիկա կընեմ և ամբողջ սրտովս կընեմ»,- ավելացնում է Ն.Մեհրաբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել