HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամի փողոցի նախկին բնակիչ. «Երվանդ Զախարյանը մեր սեփական տարածքից 300 քառակուսի մետր հատկացրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը»

«Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին Երևանի Արամի փողոցի նախկին բնակիչ Իրինա Փիլոյանն ասաց, որ այդպես էլ իրենց ընտանիքի օտարված գույքի համար համարժեք փոխհատուցում չեն ստացել։

«Մենք արդարացի փոխհատուցում չենք ստացել, ընտանիքի սեփականատիրոջից բացի՝ եղել են նաև օգտագործման իրավունք ունեցող անձինք, որոնք չեն փոխհատուցվել, եղել է ընդամենը ներողություն խնդրելը, որ ձեր ընտանիքի սեփականատերը փոխհատուցվել է, հետևաբար դուք չպետք է փոխհատուցվեք»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ իրենց պատկանել է 1100 քառակուսի մետր հողատարածք և 315 քառակուսի մետր շինություն։

«Երևանի սրտում՝ Արամի փողոցում մեկ քառակուսի մետրը գնահատվել է 250 դոլար 2006 թվականին, երբ մեկ քառակուսի մետր հողի արժեքի նվազագույն չափը 1500 դոլար էր։ Մեզ փոխհատուցել են 250 դոլար քառակուսու համար։ Մենք դիմել ենք ՄԻԵԴ, արդեն անցել է  տաս տարի, լիահույս ենք, որ մոտ ապագայում այդ հարցը կքննարկվի»,- ասաց Փիլոյանը։

Օտարված գույքի նախկին բնակիչը պնդեց՝ առանց իրենց իմացության իրենց սեփականության մի մասն օտարվել է մասնավոր անձի։

«Մեր հողատարածքի հետ կապված պատահական բացահայտեցինք, որ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ընդամենը մեկ որոշմամբ մեր սեփական տարածքից 300 քառակուսի մետր հատկացրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը։ Մենք, սեփականատեր լինելով, պատահական ենք իմացել, պարզապես նոր սեփականության վկայական ստանալու գործընթացում տեսել ենք, որ մեր սեփական գույքի մի մասը գրանցված է «СОГЛАСИЕ-АРМЕНИЯ» ընկերության անունով»,- ասաց բանախոսը։

Վերջինս պնդեց՝ դատավորներից շատերը մասնավոր զրույցներում տուժող ընտանիքներին ասել են՝ ձեր պայքարում ճիշտ եք, բայց չենք կարող ոչինչ անել, որովհետև «յուրաքանչյուրի համար պաշտոնը թանկ է»։

«Ես 29 տարեկան եմ, կյանքիս կեսն ընտանիքիս հետ այս պայքարում է անցել, չեմ ցանկանա, որ որևէ ընտանիք այս ճանապարհով անցնի։ Շատ ծանր է կորցնել ունեցվածքը, երբ քո պապերն են այն կառուցել, և ավելի ծանր է, երբ մասնավոր շահերից ելնելով՝ քո ունեցվածքը վերցնում են, շուկայական գնի կեսից էլ քիչ գումար են տալիս, չեմ կարծում, որ դա արդարացի է»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter