
Վերաբնակեցում առանց քաղաքականության
Պատրանքներ եւ իրականություն
2004թ. նոյեմբերին ԼՂՀ կառավարության որոշմամբ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակվեց Համլետ Խաչատրյանը: Մինչ այդ նա շրջանի դատախազն էր յոթ տարի: Վարչակազմի այսօրվա ղեկավարը նաեւ արդարադատության գեներալ է: Նա երկու կուսակցությունների անդամ է. Ղարաբաղում ' ԱԺԿ-ի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն), Հայաստանում' Հանրապետական կուսակցության:
Ինչու՞ են կարեւոր վարչակազմի ղեկավարի մասին այս մանրամասները: Վերջին երեք տարիների ընթացքում Քաշաթաղի բնակչության թիվը կրճատվել է մի քանի հազարով: Քաշաթաղի շրջանի մի քանի տասնյակ գյուղեր մեր այցելությունները, զրույցները վերաբնակների հետ հիմք են տալիս ասելու, որ արտագաղթի պատճառներից մեկը հենց վարչակազմի ղեկավարի գործողություններն են, նաեւ' անգործությունը:
«Նրա նշանակումով նոր պատմություն սկսվեց շրջանում, փոխվեց քաղաքականությունը, եւ սկսվեց շրջանը դատարկելու քաղաքականություն»,-ասում քաշաթաղցի մի ուսուցիչ, որի անունը չենք կարող նշել, որովհետեւ հաշվեհարդար տեսնելու վտանգ կա:
Վարչակազմի ղեկավարն ապրում եւ աշխատում է Քաշաթաղի հյուրատանը, քանի որ վարչակազմի շենքը վերանորոգվում է: Երկհարկանի այդ շենքը որոշվել է երկու մետր լայնացնել, եւ դրա համար նախատեսված է ծախսել 18 մլն դրամ: Այդ փողով հնարավոր կլիներ վերաբնակների մի քանի տներ վերանորոգել: Սակայն պետությունը եւ վարչակազմի ղեկավարրը չեն ուզում նման ծախսեր կատարել:
Գյուղերում մենք լսում էինք տարբեր պատմություններ գեներալ գուբերնատորի անվան հետ կապված:
Ծաղկաբերդում մի վերաբնակչի տուն լրիվ վառվել էր: Նա գնացել էր վարչակազմի ղեկավարից օգնություն խնդրելու: Սկսել է թվարկելով ասել, թե ինչ է վառվել եւ որքան է կազմում վնասը. մոտ 1 մլն 200 հազար դրամ: Համլետ Խաչատրյանն ասում է, որ չի կարող օգնել: Գյուղացին տարակուսում է.«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ, այսպես չեմ կարող ապրել, պիտի գնամ այստեղից»: Խաչատրյանն առանց հապաղելու պատասխանում է. «Հա, ուրիշներն էլ են գնում»:
Քաշաթաղից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարեգահ գյուղում ապրող 7 անչափահաս երեխաների մայրը' Կարինե Մանուկյանը, տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ դիմել է վարչակազմի ղեկավարին: «Խոհանոցի պատը քանդվել էր, գնացի ասացի' տուն չեք տալիս, գոնե այդ պատը վերանորոգեք: Ասաց' գնացեք ձեր ուժերով մի բան արեք, մենք ի վիճակի չենք անելու, քանի որ արդեն Ղարաբաղն է այդ հարցերով զբաղվում»,-պատմեց Կարինեն:
![]() |
![]() |
Կարինեի ամուսինը' Արա Նազարյանը, աշխատում է Բերձորի կոմունալ ծառայությունում եւ ստանում է քսանյոթ հազար դրամ: Երեխաներից մեծը' Լեւոնը, 14 տարեկան է, փոքրը' Լիլիթը, 8 ամսական: Երեխաներից յուրաքանչյուրը ստանում է 4 հազար դրամ: Կարինեն փոքր երեխայի համար ստանում է մայրության թոշակ' 4 հազար դրամ: Պետությունը նաեւ յուրաքանչյուր երեխայի համար վճարում է 60 կվտ/ժ էներգիայի փող:
Ինը հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 59 հազար դրամ:
Ձմռանն այս ընտանիքը երեք ամիս հոսանք չի ունեցել. պարտք էր, անջատել էին, եւ միայն գյուղապետի օժանդակությամբ այդ պարտքը մարվեց:
Արա Նազարյանը եւ Կարինե Մանուկյանը չորս երեխաների հետ ապրում էին Երեւանի մերձակայքում գտնվող Այինթափ գյուղում: Տուն չունեին: Արան տան ավագն էր եւ ստիպված էր ընտանիքով գնալ ծանոթներից մեկի տանը ժամանակավոր հանգրվանել: Պոլիտեխնիկի ուսանող էր, սակայն ուսումը 90-ականների սկզբին կիսատ էր թողել:
«Իմացանք, որ այստեղ տուն են տալիս, օգնում են ոտքի կանգնել: Մենք էլ երազում էինք սեփական տուն ունենալ: 1999-ին տեղափոխվել ենք Քաշաթաղ եւ բնակություն հաստատել Քարեգահ գյուղում: Մեծ տղաս այստեղ գնաց դպրոց: Էս տարի դպրոցական չորս երեխա կունենամ: Դժվար է լինելու, չգիտեմ' ոնց ենք անելու»,- շարունակում է Կարինեն:
Հայկին, որը մանկության 6 տարիները Երեւանում է անցկացրել, հարցնում եմ' չի՞ ձանձրանում գյուղում: «Չէ, ես երկու անգամ գնացի Երեւան, ինձ այնտեղ խորթ է: Գյուղին արդեն սովորել եմ: Էստեղ անտառ կա, երեխեքով խաղում ենք, միշտ դաշտերում ենք: Որոշել եմ բժիշկ դառնալ: Առաջ ուզում էի զինվորական դառնալ, բայց աչքերի պրոբլեմ ունեմ, չեմ կարող: Դրա համար որոշեցի վիրաբույժ դառնալ»,- լրջորեն պատասխանում է Հայկը:
Կարինեի եղբայրը ընտանիքով Բերձորում էր ապրում, թողել-գնացել են Ռուսաստան: Փորձում եմ պարզել' լսե՞լ են բանակցությունների, հողերը վերադարձնելու մասին. «Ես տեղ չունեմ գնալու: Այստեղ ենք մնալու, չգիտեմ' մեր վերջը ինչ կլինի, եթե այդպիսի բան պատահի: Չենք հասցնում, երեխաները մեծանում են, ամեն ինչ թանկանում է: Էդ նպաստներով ու ամուսնուս աշխատավարձով չենք հասցնում: Տարածքը լավն է, այգի ենք արդեն գցել: Ճիշտ է, անասունների դեպքում բախտներս չի բերում: Անասնավարկ ստացանք, ոչխարներ գնեցինք, ցրտից սատկեցին: Հետո կով վերցրեցինք մի բարեգործական ծրագրով, նա էլ սատկեց դաշտում: Հիմա մի կով ունենք ու վերջ»,-ժպտալով ասում է Կարինեն:
Բազմազավակ այս ընտանիքին երբեմն այցելում են պաշտոնյաներ: Դրանց մասին անընդհատ մեր զրույցի ժամանակ պատմում էր Կարինեն:
«Ստեփանակերտից պաշտոնյաներ էին եկել մեր գյուղ, Համլետ Խաչատրյանն էլ հետները: Հարցրեցի, թե ինչու Ղարաբաղի բազմազավակների մասին օրենքը չի տարածվում մեզ վրա: Ասացին, որ տարածվում է եւ հինգերորդ երեխայից հետո պիտի բանկում հաշիվ բացեն' 600 դոլար վրան, իսկ դրանից հետո ծնվածներին նույնպես փող էր հասնում: Խոստացան զբաղվել մեր հարցով: Որոշ ժամանակ անց գնացի Խաչատրյանի մոտ, ասացի' խոստացել եք զբաղվել մեր հարցով:
Ասաց. «Ամեն խոստում հո չե՞ն անում, աղջիկ ջան: Դու քո երեխաներին ինչ խոստում տալիս ես կատարու՞մ ես: Ասացի' այո, կատարում եմ: Ինքը թե' 2 երեխայի չեմ կարողանում խոստացածը կատարել, դու ո՞նց ես անում: Ես էլ ասացի' իմ երեխաներին խոստանում եմ այն, ինչի հնարավորություն ունեմ եւ երբեք հուսախաբ չեմ անում»:
Ինը հոգանոց ընտանիքը տեղավորված է 16 քմ մի սենյակում: Տունը կիսափուլ է, պատերը' խոնավ: Գրեթե ամեն տարի այս ընտանիքին այցելում են եւ խոստանում նոր տուն կառուցել, որովհետեւ այդ շինությունը պիտանի չէ: Վերջերս նույնպես եկել էին, նորից խոստացել ու հեռացել են: Սակայն Կարինեն այլեւս չի հավատում եկողների խոստումներին:
Քաշաթաղ-Երեւան
Մեկնաբանել