ԱԱԾ պաշտոնյան խոշոր վարկեր է վերցրել և նվիրատվություն ստացել, որոնց ծագումը «գաղտնիք է»
Արթուր Աղաջանյանը 2017թ. զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նա զգալի ֆինանսական միջոցներ է հայտարարագրել, որոնց աղբյուրը հայտնի չէ: Մասնավորապես, ըստ 2017թ. տարեկան հայտարարագրի, Աղաջանյանը վերցրել է 118 հազար 600 ԱՄՆ դոլարի և մոտ 5 մլն դրամի փոխառություն այն դեպքում, երբ վերջինիս աշխատավարձը կազմել է տարեկան մոտ 5,6 մլն դրամ։ ԱԱԾ պաշտոնյան 2017թ.-ին հայտարարագրել է նաև 16 մլն 500 հազար դրամ և 85 հազար դոլար՝ որպես դրամական միջոց։ Պաշտոնը ստանձնելիս Աղաջանյանն ունեցել է նաև առանձնատուն:
2018թ.-ին Արթուր Աղաջանյանն արդեն զբաղեցնում էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնը: Հենց այդ տարում էլ նրա թե՛ ֆինանսական միջոցները, թե՛ եկամուտներն ավելացել են:
Մասնավորապես, եթե 2017-ին պաշտոնյան հայտարարագրել էր 16 մլն 500 հազար դրամ, ապա 2018-ին՝ 18 մլն, իսկ 85 հազար դոլարի դիմաց՝ 100 հազար դոլար: Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա այն հասել է մոտ 151 մլն 791 հազար դրամի և 59 հազար դոլարի: Այս գումարներից պաշտոնյայի աշխատավարձը 6 մլն 183 հազար դրամն է, իսկ 145 հազար 608 դրամը և 44 հազար դոլարը ստացած փոխառություններն (վարկ) են, 15 հազար դոլարը՝ ստացած նվիրատվությունը:
Պաշտոնյայի կինը՝ Արմինե Եղիազարյանը, 2017թ. հայտարարագրել է 3 մլն 775 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն դրամը ստացված փոխառությունն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը։ Բացի այդ, Եղիազարյանը ունեցել է 11 մլն 700 հազար դրամ ֆինանսական միջոցներ: Նշված տարում Արմինե Եղիազարյանը 4 մլն դրամով օտարել է իր հողամասը:
2018-ին Արթուր Աղաջանյանի կնոջ՝ Արմինե Եղիազարյանի եկամուտը կազմել է 4 մլն 59 հազար դրամ, որից 1 մլն 500 հազար դրամը ստացած փոխառությունն է, մնացածը՝ աշխատավարձը: 2018-ին Եղիազարյանն օտարել է մեկ այլ հողամաս՝ 18 մլն դրամով։ Պաշտոնյայի կինը նաև բաժնետոմս է նվեր ստացել, որի գինը կազմել է 1000 դրամ: Նա «Արտ Օյլ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է: Նշենք, որ «Արտ Օյլ» ՍՊԸ-ն զբաղվում է ավտոյուղերի ներկրմամբ և վաճառքով: Վերջինս REKTOL OIL գերմանական առաջատար ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
Արմինե Եղիազարյանը որպես դրամական միջոց 2018-ին հայտարարագրել է 25 մլն դրամ՝ 13 մլն 300 հազար դրամով ավելին, քան 2017-ին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարին խնդրել էինք միջնորդավորված տրամադրել տեղեկություններ, թե որն է Արթուր Աղաջանյանի կուտակած դրամական միջոցների աղբյուրը, ինչ նպատակով է վերցրել խոշոր վարկերը, և արդյոք փոխառության գումարի չափը ռիսկային չէ պետական պաշտոն զբաղեցնող անձի համար: Բացի այդ, հետաքրքրվել էինք, թե պաշտոնյայի կինը՝ Արմինե Եղիազարյանը, ո՞ր ընկերությունից է «նվեր ստացել» բաժնետոմս և ինչպես է հաշվին կուտակել 25 մլն դրամ:
ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Գրիգոր Պողոսյանը գրավոր պատասխանել է, որ հարցվող տեղեկատվությունը պարունակում է ինչպես բանկային, առևտրային, այնպես էլ անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքներ: Հայտնել է նաև, որ հիշյալ տեղեկատվության տնօրինողը ոչ թե ԱԱԾ տնօրենի աշխատակազմն է, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած փոխառությունների մարման հետ կապված ռիսկայնությանը, ապա այն գնահատվել է բանկի կողմից և դրական որոշում է կայացվել վարկային միջոցներ տրամադրելու վերաբերյալ, այդ թվում հաշվի առնելով գրավադրված աշնարժ գույքն ու արտերկրում բնակվող հարազատներից բանկային փոխանցումներով ստացվող ֆինանսական աջակցությունը»,- նշված է աշխատակազմի ղեկավարի գրության մեջ:
Նշենք, որ հարցման մեջ նշել ենք, որ ակնկալում ենք ԱԱԾ-ի միջնորդությունը տեղեկատվություն ստանալու հարցում, ինչն ԱԱԾ աշխատակազմի ղեկավարն անտեսել է՝ ներկայացնելով, թե իբր ԱԱԾ-ն տեղեկատվության տնօրինողը չէ: Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի կարող տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ առանց հայտարարատու անձի համաձայնության: Այդ համաձայնությունը պետք է ստանար ԱԱԾ-ն՝ իր աշխատակցի վերաբերյալ: Ինչ վերաբերում է խոշոր վարկերին, ապա չենք նշել, որ ռիսկը վերաբերում է միայն վարկի մարմանը: ԱԱԾ-ի տնօրենի աշխատակազմը շեշտը դրել է միայն դրա վրա: Իսկ կոռուպցիոն ռի՞սկը:
Ստացվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու կինը չեն ցանկանում հրապարակային ու թափանցիկ հայտնել իրենց կուտակած միջոցների աղբյուրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել