HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ցանկում նախկին պաշտոնյաներին փոխկապակցված անձինք կան

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում այժմ գործում է համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 28 հազար երեխա։ Երեխաները մանկապարտեզում սնունդ են ընդունում օրը երեք անգամ։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի փոխանցմամբ՝ մատակարարվող սննդի գլխավոր նախապայմանը բարձր որակն ու ժամկետայնությունն է։ Մանկապարտեզներին ամեն օր մատակարարվող ապրանքը հացն է։ Մյուս ապրանքները մատակարարվում է շաբաթական պարբերականությամբ:

«Կար հացի որակի խնդիր, շատ արագ շտկեցինք, մատակարարին զրկեցինք հետագայում մատակարարելու իրավունքից»,- նշեց Տիգրան Վիրաբյանը։ 

Ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների՝ մայրաքաղաքի մանկապարտեզներին սնունդ է ապահովում 13 ընկերություն։ Մատակարարումները բազմազան են՝ բանջարեղեն, միրգ, նպարեղեն, մսամթերք, կանթամթերք։ Մանկապարտեզների մատակարանների ցանկում կան նախկին պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններ, որոնք պարբերաբար ծառայություններ են մատուցում նաև պետական այլ մարմինների։

«Հետք»-ի թիմը պատահականության սկզբունքով այցելել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 139 և թիվ 146 մանկապարտեզներ՝ ծանթանալու երեխաներին տրամադրվող սննդի պահման պայմաններին։ Թեև մանկապարտեզների մեր ընտրությունը պատական էր, սակայն Երևանի քաղաքապետարանը տեղյակ էր, թե որ մանկապարտեզները պետք է գնանք: Առանց քաղաքապետարանի թույլտվության մանկապարտեզների տարածք մուտքն արգելվում է:

Քաղաքապետարանի կնքած պայմանագրերի հիման վրա բոլոր մանկապարտեզները միևնույն սնունդն են ստանում և ըստ դրա որոշում իրենց ճաշացանկը՝ սահմանված չափաբաժիններով։

Թիվ 139 և 146 մանկապարտեզների տնօրենների հաղորդմամբ՝ մանկապարտեզների կարքիների համար սնունդ են ստանում շաբաթական մեկ անգամ՝ իրենց կողմից ներկայացված չափաբաժինների պահանջներով։ Տնօրենները դժգոհ չեն մատակարարվող սնունդի որակից, դրանում թերություններ չեն նկատում, իսկ նկատելու դեպքում պահանջում են դրանք համապատասխանեցնել տեխնիկական բնութագրին։

Թիվ 139 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հարությունյանն ասաց՝ վերջին անգամ ամիսներ առաջ են մատակարարից պահանջել փոխել սնունդը։ Մատակարարվել էր մեծ չափի գազար, որը չէր համապատասխանել սահմանված տեխնիկական բնութագրին։ Նշեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հետ են վերադարձրել մսամթերքը, քանի որ դրա արտաքին տեսքը, համը, հոտը չի համապատասխանել նորմերին։

Աստղիկ Հարությունյանը հավաստիացնում է, որ սնունդը ստանալիս մանկապարտեզի տնտեսվարն ու բուժքույրը ստուգում են դրա որակը։ Ըստ նրա, մատակարարներն արդեն գիտեն՝ տեխնիկական բնութագրից շեղումներ նկատելու դեպքում, դրանք հետ են ուղարկելու կամ պահանջելու են փոխել, այդ պատճառով ուշադիր են մատակարարումների գործընթացին։ Այս մանկապարտեզում, ըստ ցուցակային թվի, հաշվառված է 233 երեխա։

189 երեխա էլ հաշառված է N 146 մանկապարտեզում։ 80-ականներին հիմնադրված այս մանկապարտեզը, ըստ տնօրեն Գայանե Ասատրյանի, երբևէ չի նորոգվել։ Շենքային պայմանների ոչ բարվոք վիճակն էլ տնօրենը համարում է իրենց ունեցած միակ խնդիրը։ «Մեր աշխատանքի արդյունքը չի երևում, քանի որ վերանորոգված չէ,- ասում է նա։

Թեև տնօրենը ընդգծում է, որ պարբերաբար մաքրում են տարածքը, անում ամեն հնարավոր աշխատանք՝ մանկապարտեզը հնարավորինս բարվոք և ներկայանալի դարձնելու համար։ Ասում է՝ սննդի պահման և պատրաստման բոլոր հնարավոր պարագաները ունեն, նախկինում չունեին խոհանոցային սեղաններ, որոշները գնել են, նոր խմբաքանակի էլ սպասում են։

«Աբովյանի հացի գործարան»

Քաղաքապետարանը մոտ 60 միլիոն դրամի պայմանագիր է կնքել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի քրոջ՝ Շամամ Հարությունյանի ընկերության հետ։ Այդ պայմանագրով նրան պատկանող «Աբովյանի հացի գործարան» ՍՊԸ-ն պետք է մինչ դեկտեմբեր հաց մատակարարի Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանների 34 մանկապարտեզների։

Շամամ Հարությունյանը «Աբովյանի հացի գործարան» ընկերության սեփականատեր է հանդիսանում 2010 թվականից, երբ դեռևս զբաղեցնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնը։

2012 թվականի Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Հարությունյանը որպես շահաբաժին հայտարարագրել է 11 միլիոն դրամ, սակայն դրանից հետո որևէ տարեկան հայտարարագրում որպես եկամուտ այս ընկերությունից ստացված շահաբաժինները չի հայտարարագրել։ Այնինչ այդ ընթացքում պաշտոնյայի ընկերությունը պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ։

Նշենք, որ «Աբովյանի հացի գործարանը»  հանդիսանում է նաև ուժային կառույցների մատակարարներից մեկը։ Գնումների հաշվետվողականության armeps.am համակարգի  տվյալներով ընկերությունը 2017-2019 թվականներին սնունդ է մատակարարել Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը։

«Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ

Քաղաքապետարանը ևս մեկ պայմանագիր է կնքել պաշտոնյային պատկանող ընկերության հետ։ Մասնավորապես՝ Հայաստանում Շրի Լանկայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանին պատկանող «Արարատի սննդի կոմբինատ» ընկերության հետ։ Նշենք, որ Թարվերդյանը նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ է։

Մոտ 24 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչ տարեվերջ 160 մանկապարտեզների համար տեղական արտադրության բնական հյութեր մատակարարել։ Մասնավորապես՝ խնձորի, մասուրի և դեղձի հյութեր։ Նշենք, որ «Արարատի սննդի կոմբինատ» ընկերությունը արտադրում է 100 % բնական հյութեր, նեկտարներ, մրգային եւ բանջարեղենային պահածոներ։

«Սևանի հացի գործարան» ՓԲԸ

Մանկապարտեզներին այս տարի հաց է մատակարարում 2017 թվականին ՀՀԿ-ից Գեղարքունիքի մարզից պատգամավորի թեկնածու առաջադրված Աշոտ Ավետիսյանի ընկերությունը։ Նրան պատկանող «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի հետ քաղաքապետարանը կնքել է մոտ 160 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր։

Ընկերությունը այդ պայմանագրով այս տարի հաց է մատակարարում  9 վարչական շրջանների 126 մանկապարտեզների։ Մասնավորապես՝ Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ վարչական շրջանների 47 մանկապարտեզի, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 44 մանկապարտեզների, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջանների՝ 35 մանկապարտեզի։

Մատակարարման ժամկետը լրանում է այս տարեվերջին։

«Սիսիանի հաց» ՍՊԸ

Երևանի մանկապարտեզներին ծառայություն է մատուցում նաև Սիսիանում գրանցված «Սիսիանի հաց» ՍՊԸ-ն։ Ընկերությունը մանկապարտեզներին ողջ տարի մատակարարելու է բազուկ, շաքարի փոշի, իսկ հունիսից-հունվար ամիսներին՝ նաև կաղամբ։

Այս ծառայության մատուցման համար Երևանի քաղաքապետարանը «Սիսիանի հաց» ընկերության հետ կնքել է 11,3 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր։ Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, որի ներկայիս սեփականատերը Սիսիանի բնակիչ Իշխան Միրզոյանն է։

«Սավա» ընկերություն

53,5 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրի շրջանակներում Երևանի 160 մանկապարտեզների բրինձ, հատիկավոր լոբի, ջեմ, քացախաթթու կմատակարարի Աբովյանում գրանցված «Սավա» ընկերությունը։ Պահածոների արտադրությամբ զբաղվող «Սավա» ընկերության բաժենտերերը եղբայրներ են՝ Վարուժ և Հակոբ Յաղուբյանները։

Նշենք, որ «Սավա» ընկերությունը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության, «ՀՀ Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի այս տարվա մատակարարներից մեկը։ tender-monitoring-ի տվյալներով՝ ընկերությունը 2019-ին այս ընկերությունների հետ ընդհանուր առմամբ կնքել է 116 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր։

«Բիգ լայֆ» ՍՊԸ

160 մանկապարտեզի «Նարինե» կաթնաթթվային մթերք է մատակարարում «Բիգ լայֆ» ընկերությունը։ Քաղաքապետարանն այս ծառայության համար ընկերության հետ 30 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել։ Նշենք, որ այս ընկերության միակ սեփականատերը Մնացական Պողոսյանն է։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Բիգ Լայֆ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը կյանքի են կոչել Առողջ Սնունդ-Առողջ Սերունդ ծրագիրը և 2014թ.-ից քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ճաշացանկում ավելացել է «Նարինե» կաթնամթերքը։

«Ստանդարտ 2014» ՍՊԸ

Մայրաքաղաքի 160 մանկապարտեզների կիտրոն, ոսպ, սիսեռ կմատակարարի «Ստանդարտ 2014» ընկերությունը։ Վերջինիս հետ 22 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել՝ մինչ տարեվերջ այս մատակարարումը մանկապարտեզների համար ապահովելու համար։ Նախորդ տարի էլ այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանին 943 հազար դրամի շինանյութ է մատակարարել։

«Ստանդարտ 2014» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին՝ Անդրանիկ Կարապետյանի կողմից, ով այժմ նաև ընկերության միակ սեփականատերն է։

ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակիցներից է։ Սնունդ, գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր, շինանյութ, զովաչուցիչ ըմպելիք է մատակարարել Պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Ֆինանսների նախարարությանը, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։

«Ֆոտոն» ՍՊԸ

Այս ընկերությունը գնումների ոլորտում ակտիվ դերակատարում ունի։ «Ֆոտոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ․։ Ընկերությունը հաշվառված է Արցախում, հիմնադիրը 68-ամյա Նելլի Պետրոսյանն է։ Ընկերության տնօրենը ևս նա է։

«Ֆոտոն» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել 2019թ․ հունվարի 16-ին։ Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 291 մլն 632 հազար դրամ։ Ընկերությունը մանկապարտեզներին մատակարարել է ալյուր, բանջարեղեն, նպարեղեն և այլն։

Ընկերությունը Երևանի քաղաքապետարանին՝ մանկապարտեզների կարիքների համար նաև կահույք է մատակարարում:

Նշենք, որ «Ֆոտոն»-ը պայմանագրեր է կնքել նաև Գյումրու քաղաքապետարանի, հոգեկան առողջության կենտրոնի և այլ կառույցների հետ։

«Գալիմա» ՍՊԸ

Երևանի քաղաքապետարանը 160 մանկապարտեզի կարիքների համար «Գալիմա» ՍՊԸ-ի հետ կնքել է շոկոլադներ, կաթնաշոռ, պանրիկ մատակարարելու պայմանագիր: Պայմանագրի ընդհանուր արժեքը 57 մլն 683 հազար դրամ է:

Նշենք, որ «Գալիմա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին: Ընկերության հիմնադիրը հանրությանը ոչ հայտնի Հայկանուշ Բաղդիյանն է, իսկ տնօրենը՝ Դավիթ Հովհաննիսյանը: Նշենք, որ վերջինիս քույրը՝ Էլֆիկ Հովհաննիսյանը ևս ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Օրինակ՝ 2014թ.-ին ապրանքներ է մատակարարել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային:

«Գալիմա» ՍՊԸ-ն ապրանքներ է մատակարարում Երևանի պետական, Պոլիտեխնիկական համալսարաններին, Ազգային անվտանգության ծառայությանը, քրեակատարողական ծառայությանը, ոստիկանությանը, Սևանի հոգեկան առողջության կենտրոնին:

Ինչպես «Հետք»-ին պարզաբանեցին քաղաքապետարանից՝ 28.12.2017թ. «Գալիմա» ՍՊԸ-ի հետ կնքված հացի մատակարարման պայմանագիրը լուծվել է: Մատակարարումն իրականացվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների և թիվ 141 մանկապարտեզի մասով: Հայտարարված նոր մրցույթի արդյունքում 03.05.2018 թվականին պայմանագրեր է կնքվել Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների մասով՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ և թիվ 141 մանկապարտեզի մասով՝ Վարդան Վարդազարյան Ա/Ձ-ի հետ:

«Դեագա» ՍՊԸ

160 մանկապարտեզների համար միրգ, բանջարեղեն ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանը տարեսկզբին պայմանագիր է կնքել «Դեագա» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմում է 75 մլն 179 հազար դրամ:

«Դեագա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ-ին: Այժմ ընկերության բաժնետերերը 50/50 հարաբերակցությամբ կիսում են Գևորգ Ղասաբողլյանը և Արտակ Շարբաթյանը: Մինչև 2012թ-ն ընկերության միակ բաժնետերը եղել է Գևորգ Ղասաբողլյանի մայրը՝ Երազիկ Վարդանյանը:

Այս տարվա հուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «Դեագա» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: Պարզվել էր, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, ավելին՝ եղել է վատ որակի ապրանք:

«Դեագա» ընկերությունը սննդամթերք է մատակարարել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի «Մանկան տուն», «Նորքի տուն-ինտերնատ», «Երևանի N 1 տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներին:

«Լեբրոն» ՍՊԸ

«Լեբրոն» ՍՊԸ-ի և քաղաքապետարանի միջև նպարեղենի, խտացրած կաթի, քաղցրեղենի, տոմատի մածուկի, կաթնամթերքի, մսամթերքի, ձվի ձեռքբերման պայմանագիր է կնքվել: Պայմանագրի գինը 1 մլրդ 487 մլն 118 հազար դրամ է:

Ընկերությունը նոր է, հիմնադրվել է 2018թ. նոյեմբերի 16-ին: Հիմնադիրը երևանաբնակ 31-ամյա Նարինե Ավետյանն է:

Նշենք, որ հիմնադրման օրվանից մինչ օրս, ըստ գնումների armeps.am համակարգի տվյալների, «Լեբրոն» ՍՊԸ-ի հետ կնքվել է 21 պայմանագիր պետական տարբեր հիմնարկների մասնակցությամբ: Երևանի հետ կնքած վերը նշված պայմանագրից բացի՝ «Լեբրոն» ՍՊԸ-ի մասնակցությամբ պայմանագրերի ընդհանուր գինը կազմում է մոտ 375 մլն դրամ: Ընկերությունը սննդամթերք է մատակարերել ոստիկանությանը, քրեակատարողական ծառայությանը, ԱԱԾ-ին, Սևանի հոգեկան առողջության կենտրոնին:

Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրից հետո ամենախոշոր պայմանագիրը կնքվել է քրեակատարողական ծառայության հետ՝ 169 մլն դրամ:

«Մաստերֆուդ» ՍՊԸ

Ընկերությունը ապրանքներ է մատակարարում հիմնականում Պաշտպանության նախարարությանը: Ըստ armeps.am-ի՝ 2016-2019թթ. ընթացքում մոտ 866 մլն դրամի սննդամթերք է մատակարարել և սպիտակեղենի, հագուստի որոշ տեսակների լվացման ծառայություններ է մատուցել ՊՆ-ին:

Նշենք, որ «Մաստերֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2012թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը Հովհաննես Կարտոյանն է:

Երևանի քաղաքապետարանն այս տարվա սկզբին ընկերության հետ կնքել է 82 մլն 920 հազար դրամի պայմանագիր՝ 160 մանկապարտեզներին կարտոֆիլ մատակարարելու համար:

 «Ցիկլոիդ» ՍՊԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին: 2018թ.-ի ապրիլից ընկերության միակ բաժնետերը 28-ամյա Արման Երիջանյանն է: Վերջինս մեկ այլ գործարարի՝ Յուրա Ադյանի դստեր ամուսինն է: Արման Երիջանյանն նաև ընկերության տնօրենն է:

Երևանի քաղաքապետարանը «Ցիկլոիդ» ընկերության հետ պայմանագիրը կնքել է այս տարվա հունվարի 15-ին: Ընկերությունից ձեռք է բերում աղ, բուսական յուղ, թեյ, շաքարավազ, նպարեղեն և այլն: Պայմանագրի գինը 311 մլն 650 դրամ է:

Ընկերությունը 2017թ. պետական մարմիններին ծառայություններ է մատուցել մոտ 97 մլն դրամի, 2018-ին՝ 64 մլն-ի, իսկ այս տարվա ընթացքում՝ փաստացի 157 մլն-ի:

«Ցիկլոիդ»-ը Արման Երիջանյանի միակ ընկերությունը չէ: Նա բաժնեմասեր ունի նաև «Նատալի 2015», «Ինֆինիտի Գրուպ», «Սագուռա» ՍՊԸ-ներում: Ի դեպ, «Ինֆինիտի Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա փետրվարի 20-ին և արդեն հասցրել է պետական մարմինների հետ կնքել 74 պայմանագիր: Ըստ armeps.am-ի տվյալների՝ ընկերությունը կենցաղային ապրանքներ, գրենական պիտույքներ, էլեկտրոնիկա է մատակարարել վարչապետի, նախագահի աշխատակազմերին, նախարարություններին և այլն: Ըստ նույն աղբյուրի՝ ընդհանուր առմամբ «Ինֆինիտի Գրուպ»-ը կնքել է մոտ 27 մլն 491 հազար դրամի ապրանքների մատակարարման պայմանագիր:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված վերը նշված բոլոր պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարումն իրականացվում է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության և դրա հիման վրա կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով: Պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում այդ նպատակով պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում:

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, umba.am-ի, haykakan.top-ի, childfund.do.am

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
որ ժամանակին գնումների կարգում կետեր ամրագրվեին որ փոխկապակցված և երկու տարի անընդմեջ գնումների մրցույթ հաղթող սուբյեկտները չեն կարող մի քանի տարի մասնակցել մրցույթների, այլ կարողանային իրենց տեղը գտնել իրական մրցակցության պայմաններում, կտեսնեիք թե ինչպես կզարգանար բիզնեսը երկրում, այդ դրույթները բնականաբար չեն ամրագրվի, ոմանց ձեռնտու չէ, դե զարգացեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter