Քննիչը «վրիպել է» հայտարարագիրը լրացնելիս․ 23 մլն արժողությամբ բնակարանը հիպոթեքով է վերցրել
Բագրատ Ադամյանը, ով 2017-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ էր, 2019 թ.-ի ապրիլին նշանակվել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։
Ավագ քննիչի պաշտոնը զբաղեցնելուց ամիսներ անց Ադամյանը ձեռք է բերել 23 մլն դրամ արժողությամբ բնակարան։ Պաշտոնը ստանձնելիս Բագրատ Ադամյանը հայտարարագրել էր միայն 10 հազար ԱՄՆ դոլար և 2,5 միլիոն դրամ աշխատավարձ։
Եթե անգամ պաշտոնյան իր հայտարարագրած ամբողջ ֆինանսական միջոցները գումարեր, չէր կարող ձեռք բերել 23 միլիոն դրամ արժողությամբ բնակարան։ Data.hetq.am-ի հարցմանը, թե ինչ լրացուցիչ ֆինանսական միջոցներով է Բագրատ Ադամյանը ձեռք բերել բնակարան, Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանեցին, որ պաշտոնյան այդ բնակարանը ձեռք է բերել հիպոթեքով։ Նրա՝ էթիկայի հանձնաժողով ներկայացրած երեք հայտարարագրերից և ոչ մեկում վերցված փոխառության մասին նշում չկա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից պարզաբանեցին, որ եթե անգամ պաշտոնյան գույքը գնել է հիպոթեքային կարգով, պետք է այն հայտարարագրի՝ որպես փոխառություն:
ՀՔԾ-ից երկրորդ անգամ պարզաբանեցին, որ հիպոթեքային վարկի մասին պաշտոնյայի հայտարարագրում նշում չի եղել՝ վրիպակի պատճառով, որը հիմա շտկման փուլում է։
2018 թ.-ին Բագրատ Ադամյանը հայտարարագրել է 5,6 մլն դրամ աշխատավարձ, 3,7 մլն դրամ փոխառություն և 1,8 միլիոն դրամի «այլ եկամուտ», սակայն թե որն է «այլ եկամուտը» Քննչական կոմիտեի պաշտոնյան չի մանրամասնել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել