HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դատավորն ասում է՝ նվիրատվություններն ընտանիքի «կարիքները հոգալու համար» է ստացել՝ հարազատներից և ընկերուհիներից

Ելիզավետա Դանիելյանը 1991 թվականից աշխատում է դատական համակարգում։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է 2009 թ.-ից։ 

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերից երևում է, որ Դանիելյանի՝ 2011-2018 թթ տարեկան եկամուտը՝ աշխատավարձը, կազմել է 13-16 մլն ՀՀ դրամ։ Նույն ժամանակահատվածում դատավորի տարեկան դրամական միջոցները կազմել են 300-500 հազար դրամ։

Բացի աշխատավարձից, Ելիզավետա Դանիելյանն այս տարիների ընթացքում 5 անգամ նվիրատվություն է ստացել։

Մասնավորապես՝

2013 թ․-ին դատավորը ստացել է 895 եվրո

2014 թ-ին՝ 1000 և 2000 ԱՄՆ դոլար և 10 հազար ռուսական ռուբլի

2015 թ-ին՝ 4000 ԱՄՆ դոլար

2016 թ-ին՝ 2000 ԱՄՆ դոլար

Ընդհանուր առմամբ՝ 2013-2016 թվականներին Դանիելյանը ստացել է մոտ 5 մլն ՀՀ դրամի նվիրատվություն։

Դատավորը data.hetq.am-ին հայտնեց, որ այդ նվիրատվություններն արել են իր հարազատներն ու ընկերուհիները։ Մասնավորապես, դատավորի պարզաբանման մեջ նշվում է․

«2013թ.-ին իմ կողմից հայտարարագրվել է Աշոտ Դանիելյանից նվիրատվությամբ ստացված 895 եվրո գումար։ Աշոտ Ռեմիկի Դանիելյանը հարազատ եղբայրս է, բնակվում է Լիտվայում։

2014 թ.-ին հայտարարագրվել է  

1) Աշոտ Դանիելյանից՝ 2000 ԱՄՆ դոլար

2) Ելենա Հարությունյանից՝ 1000 ԱՄՆ դոլար։ Ելենա Հարությունյանը մտերիմ ընկերուհիս է՝ ներկայումս բնակվող ԱՄՆ-ում։

2015 թ.-ին հայտարարագրվել է 

1) Աշոտ Դանիելյանից՝ 2000 ԱՄՆ դոլար

2) Մարինա Եփրեմյանից՝ 2000 ԱՄՆ դոլար։ Մարինա Եփրեմյանը մտերիմ ընկերուհիս է՝ ներկայումս բնակվող ԱՄՆ-ում։

2016 թ.-ին հայտարարագրվել է Աշոտ Դանիելյանից ստացած 2000 ԱՄՆ դոլար»։   

Ելիզավետա Դանիելյանը պարզաբանել է նաև, որ նվիրատվությունների մի մասը ստացել է իր 50-ամյա հոբելյանին, իսկ մյուս մասը՝  ընտանեկան տարբեր կարիքներ հոգալու նպատակով։

«Միայն ենթադրելով, թե ինչ կարող է Ձեզ հետաքրքրել, ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ նշված ժամանակահատվածում և մինչ օրս հանդիսանում եմ ընտանիքում հիմնական կայուն եկամուտ ունեցող անձը, ամուսինս՝ Ռոբերտ Զախարյանը, կենսաթոշակառու է և կյանքի ցուցումով ստանում է թանկարժեք չհատուցվող դեղորայքային բուժում, երեխաներս այդ ընթացքում եղել են անչափահաս, սովորել են տարբեր կրթական օջախներում, բացի այդ, ընտանիքի անդամներս ունեն բազմաթիվ կենցաղային, մշակութային, բժշկական խնդիրներ»,- նշել է դատավորն իր պատասխանում։

Ելիզավետա Դանիելյանի ամուսինը 2018 թ.-ին նույնպես նվիրատվություն է ստացել՝ 100 հազար ՀՀ դրամի չափով։ Նույն տարում Ռոբերտ Զախարյանը շուկայում գոյություն չունեցող ցածր գնով` 100 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել BMW 318 ավտոմեքենա։ Այդ տարի նա վաճառել է 24 մլն դրամ արժողությամբ բնակարանը, որից միայն 12 մլն դրամն է ներկայացրել՝ որպես գույքի օտարումից ստացված եկամուտ։

Անդրադառնալով ամուսնու ստացած նվիրատվությանը՝ Ելիզավետա Դանիելյանն ասաց, որ ուսումնասիրել է նշված ժամանակաշրջանի՝ իր ամուսու հայտարարագրերը, բայց «չի հայտնաբերել նման որևէ փաստ կամ տեղեկություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter