HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԱԾ քննիչը աշխատավարձի չափը մի քանի անգամ գերազանցող փոխառություններ է տալիս

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ Արտաշես Հովհաննիսյանն իր աշխատավարձի համեմատ՝ բավականին մեծ կարողություն է հայտարարագրել: 

2017-ի տարեկան հայտարարագրի համաձայն՝ քննիչի եկամուտները կազմել են մոտ 4 մլն դրամ, որից 410 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն են, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Փոխարենն իր հաշվին քննիչն ունի զգալի ֆինանսական միջոցներ՝ 10 մլն 200 հազար դրամ, 33 հազար դոլար և 12 հազար 700 եվրո:

Բացի այդ, ԱԱԾ քննիչ Արտաշես Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև հանձնած փոխառություններ, որը 2017թ-ին կազմել է 4 մլն 560 հազար դրամ և 31 հազար 398 դոլար:

2018-ի հայտարարագրի համաձայն՝ քննիչ Հովհաննիսյանը հայտարարագրել է արդեն մոտ 5 մլն 602 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է 3 մլն 898 հազար դրամ, իսկ մնացածը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն են:

2018թ-ին քննիչի դրամական միջոցները գրեթե մնացել են անփոփոխ՝ 10 մլն դրամ, 33 հազար դոլար և 12 հազար 500 եվրո: Փոխարենն ավելացել է հանձնած փոխառությունների գումարը՝ 4 մլն 500 հազար դրամ և 49 հազար 441 դոլար:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Արտաշես Հովհաննիսյանը, որպես անշարժ գույք նշել է երկու ավտոտնակ: Ստացվում է, որ նա տուն չունի, բայց ունի ավտոտնակներ։ Իսկ որպես շարժական գույք, հայտարարագրել է TOYOTA RAV 4 2.0 մակնիշի ավտոմեքենա:

ԱԱԾ-ի աշխատակազմի ղեկավարին գրավոր խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե քննիչին որտեղից այդքան դրամական միջոցներ և կուտակած ինչ միջոցներից է 2017-2018թթ-ին նա փոխառություն հանձնել: ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, թե մեր պահանջած տեղեկատվությունը պարունակում է բանկային, առևտրային, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիք: Բացի այդ, նշված տեղեկատվությունը տնօրինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որին էլ քննիչ Արտաշես Հովհաննիսյանը ներկայացրել է հայտարարագիրը և նշել ծագման աղբյուրը:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովն առանց հայտարարագիր ներկայացնող անձի թույլտվության չի կարող տրամադրել նշված տեղեկատվությունը և ԱԱԾ պետի աշխատակազմ դիմելու նպատակը հենց Արտաշես Հովհաննիսյանի համաձայնությամբ նշված տեղեկատվության ստացումն էր, ինչը փաստացի քննիչը մերժել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter