HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ քննչական վարչության պետը չի ցանկանում հրապարակել իր կարողության և կնոջ ստացած նվիրատվության աղբյուրը

ՊԵԿ քննչական վարչության պետ Արշակ Գասպարյանի եկամուտը թեև միայն աշխատավարձից է գոյանում, սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ ունի խոշոր չափի դրամական միջոցներ:

2017թ. տարեկան հայտարարագրի համաձայն` Արշակ Գասպարյանի եկամուտը, որն աշխատավարձն է, կազմել է 8 մլն 841 հազար դրամ: Փոխարենն իր հաշվին ունեցել է 37 մլն 500 հազար դրամ, 25 հազար դոլար և 5000 եվրո: Նշենք, որ 2017-ին Ա. Գասպարյանը զբաղեցնում էր ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի պետի պաշտոնը:

2018թ. հայտարարագրում Գասպարյանը հայտարարագրել է 11 մլն 575 հազար դրամ եկամուտ, որը դարձյալ աշխատավարձն է: Իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 30 մլն դրամ, 25 հազար դոլար և 5000 եվրո:

Նշենք, որ Արշակ Գասպարյանն ունի 3 բնակարան, մեկ ավտոտնակ, ինչպես նաև MITSUBISHI PAJERO 2.8L և TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I մակնիշների ավտոմեքենաներ:

Պաշտոնյայի կինը՝ Անահիտ Խաչատրյանն իր ունեցած դրամական միջոցներով կարծես թե հետ չի մնում ամուսնուց: Նրա 2017թ. եկամուտը կազմել է ընդամենը 833 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից, սակայն հաշվին ունեցել է 15 մլն դրամ, 27 հազար դոլար և 5000 եվրո:

Նշված տարում Անահիտ Խաչատրյանը 2 մլն 100 հազար դրամով բազմաբնակարան շենքում ձեռք է բերել ոչ բնակելի տարածք:

2018թ.-ին Ա. Խաչատրյանի միակ եկամուտը եղել է 9400 դոլար նվիրատվությունը, որի ստացման աղբյուրը հանրությանը հայտնի չէ: Իսկ հաշվին ունեցել է 10 մլն դրամ, 30 հազար դոլար և 5000 եվրո:

ՊԵԿ-ի միջոցով փորձեցինք պարզել, թե պաշտոնյային որտեղից 3 բնակարան, այդքան դրամական միջոցներ, ով է կնոջը նվիրել 9400 դոլար: Ստացել ենք պատասխան, որ Արշակ Գասպարյանը չի ցանկացել հրապարակել անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությանը վերաբերող տվյալներ: Միաժամանակ հայտնել է, որ կատարել է օրենքով նախատեսված գույքի ու եկամուտների հայտարարագրման պարտականությունները, իսկ առկա գույքն ու եկամուտները ստացել է օրինական ճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter