HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դատավորն ու կինը ձեռք են բերել գույք՝ առանց բավարար եկամուտների․ նա հրաժարվում է պարզաբանել

Սամվել Թադևոսյանը Սնանկության դատարանի դատավոր է 2018թ-ից։ Մինչ այդ աշխատել է այլ դատարաններում: Մասնավորապես, 2011-2017թթ. եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ապա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։  

Այս տարիների ընթացնքում Թադևոսյանն ու կինը՝ Նազիկ Ասլանյանը, ձեռք են բերել մի քանի անշարժ և շարժական գույք՝ որոշների դեպքում նույնիսկ «չունենալով» բավարար դրամական միջոցներ: Ինչպես երևում է հայտարարագրերիից, դատավորը 2011թ-ին վաճառել է 2 բնակարան, 5 ավտոտնակ․ ընդհանուր՝ 62,5 մլն ՀՀ դրամ արժողությամբ, և 30 մլն ՀՀ դրամով ձեռք է բերել մեկ բնակելի տուն: 2014թ-ին Սամվել Թադևոսյանը կրկին տուն է վաճառել՝ 83 մլն ՀՀ դրամով։

2015թ-ին 56 մլն ՀՀ դրամով գնել է մեկ այլ տուն՝ չնվազեցնելով հայտարարագրվող ընդհանուր դրամական միջոցները (ավելին, դրանք 2 մլն ՀՀ դրամով ավելացել են)։ Մասնավորապես, բնակարան գնելուց առաջ դատավորն ունեցել է 61 մլն դրամ, իսկ գնելուց հետո՝ տարվա վերջում, 58 մլն ՀՀ դրամ։ 

Սամվել Թադևոսյանի եկամուտն՝ ըստ տարիների

2014թ-ին հայտարարագրել է մեքենա՝ VAZ 2106, որը մինչ այդ՝ նախորդ տարիներին «չուներ», չէր ներկայացրել։

Նշենք, որ դատավորի կինը՝ Նազիկ Ասլանյանը, նկարչուհի է․ 2011-2018 թվականների նրա հայտարարագրերից երևում է, որ գնել և վաճառել է շարժական և անշարժ գույք, սակայն այդ գնումներին համապատասխան եկամուտ չի հայտարարագրել։

2011թ-ին, ունենալով ընդամենը 1,3 մլն դրամ եկամուտ, առանց փոխառություն վերցնելու կամ նվիրատվություն ստանալու, 2012թ-ին Ասլանյանը 13,1 մլն ՀՀ դրամով գնել է Hyundai IX 35 2.0 մակնիշի ավտոմեքենա։

2013-2014թթ-ին Նազիկ Ասլայնանը որևէ եկամուտ, դրամական միջոց կամ անշարժ գույք չի հայտարարգրել։ Իսկ 2015թ. Ասլանյանի հայատարարագրած ողջ եկամուտը կազմել է այդ տարի իր վաճառած հողատարածքը՝ 4,9 մլն ՀՀ դրամ։

Հաջորդ տարի՝ 2016թ-ին, դատավորի կինը, 10 մլն ՀՀ դրամով վաճառել է իր Hyundai Tucson IX 35-ը և առանց որևէ այլ լրացուցիչ դրամական միջոց հայտարարագրելու՝ 13 մլն-ով ձեռք է բերել LEXUS NX300H 2.5GAS մակնիշի ավտոմեքենան։

2017թ-ին Նազիկ Ասլանյանը 4,1 մլն ՀՀ դրամով վաճառել է նախկինում չհայտարարագրած Toyota Corolla 1.6 մակնիշի ավոտմեքենա: Ուշագրավ է, որ հենց նույն տարում նրա դատավոր ամուսինը 10,4 մլն ՀՀ դրամով ձեռք է բերել Toyota Corolla 1.6:

2018թ-ին դատավորի կինը որևէ տվյալ չի հայատարարագրել:

Մենք խնդրել էինք Սամվել Թադևոսյանին պարզաբանել ՝ վերևում նշված եկամտի և գույքի ձեռքբերման «անճշտությունները», ինչպես նաև՝ մասնավորեցնել, թե արդյոք 2017թ-ին իր ձեռք բերած TOYOTA COROLLA 1.6-ը կնոջ՝ Նարինե Ասլանյանի վաճառած մեքենան չէ՝ հնարավորության դեպքում տրամադրելով մեքենայի նույնացման համարը։

Սամվել Թադևոսյանը, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին՝ ըստ որի, պարզաբանում պահանջող տեղեկությունը «բանկային կամ ծառայողական գաղտնիք է», «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը» և «պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները», մերժեց պարզաբանել։

«Այլ կերպ ասած՝ մարդու վերաբերյալ այն տեղեկությունը, որի համար օրենքով սահմանցված չէ հրապարակայնության պահանջ, գաղտնիքի կարգավիճակ է ստանում մարդու կամարտահայտությամբ՝ իր մասին տեղեկությունների մատչելիություն սահմանափակելու մարդու ազատությամբ»,- data.hetq.am-ին ուղղված պատասխանում գրել է Սամվել Թադևոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter