HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի կենտրոնի ունեզրկված քաղաքացիների ելույթների ձայնագրությունները ԱԺ նախագահն ուղարկելու է իրավապահ մարմիններին

«Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ պատրաստվում է լսումների ձայնագրությունները ուղարկել իրավապահ մարմիններին՝ ելույթներում հնչած տեղեկություններն ուսումնասիրելու։

«Բանախոսների ելույթների մի մասը լսել եմ, այնտեղ արդեն իսկ նշվել են հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրության են արժանի, ձայնագրությունները լսումներից հետո ուղարկելու եմ իրավապահ մարմիններին, և այնտեղ պիտի որոշեն, որ հարցով ինչ կարող են անել, և որևէ փաստական հիմքեր կան՝ գործողություններ ձեռնարկելու»,- ասաց նա։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատեց՝ պետք է գործնական լուծումներ փնտրել։ «Անհնար է այս խնդիրը թողնել հարկատուների կամ բյուջեի վրա, առաջարկում եմ լրջորեն մտածել ում վրա է իրացվել այս մարդկանցից խլված սեփականությունը և ուսումնասիրել այսպես կոչված Հյուսիսային պողոտա-Կասկադ պողոտայում պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ձեռք բերված գույքը։ Բազմաթիվ տեղեկություններ կան պատգամավորների, Կառավարության անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց այս տարածքի սեփականատերերի հաշվին կառուցված շենքերում բնակարաններ տիրապետելու վերաբերյալ»,- ասաց Խառատյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզմունք հայտնեց, որ մարդկանց ունեզրկելու գործընթացում ներգրավված է եղել ամբողջ պետական համակարգը՝ խորհրդարան, Կառավարություն, նախագահ, քաղաքապետարան, դատարաններ, դատախազություն։

«Այս բոլոր մարմինները հանցավոր համագործակցությամբ ունեզրկել են քաղաքացիներին, այս խնդրի լուծումը կարող է լինել միայն քաղաքական գնահատական տալու միջոցով, քանի որ եթե չտվեցինք քաղաքական գնահատական, հնարավորություն չեն ունենալու պատշաճ օրինական լուծումներ տալ այս բոլոր գործընթացներին։ Ես վատ վիճակում եմ հայտնվում, երբ պատգամավորներն ասում են՝ այս օրենքը չկա, մի ասեք նման բան, դուք հեղափոխական ուժ եք, եթե չկա օրենք ուրեմն պետք է ստեղծվի. ՀՀ քաղաքացին չի կարող հեղափոխությունից հետո գտնվել էնպիսի վիճակում, որ իրավունքները խախտված մնան»,- ասաց նա։

«Բաց հասարակություն հիﬓադրաﬓեր – Հայաստանի» փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը խոսեց այն օժանդակությունների մասին, որ տվել է հիմնադրամը այս դեպքերով դատական գործեր սկսելու համար, որոնց մի մասն արդեն ՄԻԵԴ-ում է քննվում։

«Շուրջ մեկ տարի առաջ մեր կողմից աջակցություն ստացած գործերից մեկի շրջանակում, որը վերաբերում է Թեղուտի հողերի ունեզրկմանը, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, և սկսվել է երկրորդ գործընթացը, որտեղ 65 ընտանիքի ունեզրկման հարցը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է  իրավունքի խնդիր, և հիմա մեր տեղական ատյանները վերաբացել են էդ գործերը»,- ասաց նա։

Ամարյանի խոսքով՝ քաղհասարակության գործիքակազմը շատ սահմանափակ է եղել այս դեպքերով, ուղղակի հավաքել են փաստեր, կազմել հաշվետվություններ, իրավապաշտպաններն ու փաստաբանները փորձել են ունեզրկված քաղաքացիների  իրավունքների պաշտպանությունն իրականացնել բոլոր հնարավոր հարթակներում։

«2018-ի իրադարձություններից հետո քաղհասարակության ներկայացուցիչները որպես լուծման տարբերակ տեսնում էին և շարունակում են տեսնել անցումային արդարադատությունը՝ որպես գործիք, որը դարձավ այլ կառույցների կողմից շահարկման առարկա։ Անցումային արդարադատություն ասելով՝ մենք նկատի ունենք անցյալին գնահատական տալը, բայց չենք ուզում, որ դա լինի հատվածական, գնահատականը չի վերաբերելու միայն կոնկրետ անձանց իրավունքների ոտնահարմանը կոնկրետ անձանց կողմից։ Այդ գնահատականը հնարավորություն կտա խուսափել այնպիսի շահարկումներից, որ 2000-ականներին երկնիշ տնտեսական աճ է եղել»,- ասաց նա։

Խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ Հայկ Բիանջյանի լուսանկարների ցուցադրությունն է՝ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter