HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է կենսաթոշակն ու խնամքի նպաստը տրամադրել անկանխիկ եղանակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակն ու խնամքի նպաստը վճարել անկանխիկ եղանակով՝ որոշ բացառություններ սահմանելով։

Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Այս փոփոխությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի խնայել կանխիկ գործարքներին հատկացող գումարը։ Նախարարության հաղորդմամբ՝ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման ծառայություններ ձեռք բերելու համար 2018 թվականին հատկացվել է 1 մլրդ 439 մլն դրամ, որից 1 մլրդ 329 մլն դրամը՝ կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռք բերման համար։

Կենսաթոշակը կանխիկ վճարելու համար նախարարությունն առաջարկում է սահմանել բացառություններ, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Իսկ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ, ինչպես նաև 75 տարին լրացած կենսաթոշակառուն կարող է ընտրել կենսաթոշակը ստանալու անկանխիկ կամ կանխիկ եղանակը։

Նախարարությունը նախատեսում է բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ մինչ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է նաև խնամքի նպաստը վճարել անկանխիկ եղանակով։ Բացառություն կլինի այն դեպքում, եթե ծնողը  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։ Այնինչ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։

Այս դեպքում ևս մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։

Նշենք, որ մի շարք ոլորտներում անկախնիկ գործարքներ ներդնելու առաջարկ ներկայացրել է Կենտորնական բանկը՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter