HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները:

Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին  փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձևավորմանը՝ ստեղծելով բոլոր կարևոր դերակատարների մեկ շարունակական և համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:

Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված  է ոչ միայն դատական ​​համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլև դատախազական և քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարևորել է նաև Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական և ընտրական բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն:

Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին`  ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter