HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Չինարիում կանայք գյուղատնտեսական կոոպերատիվ են հիմնել

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում բնակվող յոթ կանայք հիմնել են «Չինարիի սածիլ» կոոպերատիվը և զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ։ Կոոպերատիվն աճեցնում է վարունգի, լոլիկի, պղպեղի սածիլներ և մշակում դրանք։ 

Կոոպերատիվը հիմնել են այս տարի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Սկզբում դրա կազմում ընդգրկվելու ցանկություն է հայտնել տասը կին, սակայն աշխատանքները սկսելիս մնացել են յոթը։

«Շոգ օրերին ժամը 6-7-ից գալիս ենք, որ գոնե մինչ ժամը 10-ը հասցնենք մեր գործը, գնանք տուն, մեր այգիները, տնամերձերը մշակենք»,- ասում է Գեղեցիկ Միրզոյանը։

Վերջինս Չինարիում ապրում է միայնակ, որդիները բնակվում են Մոսկվայում, սակայն նա չի ցանկանում լքել գյուղը, ասում է՝ չի կարողանում Չինարիից կտրվել։ Միայն ձմռան ամիսներին է այցելում որդիներին։

Կոոպերատվի կանայք երբևէ չեն մտածել բիզնես հիմնելու, ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին։

«Չենք մտածել, որ մի անգամ մենք էլ կարող է աստղ լինել»,- ծիծաղելով ասում է Գեղեցիկ Միրզոյանը։

Աճեցրած բանջարեղենը կանայք հիմնականում վաճառում են գյուղում, իսկ առավել մեծ խմբաքանակի դեպքում հասցնում են Բերդ, որը Չինարիից 30 կմ հեռու է։

Աճեցրած բանջարեղենն ամբողջովին չեն կարողանում իրացնել։ Ասում են՝ պատճառը գյուղի հեռու լինելն է։

«Էսպես ստացվում է, որ ամբողջ օրը չարչարվում ենք, բայց օրը կարող է 1000 դրամ էլ դուրս չգա։ Ամառը նույնիսկ օր է եղել, որ մինչ 100 կիլո լոլիկ ենք ունեցել, բայց 100 դրամով են ուզել։ Բայց 100-ով մինչև Բերդ հասցնենք, մեր ճանապարհածախսն էլ դուրս չի գա»-ասում է Գեղեցիկ Միրզոյանը։

Կանայք կոոպերատիվի աշխատանքներն ավարտելուց հետո զբաղվում են իրենց այգիների և տնամերձերի մշակմամբ։ Ունեն խաղողի, խնձորի, թզի այգիներ, մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ։ 

Կանայք ներգրավվել են կոոպերատիվի աշխատանքներում՝ կողմնակի եկամուտ ստանալու և իրենց առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով։

«Մտածեցինք, որ կոոպերատիվի միջոցով կանանց ապրելակերպը կփոխվի։ Էս ամեն ինչը մեր ձեռքերով ենք արել։ Նույնիսկ հիմքը՝ ցեմենտը, մենք ենք քանդել։ Մեծ քարերը մեր ձեռքերով ենք հողի մեջից հանել։ Ահավոր տանջանք է եղել»,- ասում է կոոպերատիվի մյուս անդամը՝ Անահիտը։ 

Նա ասում է, որ հարմար կլինի,եթե իրացնողները գան, տեղում իրենցից գնեն բանջարեղենը։ 

Մեծ ջերմոցի կողքին կառուցվել է նոր փոքր ջերմոց։ Այն դեռևս չի գործում, սակայն կանայք ցանկանում են գարնանն այնտեղ կանաչ լոբի մշակել։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter