HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցը

Հոկտեմբերի 7-ին  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Պաշտպանության նախարարությունից քննարկմանը մասնակցել են նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, ինչպես նաև իրավաբանական, ռազմաբժշկական, զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վեր հանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

Քննարկվել են խնդիրների լուծման կոնկրետ ուղիները, ինչպես նաև հստակեցվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների հետ հետագա համագործակցության ուղղությունները:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար նման քննարկումներն ունեն կարևոր նշանակություն և նպաստում են արագ լուծումներ գտնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter