HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

WCIT 2019-ի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսում առաջին անգամ հայտարարվել է HighConnect հարթակի մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ինչպես հաղորդում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, Հակոբ Արշակյանը իր բացման խոսքում նշել է, որ WCIT 2019-ին մասնակցում են ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ․ 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ՝ նախարարների, փոխնախարարների, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների գլխավորությամբ։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է դարձնել տարածաշրջանային կենտրոն, որը հնարավորություն կտա նաև օտարազգի ձեռներեցներին, նորարարներին գալու Հայաստան,  ունենալ արագ կտրուկ զարգացում։

Ասուլիսի ընթացքում բանախոսները հանդես են եկել հայտարարություններով՝ Հայաստանում սփյուռքի ներուժի ներգրավվածության մասին:

Ըստ հաղորդագրության՝ Երվանդ Զորյանը  և Սերժ Թանկյանը ներկայացրել են HighConnect հարթակը, որն առաջիկայում կներդրվի Հայաստանում։ Սերժ Թանկյանը նշել է, որ այն հայկական թվային պլատֆորմ է, որը թույլ կտա տարբեր հետաքրքրություն ունեցող մարդկանց առցանց կապ հաստատել միմյանց հետ։

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտել է՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը հավելել է, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի:

«Իրոք, հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և աշխարհասփյութ հայության միջև»,-ասել է Իսրայելյանը:

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» նախագծի մասին, որի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցի ընթացքում արդեն ստորագրվել է հուշագիր։ Սա թույլ կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ձեռնարկություններին, ձեռներեցներին, որոնք կազմակերպություն են հիմնում մեր երկրում, HighConnect ցանցի միջոցով ուղիղ կապի մեջ լինել Սիլիկոնային հովտի և աշխարհի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter