
Հատուկ քննչականի հանք շահագործող պաշտոնյայի թանկարժեք գույքն ու բիզնեսները
Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանը հանք շահագործող պաշտոնյաներից է։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությունները 10 հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունք ունեն:
Դավիթ Սուքիասյանը Հատուկ քննչական ծառայությունում սկսել է աշխատել 2017 թ-ի հուլիսից՝ որպես աշխատակազմի ղեկավար։ 2018 թ-ի հունիսից դարձել է ՀՔԾ գլխավոր քարտուղար։
2018թ-ին Սուքիասյանը չի հայտարարագրել որևէ բաժնեմաս, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ վերջինս հանդիսանում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «ՄԼ Մայնինգ» ընկերության 100 տոկոս բաժնետերը։ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 199 մլն 145 հազար դրամ։ Սուքիասյանը տարբեր տարիներին բաժնեմասեր է ունեցել «ՄԼ Մայնինգի» 5 իրավանախորդ ընկերություններում, որոնք են «ՄՄ Վինինգ», «Սենդ Մայնինգ», «Փոլե Գրուպ», «ԴԼՍ Գրուպ» և «Անի-Կվարց» ընկերությունները։
Աղբյուրը՝ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարը պեռլիտի ավազի հանքավայրի արդյունահանման հայտ է ներկայացրել
Data.hetq.am-ի հարցին, թե ինչու ՀՔԾ գլխավոր քարտուղարը չի հայտարարագրել «ՄԼ Մայնինգի» իր բաժնեմասը, Սուքիասյանը պատասխանել է, որ 2018թ-ից առ այսօր իրեն շահաբաժին չի վճարվել։
Սուքիասյանն այս տարվա ապրիլից Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Վահեհ Թահմասիյանի հետ հանդիսանում է նաև «Դակավա քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերերից (33%) մեկը։
Սուքիասյանը փոխառությամբ գումար է տվել ու «մոռացե՞լ»
Պաշտոնը ստանձնելու դրությամբ, Սուքիասյանն ունեցել է 120 միլիոն դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 80 հազար եվրո։ 2017թ-ի տարեվերջյան հայտարարագրում Սուքիասյանի դրամական միջոցներից մնացել է մոտ 39 միլիոն դրամ, 130 հազար դոլար և 80 հազար եվրո։
2018թ-ին Դավիթ Սուքիասյանի ֆինանսական միջոցները նվազել են։ Պաշտոնյան հայտարարագրել է մոտ 49 միլիոն դրամ և փոխառության հանձնած 78 մլն 900 հազար դրամ և 80 հազար եվրո։ Նույն տարում ՀՔԾ պաշտոնյան գնել է նաև 18 600 ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց։
Դավիթ Սուքիասյանը data.hetq.am-ին ուղղված գրավոր պատասխանում իր ֆինանսական միջոցների նվազումը պայմանավորել է մի քանի հանգամանքով։ Հայտնել է, որ գումարը նվազել է, քանի որ այդ ժամանակ փոխառության է հանձնել 80 հազար եվրո և մոտ 79 միլիոն դրամ, նաև գնել է բաժնեմասեր առևտրային ընկերությունում, ձեռք է բերել 38 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա և 18 600 դոլար ԱՄՆ արժողությամբ թանկարժեք գույք։
2017թ-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Դավիթ Սուքիասյանը նշել է, որ ունի փոխառության կարգով հանձնած 1 միլիարդ 126 միլիոն 500 դրամ, 375 հազար դոլար և 20 հազար եվրո։ Պաշտոնավարման հետագա տարիներին նշված գումարն այլևս չի հայտարարագրվել։ Data.hetq.am-ի հարցին, թե որտեղ է ծախսվել, ներդրվել կամ նվիրաբերվել պաշտոնը ստանձնելու դրությամբ փոխառության հանձնած այդ գումարը, Սուքիասյանը չի անդրադարձել։
Խոշոր ֆինանսական միջոցներ ունեցող, թանկարժեք մեքենաների և զարդերի սիրահար Դավիթ Սուքիասյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրերի, եղել է մոտ 4,5 մլն դրամ տարեկան աշխատավարձը։
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին «Հետք»-ը անդրադարձել էր Դավիթ Սուքիասյանի բիզնես կապերին։
Մեկնաբանել