HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ

Մրցունակության համաշխարհային նոր զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 69-րդն է աշխարհի 141 երկրների մեջ: Զեկույցը հրապարակել է Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ)։ Այս զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է ըստ մրցունակության 12 հենասյուների, ինչպիսիք են մակրոտնտեսական միջավայրը, ապրանքների շուկան, ենթակառուցվածքները, ֆինանսական համակարգը, առողջապահությունը և այլն։ Դրանք ամբողջական կոչվում են Համաշխարհային մրցունակության ցուցիչ (ՀԱՄ ցուցիչ)։

Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 70-րդ տեղում էր 140 երկրների շարքում։ Այս տարի դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով։

2019 թվականի զեկույցի արդյունքներով՝ աշխարհի ամենամրցունակ երեք երկրներն են Սինգապուրը, ԱՄՆ-ն և Հոնկոնգը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Շվեյցարիան։ Հաջորդում են Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, տասնյակը եզրափակում է Դանիան։

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ադրբեջանը (11 կետ), Ղազախստանը (4 կետ), Մոլդովան (2 կետ) և Ղրղզստանը (1 կետ): Խմբում Հայաստանը բարձրացել է 4-րդ տեղ՝ գրանցելով դիրքի բարելավում 1 կետով: Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետ), Տաջիկստանը (2 կետ) և Ուկրաինան (2 կետ): Ռուսաստանը պահպանել է 2018 թվականի դիրքը՝ մնալով խմբի առաջատարը։ Զեկույցի հեղինակները Եվրասիա տարածաշրջանում ներառել են հետևյալ  երկրներին՝ Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան։

Իսկ բոլոր 141 երկրների շարքում Ռուսաստանը 43-րդ տեղում է, Ղազախստանը՝ 55-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը 74-րդ, Ուկրաինան՝ 85-րդ, Մոլդովան՝ 86-րդ, Ղրղզստանը՝ 96-րդ և Տաջիկստանը՝ 104-րդ։

Ինչպես նշեցինք, երկրների մրցունակությունը գնահատվում է ըստ 12 հենասյուների։ Հայաստանը մի քանի հենասյուներով զբաղեցրել է համեմատաբար բարձր հորիզոնակններ, սակայն մի շարք հենասյուներով էլ վատագույն տեղերում է։ Այսպես, ամենաբարձր ցուցանիշը Հայաստանը գրանցել է աշխատուժի շուկա հենասյունով և զբաղեցնել է 32-րդ տեղը 141 երկրների մեջ։ Իսկ վատագույն արդյունքը գրանցվել է շուկայի չափ հենասյունով՝ զբաղեցնելով 118-րդ տեղը 141 երկրների շարքում։

Իսկ ըստ ստացված միավորների՝ Հայաստանն ամենաբարձր միավորները գրանցել է առողջապահություն հենասյունով՝ առավելագույն 100-ից 81 միավոր։ Ամենացածր միավորները կրկին շուկայի չափին են վերաբերում՝ ընդամենը 38 միավոր։

Նշենք, որ զեկույցը կազմելիս Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ Հայասատանից համագործակցում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի մրցակցային թերություներն են կապիտալի շուկայի զարգացվածության ցածր մակարդակը, սոցիալական կապիտալի ցածր մակարդակը, աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում, համախառն ներքին արդյունքի փոքր ծավալները, ավտոտրանսպորտային կապակցվածությունը։ Հայաստանը ցածր հորիզոնականներում է նաև նավահանգստային ծառայությունների արդյունավետության չափանիշներով, որի հաշվարկներն անելիս գնահատվել է Հայաստանին ամենամոտ նավահանգիստը։

Իսկ որպես Հայաստանի առավելություններ նախանշվել են գնաճի ցածր մակարդակը, աշխատավարձային հարկերի ցածր մակարդակը, բիզնես սկսելու համար անհրաժեշտ կարճ ժամանակահատվածը, վարկեր/ ՀՆԱ հարաբերակցության աճը, բնակչության ապահովումը էլեկտրաէներգիայով, օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դյուրինությունը և այլն։

Ինչպես փոխանցում են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնից, նախորդ երկու տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են գրանցվել «Հաստատություններ», «Ենթակառուցվածքներ», «Մակրոտնտեսական կայունություն» և «Ֆինանսական համակարգ» հենասյուներում։ Իսկ մրցունակության գործոնների առավել ուշագրավ բացասական փոփոխությունները կապված են եղել կրթական հաստատությունների շրջանավարտների և ապագա աշխատուժի հմտությունների հետ։ Հաշվի առնելով տեխնոլոգիաների դերը տնտեսական զարգացման հետագա փուլում՝ երկրի առաջընթացը և բարեկեցության հասնելու պոտենցիալը պայմանավորված կլինեն ապագային մարտահրավերներին և արագ փոփոխություններին պատրաստ և համապատասխան հմտություններով զինված աշխատուժի առկայությամբ։

Հիշեցնենք, որ զեկույցի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

Հայաստանը «Համաշխարհային մրցունակության զեկույցում» առաջին անգամ ընդգրկվել է 2005 թվականին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը 117 երկրի շարքում: Բայց հաջորդող տարիներին՝ մինչև 2013-ը, ավելի ցածր դիրքերում է եղել։ 2013-ին նորից հայտնվել է 79-րդում։ Հաջորդող երկու տարում՝ 85-րդ և 82-րդ։ Այս ընթացքում զեկույցում տեղ գտած երկրների ընդհանուր թիվը ևս փոփոխվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter