HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով հարցաքննվեց «ԿՌԱԶ»-ը խմբի անդամներին տրամադրած Խաչատուր Գիչյանը

ՊՊԾ գնդի գրավման առթիվ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործով դատարանը հասել է գնդի գրավման և այլ արարքների մեջ մեղադրվող անձանց հարցաքննությանը, որոնց գործերը այս գործից անջատ են քննվում:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործով անցնում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սեդրան Նազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը և Արայիկ Խանդոյանն, որը մահացել է:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց  գնդի գրավման գործով մեղադրյալ Խաչատուր Գիչյանը: Վերջինս մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին իր «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան տրամադրելու մեջ:

Գիչյանը պատմեց, որ 2016-ի հուլիսի 16-ին ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը և Էդվարդ Գրիգորյանը եկել են և իրենից խնդրել իր «ԿՌԱԶ» մակնիշի մեքենան։

«Մխիթարը մեքենան ուզեց կամ քար պիտի կրեին կամ բուկսիր քաշեին, դա իմ տղու ավտոն էր, իրավունք չունեի տալու, բայց տվեցի»,- ասաց Գիչյանը՝ նշելով, որ Մխիթարին ճանաչում է հանրահավաքներից:

Մեղադրողի հարցին՝ արդյոք խմբի անդամներն իրեն առաջարկե՞լ են իր «ԿՌԱԶ»-ով գնալ ՊՊԾ գունդ և հարվածել դարպասներին, Գիչյանը պատասխանեց.

«Ես գի՞ժ եմ, ինչ եմ, տանեմ էդ ավտոն տամ պատին»։

Գիչյանն ասաց, որ քննիչի մոտ սկզբում նշել է, որ ստիպված է տվել իր մեքենան, մինչդեռ դատարանում նշեց, որ իր կամքով է տվել։

Դատարանում հրապարակվեցին Գիչյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում նա պատմել է, որ հուլիսի 16-ին «Նախախորհրդարանի» անդամներից մեկը եկել և հետաքրքրվել է մեքենայի տեխնիկական վիճակով, այնուհետև հայտնել, որ այն ուզում են օգտագործել քարշակման նպատակով, ինչին ինքը համաձայնել է։

«Հաջորդ օրը՝ հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ինձ կրկին այցելեց նույն մարդը և ասաց, որ հանուն հեղափոխության պետք է իմ մեքենայով արագության տակ հարվածեմ և մտնեմ ՊՊԾ գնդի տարածք, իսկ մնացածն իրենց գործն է։ Ինձ ասաց, որ հանուն հեղափոխության պարտավոր եմ տալ թե՛ մեքենան, թե՛ կյանքս։ Ես բացատրեցի, որ հեղափոխության կողմնակից եմ, բայց բացառապես խաղաղ ցույցերի եղանակով։ Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ եթե ես հրաժարվեմ, ինձ կդիտեն որպես դավաճան և հաշվեհարդար կտեսնեն հետս, իսկ եթե փախչեմ՝ կոչնչացնեն ընտանիքս»,- պատմել է Գիչյանը՝ նշելով, որ սպառնալիքի ազդեցության տակ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պայմաններում խմբի անդամները մեքենան խլել և տարել են։

Դատարանում այլ անձինք այսօր չհարցաքննվեցին, նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter