HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հավերժի ճամփորդը. տպագրվել է գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանին նվիրված պատկերագիրք

Ոչ պարտք ունեմ բախտին, ոչ առնելիք անբավ

Դրեք խաչը մեջքիս՝ ես Գողգոթա կերթամ,

Մի բուռ հողս խոնավ, որ ինձ պիտի հասնի

Կարող եմ տալ բոլոր

Մեռյալներին անթաղ...

                               (հեղ. Զավեն Կոշտոյան)

Վերջին անգամ՝ հարցազրույցի նպատակով, գյումրեցի ճանաչված ու սիրված քանդակագործ Զավեն Կոշտոյանի հետ հանդիպել էի 2015թ.-ի հոկտեմբերի 10-ին: Երկու օր առաջ մեծ շուքով 75-ամյակն էին նշել արվեստագետներով՝ տրամադրությունը բարձր էր: Արվեստանոցում մատնացույց անելով գործերի մի շարք, որ կոչել էր «Կապրիզներ»՝ ասաց, թե ուզում է առաջնահերթ դրանք ավարտել»: Շրջվելով պահարանի վրա դրված բրոնզաձույլ մի գործի ուղղությամբ՝ նկատեց. «Իսահակյանի «Լիլիթն» է, սա էլ ավելի մեծ մասշտաբով անելու ցանկություն ունեմ, թե որ...» ու խոսքը կիսատ թողեց: 

Հարցրի, թե ո՞րն է ամենասիրած ստեղծագործությունն ու ստացա լակոնիկ մի պատասխան. «Նոր պիտի ստեղծեմ»: Մեկ տարի անց՝ 2016թ.-ի հուլիսի 1-ին, Զավեն Կոշտոյանը հեռացավ կյանքից: Մահից երկու ամիս առաջ, Ավ. Իսահակյանի թանգարանում, կազմակերպվեց Վարպետի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: «Մնաց գործերիս կատալոգը», իրեն բնորոշ բարեսրտությամբ չգիտես ինքն իր, թե շրջապատողների համար կատակել էր քանդակագործը՝ ակնարկելով տարիներ շարունակ փայփայած եւ ինչ-ինչ պատճառներով կյանքի չկոչված նպատակներից մեկը:

Մահից 3 տարի անց իրականություն դարձավ քանդակագործի ընտանիքի եւ արվեստագետ ընկերների ցանկությունը՝ պատկերագիրք, որ ներկայացնում է Զավեն Կոշտոյանի աշխատանքներն ու ստեղծագործական ուղին: «Զավեն Կոշտոյանը, կարելի է ասել, Անանիկյանի, Մկրտիչ Արմենի գիծը շարունակողն է իր քանդակներով, որ ներկայացնում է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Գյումրին: Սա մշակութային որոշակի շերտ է, որ միայն Կոշտոյան Զավենն է ցույց տվել: Նա մի ամբողջ դպրոցի հիմնադիր կարող է համարվել»,- ասում է արվեստաբան Արաքս Մարգարյանը: 

Պատկերագրքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու համար Գյումրու քաղաքապետին էր դիմել Գյումրու նկարիչների միության նախագահ Գագիկ Մանուկյանը: Մարտի 12-ին կայացած նիստում ավագանին որոշել էր, որպես նվիրատվություն, համայնքի բյուջեից 1 մլն դրամ հատկացնել պատկերագրքի ստեղծմանը: Հետագայում, գրքի տպաքանակի ավելացման հետ կապված, եւս 400 հազար դրամ է տրամադրել Զավեն Կոշտոյանի աշակերտներից Հրայր Բաղումյանը: Գրքի ստեղծման վրա աշխատել են Արաքս Մարգարյանը, Տիգրան Պասկեւիչյանը, Հասմիկ Բերդիկյանը, լուսանկարիչներ, ձեւավորումը կատարել է Մկրտիչ Մաթեւոսյանը: Պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ Զավեն Կոշտոյանի ծննդյան օրը:

Քանդակագործի դուստրը՝ Մերի Կոշտոյանն, ասում է, թե պատկերագրքի մասին խոսակցությունները, քննարկումները, նյութերի հավաքագրումը սկսվել էին դեռեւս 2009թ-ին, սակայն տպագրությունն անընդհատ հետաձգվում էր տարբեր պատճառներով: «Պիտի շնորհակալություն հայտնեմ հատկապես արվեստաբան Արաքս Մարգարյանին, որ եղավ էս ամեն ինչի շարժիչ ուժը, որ նախաձեռնեց, կազմակերպեց, գումար հայթայթեց եւ ի վերջո, համընդհանուր ջանքերով ամբողջացավ հայրիկիս ցանկությունը, որը մեզ համար նաեւ հոգու պարտք էր, հատկապես նրա մահից հետո»:

Ցանկացած արվեստագետ ունի նախընտրած թեմա: Զավեն Կոշտոյանը նախընտրում էր քանդակել 20-րդ դարասկզբի գյումրեցի արհեստավորին: Մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց, թե քաղաքային իշխանություններին առաջարկ ունի՝ Գյումրիում ունենալ արհեստավորի արձան՝ հավաքական կերպար, որպես խորհրդանիշ. «Կուզեն թող կոչեն Անտիկենց Թաթոս, ես ուզում եմ պարզապես այդ կերպարը, որի մեջ խտացված կլինի Ալեքպոլի արհեստավորական դասը՝ ներկայացված լինի Գյումրիում»: Հետո քմծիծաղ տվեց ու ձեռքը թափ տալով նկատեց, թե քաղաքը, ցավոք միշտ չէ, որ տեր է լինում իր ունեցածին: «Դու որ քանդակում, պրծնում ես, գործդ տանում են՝ վերջ, դու էլ տերը չես, էն էլ քոնը չէ: Իմ գործերը դրված են Գյումրիում, ես որ տեսնում եմ, գիտեմ թե իմն է, բայց չէ՝ քաղաքինն է ու իրենք էլ ինչպես ուզեն կվարվեն՝ կտեղափոխեն, կհանեն, կմատնեն մոռացության՝ իրենց ձեռքն է»:

Կոշտոյանն այն քանդակագործներից էր, որ հիմնականում քանդակում էր պատվերով, ասում էր՝ իմ գործերը չեն գնում, «պուպուշ» չեն, ցուցահանդեսների ժամանակ իրենից ընդամենը երկու գործ է վաճառվել, մնացած դեպքերում պատվիրել են՝ պատրաստել է: 1940 թ-ին Էրզրումից Գյումրի տեղափոխված ոսկերչի ընտանիքում ծնված Զավեն Կոշտոյանի համար հոր գործընկերը ճարտարապետի ապագա էր գուշակել: Քանդակագործը պնդում էր, թե մասնագիտության ընտրության հարցում երբեք չի տատանվել: Դեռ մանուկ հասակից, երբ հոր արհեստանոցում գործիքներն էր դասավորում, գիտեր, որ քանդակագործ է դառնալու:

Կոշտոյանը սիրում էր տարբեր առիթներով կրկնել, թե ինքը Ռոդենի ծոռն է: Առաջին անգամ լսողներն անակնկալի էին գալիս, իսկ քանդակագործը, մանկան հրճվանքով, ժպիտից կկոծած աչքերը հառելով դիմացինին, սկսում էր բացատրել. «Ես Ռոդենի ծոռն եմ, գիտեի՞ր, չիդեի՞ր, հըմի պատմեմ: Քանդակի այբ-բենն ինձ սովորեցրած ուսուցչուհիս՝ Թերեզա Միրզոյանը, քանդակագործ Նիկոլաձեի աշակերտն է, իսկ Նիկոլաձեն էլ սովորել է Ռոդենի մոտ, ուրեմն ես էլ Ռոդենի ծոռն եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter