HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է օլիմպիական խաղերի չեմպիոններին ու մրցանակակիրներին ամսական պատվովճար տրամադրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է ամսական պատվովճար տրամադրել Հայաստանում բնակվող օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին ու մրցանակակիրներին, Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին։

Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է այդ պատվովճարները հատկացնել 2020 թվականի հունվարի 1-ից։

«Սա կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում»,- որպես հիմնավորում նշել է նախարարությունը։

Առաջարկվող նախագծով՝ օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները ամսական կստանան 200 հազար դրամ պատվովճար, երկրորդ տեղը գրաված մարզիկները՝ 140 հազար դրամ, երրորդ տեղը գրաված մարզիկները՝ 100 հազար դրամ։

Ամսական պատվովճարներ նախատեսվում նաև օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզիչներին։

Մասնավորապես՝ ամսական 50 հազար կտրամադրվի օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին (4 տարի ժամկետով), 40 հազար դրամ՝ 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին (մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով), 30 հազար դրամ՝ 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին (մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով)։ Երկու տարի ժամկետով 40 հազար դրամ էլ կտրամադրվի օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին։

Լուսանկարում՝ 2016թ․ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / © olympic.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter