HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բաղրամյանի ավագանին խնդրում է գյուղին շնորհել քաղաքի կարգավիճակ

Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքի ավագանին որոշել է խնդրել մարզպետին, որպեսզի վերջինս միջնորդ դառնա Կառավարության կողմից համայնքին քաղաքի կարգավիճակ շնորհելու հարցում:

Պատճառաբանությունն այն է, որ Բաղրամյան շրջկենտրոնը կառուցված է տիպային, քառահարկ շենքերով, անհատական տներով: Համայնքն ապահոված է 24-ժամյա խմելու ջրով, գազիֆիկացված է, գործում են կոմունալ ենթակառուցվածքները: Ունի 1150 աշակերտի համար նախատեսված դպրոց, սակայն այնտեղ հաճախում է մոտ 80 երեխա:

Բացի այդ, համայնքում է գտնվում Բաղրամյանի ոստիկանության բաժանմունքը, գյուղում գործում է բանկ, տեղակայված է կադաստրի գրասենյակը, անձնագրային բաժանմունքը, սոցիալական ապահովության ծառայության Բաղրամյանի տարածքային բաժինը, նոտարական գրասենյակը և այլն:

«Բաղրամյանն ունի զարգացման լավ հեռանկարներ: Նախատեսված էր, որ Բաղրամյան շրջկենտրոնը ապագայում կունենար 10 000 բնակիչ և կստանար քաղաքի կարգավիճակ»,- նշել են ավագանու անդամները:

Նշենք, որ Թալինի շրջանի խորհրդային տնտեսությանը կից նոր հիմնադրված ավանը 1983թ. կոչվել է Բաղրամյան, որն էլ դարձել է Բաղրամյանի տարածաշրջանի կենտրոնը: Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիրից կազմում է 18 կմ: Բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված, ինչպես նաև Ջավախքից և Հայաստանի այլ շրջաններից տեղափոխված ընտանիքներով:

Ներկայում Բաղրամյանի բնակչության թիվը մոտ 1050 մարդ է:

Լուսանկարը՝ «Վիքիպեդիա»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter