
Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը
Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Այս մասին ասվում է Արա Վարդանյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...
Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։
Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաև հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին»։
Արձագանքելով իրեն կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշմանը՝ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ ընկերներ
Ժողովրդավարության, խոսքի ազատության և իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:
Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են մերոնքի ու ձերոնքի բաժանմանը: «Մերոնքի» համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնքի» համար՝ ապօրինի հետապնդումներ և անազատություն:
Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են:
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում և պայքարելու եմ մինչև այս աբսուրդին վերջ տրվի։
Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն:
Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա։
ԱԱԾ-ն ինձ անօրինական ձևով առաջին ամգամ շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեց։ Ձերբակալման համար չկար որևէ հիմք։
Ի դեպ, այս ընացքում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուղղակի գետնով են տալիս մեր իրավապահ մարմինների պատիվը։ Ես այս ամենին այլ հայացքով եմ նայում ու պատկերացրեք, որ առողջ բան եմ գտնում այս ապօրինությունների մեջ: Մարդիկ ինքնաբացահայտվում են ու շատ շուտով պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:
Հարգելի՛ ընկերներ, ձեզ պինդ պահեք, ամեն ինչ դեռ առջևում է:»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել