HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու համար հողամաս հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանը 1 հեկտար հողամաս տրամադրել՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու համար:

Հատկացված հողամասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում։ ՀԿ-ն այն կարող է օգտագործել 25 տարի ժամկետով։

«Ներառական վերականգնողական կենտրոն-ճամբարի ստեղծման արդյունքում մայիս-հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվի ճամբար ամսական առնվազն 100 երեխաների համար՝ իրականացնելով ֆիզիոթերապիա, հոգեբանական թերապիա, արտ-թերապիա, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններ: Տարեկան առնվազն 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ կկարողանան վայելել իրենց համար անհասանելի ամառային հանգիստը և առնվազն 400-ը կստանան շոշափելի արդյունքներ ունեցող վերականգնողական բուժում»,- Կառավարությանը տեղեկացրել է կազմակերպությունը։

«Բարի մամա» ՀԿ-ն ընտրել է Սևանը՝ ընդգծելով, որ լճի ափամերձ հատվածներում ամառ-աշուն ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը ավելի քան 18˚C է, ինչը բարենպաստ է լողալու և ջրային թերապիաներ անցկացնելու համար: Բացի այդ, տարածքում սոճիների առկայությունը օգտակար է երեխաների թոքերի ամրացման, շնչառական խնդիրներ ունեցող և ալերգիկ երեխաների կազդուրման, բորբոքային կամ վիրուսային փուլում գտնվող օրգանիզմների վերականգնման համար:

Կազմակերպության հաղորդմամբ՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբարի ստեղծումը անհրաժեշտություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, քանի որ նման ներառական կենտրոն-ճամբար գոյություն ունի միայն Վրաստանում՝ Ուռեկիի ափին, բայց ունի այլ ուղղվածություն:

Բարեգործական կազմակերպությունը Կառավարությանը հայտնել է, որ արդեն 5 տարի մանկական հաշմանդամություն ունեցող սաների, ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների, սահմանամերձ գյուղերում բնակվող անչափահասների համար կազմակերպում են ճամբարներ։ Սակայն տարբեր հանգստյան տներում մշտապես բախվում են տարբեր խնդիրների (ոչ պատշաճ պատրաստված սնունդ, թեքահարթակների բացակայություն, հասարակության կարծրատիպային վերաբերմունք և այլն)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter