Կարեն Գասպարյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Կարեն Գասպարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ` խուլիգանությունը` անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Նշենք, որ ի սկզբանե Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության սպառնալիք հասցնելու` քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որը, փաստորեն, փոխվել է ավելի մեղմ հոդվածի:
Գասպարյանի մեղադրանքը կապված է 2018 թվականի ամռանը Վարդավառի տոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:
Այսպես, 2018-ի հուլիսի 8-ին` Վարդավառի օրը, Կարեն Գասպարյանն ընտանիքի հետ նոր գնված մեքենայով Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքով անցնելիս դույլերով լի ջրերով խաղաղացող երեխաներից մեկը ջուր է լցրել Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո միջադեպ է տեղի ունեցել նրա և երեխայի հոր միջև:
Վիճաբանությունից հետո երեխայի հայրը` Ավետիք Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ վերը նշված միջադեպից հետո Կարեն Գասպարյանի որդին իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ Սարգսյանն, ըստ իր հաղորդման, ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:
Մեքենայի վրա ջուր լցրած երեխան էլ պնդել է, որ Կարեն Գասպարյանը փորձել է իր գլուխը մտցնել առվի մեջ:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու հոդվածներով: Գործը սկզբնական շրջանում քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում` նկատի ունենալով, որ Սերգեյ Գասպարյանը ոստիկանության աշխատակից է: Հետագայում Սերգեյ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և գործը Կարեն Գասպարյանի մասով ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ քննությունը շարունակվում էր շուրջ 1 տարի:
Այս պահին դեռևս գործը դատարան չի ուղարկվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել