
Առաջարկվում է 6 ամիս ընտանեկան նպաստ տրամադրել այն ընտանիքին, որի աշխատունակ անդամն աշխատանքի կանցնի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 6 ամիս ընտանեկան կամ սոցիալական նպաստ տրամադրել այն ընտանիքներին, որոնց աշխատունակ անդամը աշխատանքի կանցնի։
Նախարարությունն առաջարկում է նաև ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ հաշվի առնել 100 հազար դրամ և ավել գումարով ամենամսյա վարկեր սպասարկելու հանգամանքը:
Նման առաջարկություն է նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Նախագիծն ընդունվելու դեպքում կբարձրանա համակարգի հասցեականությունը, ինչպես նաև` ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազբաղվածությունը)՝ նպաստ ստանալուց»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այս նախագծով նախատեսվում է նաև այդ ընտանիքներին թույլ տալ օգտվել զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից։
Նախարարությունն ակնկալում է նպաստառու ընտանիքների համար ստեղծել ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորություններ և ապախթանել պետական նպաստը ստանալու հանգամանքը։
«Նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու համար, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Այս առաջարկություններն, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մշակել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, որն ուսումնասիրում էր ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրները, համակարգի հասցեականությունը։
Մեկնաբանել