HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարը ելույթ է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում

Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավական» թեմայով։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Արցախի պետականաշինության գործընթացում ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները:

Իր խոսքում արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը և պետական անկախության մասին Հռչակագրի ընդունումը տեղի են ունեցել միջազգային իրավունքին և այդ ժամանակ գործող ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան: Արցախը իրավունք է ունեցել ստեղծելու անկախ պետություն՝ ինքնորոշման իրավունքի իրացման կարգով և անջատման իրավունքին համապատասխան, որպես պաշտպանության միջոց՝ Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական խտրականության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, էթնիկ զտումների պայմաններում:

Մասիս Մայիլյանը նշել է, որ երկար ժամանակ այն կարծիքն էր գերիշխում, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Արցախի միջազգային ճանաչման համար: Սակայն, հենց սկզբից խաղաղ կարգավորման գործընթացը բախվել է անհաղթահարելի խոչընդոտի՝ Ադրբեջանի կողմից առճակատման տրամաբանությունից հրաժարվելու չկամության հետ, ինչը հանգեցրել է ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությանը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և խթան կհանդիսանա բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։ Ավելին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը թույլ կտա անվտանգության ապահովման նպատակով կիրառվող կոշտ ուժին, կամ ռազմական միջոցներին զուգահեռ գործածել նաև փափուկ ուժ, այսինքն՝ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է Արցախի ճանաչման կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության  տեսանկյունից՝  նշելով, որ Արցախի քաղաքացիների առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցության նվազեցման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն կամ նրանց ներուժի իրացումը պետք է սահմանափակված չլինի միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում:

Արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ հանրապետության ժողովրդի ազատության և արդարության ձգտմանը սատարելու և Արցախի միջազգային կապերի զարգացմանն աջակցելու համար։ Մասիս Մայիլյանը նշել է, որ համաժողովը Արցախի մեկուսացման և նրա քաղաքացիների միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելու անթույլատրելիության մասին միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter