HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդն արտագնա նիստ է գումարել Լոռիում

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ է գումարել Լոռիում։ Այցի նպատակն է եղել տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին: Խորհուրդը նախ եղել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին, «գույքագրել» առկա խնդիրները, ապա խորհրդակցություն անցկացրել Վանաձորի նստավայրում: 

Աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվել է արդարադատությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերի քննարկման վրա: Արձանագրվել է, որ էլ-արդարադատության գործիքների ներդրումն անխուսափելի է, և այդ համակարգի, մասնավորապես՝ դատակենտրոնի կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև էլ-դատավարության ծրագրային ապահովման ներդրմամբ հասանելի ու մատչելի կդառնա ոչ միայն ողջ արդարադատական գործընթացը, այլև այն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կարևոր ցուցիչ կհանդիսանա հանրային հաշվետվողականության բարձրացման, դատական իշխանության թափանցիկության ապահովման համար:  Ներկայացվել է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Խորհրդի կողմից գործնական քայլեր են տարվում նաև վճարման կարգադրությունների ավտոմատացման ուղղությամբ:

Շեշտվել է, որ Խորհուրդը դատավորների արդյունավետ գործունեությունն ապահովող խնդիրներին լուծում տալուն զուգահեռ առաջնահերթ է համարում միջազգային գործընկեր կառույցների հետ անմիջական և կառուցողական համագործակցությունը և նախատեսում է միջազգային փոխգործակցության տարբեր ծրագրերում նաև մարզային դատավորների ներգրավվածությունը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ դատական համակարգի միջազգային լավագույն փորձին, գործնական հմտություններին և օգտակար գործիքակազմերը կիրառել ամենօրյա աշխատանքում:

Հանդիպման ժամանակ կարևորվել է դատական իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև առողջ երկխոսության ձևավորումը, ինչպես նաև մեդիաներկայացուցիչների հետ շփումներում «Զանգվածային լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» մասին Խորհրդի ընդունած որոշման դրույթներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:

Տեղի է ունեցել ակտիվ քննարկում: Դատավորների կողմից ներկայացվել են իրենց հետաքրքրող տարբեր այլ հարցեր:

Խորհրդի նախագահը, իր խոսքում ամփոփելով մարզային այցելության արդյունքները, շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ է կարևորում դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի, դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը:

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց են կատարել նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացան դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter