HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ելույթ է ունեցել «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։

Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ այն մեծ հնարավորություններ է  ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է
շոշափելի արդյունքներ գրանցել։ 

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև մեկ այլ կարևոր իրադարձության՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի  «IEEE» (Institute of
electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ  ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Նախարարը խոսել է նաև բոլոր ժամանակներում հայ գիտնականների ունեցած նվաճումների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր չէր ունենա տեխնոլոգիական այս զարգացումը, եթե  նախորդ տասնամյակներում այդքան գիտական ներուժ չկուտակվեր և ռեսուրսներ չներդրվեր գիտության առաջընթացի համար։

«Այն, ինչ այսօր կա տեխնոլոգիական զարգացման առումով, և այն առաջանցիկ տեմպերը, ինչով այսօր զարգանում ենք, շատ մեծ կապ ունի, թե ինչքան ուշադրություն է դարձվել գիտությանը, գիտնականին և ինչքան ջանքեր են գործադրվել Ակադեմիայի ինստիտուտներում և այլ ուղղություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման առաջանցիկ ծրագրերով զբաղվելու ուղղությամբ։ Մենք նորից վերաիմաստավորում  և վերաարժևորում ենք գիտության
դերը, պետք է նորից ջանքեր գործադրենք գիտության զարգացման համար»,- ասել է նախարարը։

Հակոբ Արշակյանը անդրադարձել է նաև նախարարության՝ գիտության և գիտահետազոտությանը վերաբերող գործունեությանը։ Նա ներկաներին տեղեկացրել է, որ հաջորդ տարվա համար պաշտպանական արդյունաբերության բյուջեն, որն ամբողջությամբ գիտահետազոտական է, կրկնապատկվել է։

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ հաջողությամբ էր կազմակերպել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը շատ կաևոր դեր ունի մեր երկրի համար։
Անդրեա Վիկտորինը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանի տնտեսությանը, մասնավոր հատվածին ն և ամենակարևոր ճյուղերից մեկի՝  
տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության, աշխատատեղերի բացման, երիտասարդ կադրերի առաջընթացի համար ստեղծված հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։