HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրքի տոնին նվիրում են գիրք և ոչ միայն…

«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում`հարստացած»:

                                                Անգլիացի պատմաբան-աստղագետ Վ. Օլքոթ  

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ` տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից: Այս տարի Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: 

Տոնի առթիվ զրուցել ենք ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Նրանք, իհարկե, մասնակցելով տոնին հնարավորություն չունեն անձամբ գիրք նվիրել ընթերցողին, այնուամենայնիվ, տարբեր սերունդների, մասնագիտության  և խառնվածքի տեր անձինք կմասնակցեն տոնին` ընթերցողին պատմելով իրենց սիրելի գրքի մասին, որն անուղղակիորեն կնվիրեն հենց նրան: 

Հովհաննես Չարխչյան-գրող, գրականագետ - «Հաղթական կամար», Էրիխ Մարիա Ռեմարկ 

Գիրքը, սիրած ստեղծագործությունը նման է աղմկոտ խնջույքի. քեզ թվում է` ապրում ես ուրիշի կյանքով, հանկարծ բացահայտում ես, որ դա հենց քո կյանքն է:

Առաջին տպավորությունը գրքից ինտուիտիվ է, նրանից  որոշակի տեսարաններ են տպավորվում, սակայն բացատրություն չի գտնում` ինչու այն սիրվեց: Որոշ ժամանակ է անցնում, իրադարձությունները  հաջորդում են իրար, և դուք նորից վերադառնում եք գրքին` պատահական կամ` անհրաժեշտաբար:  

Երեխա ժամանակ, ինչպես շատերը, հրապուրված էի պատմավեպերով, արկածային և դետեկտիվ գրականությամբ, արդեն պատանի հասակում կարդում էի գրքեր, որոնց մեծ մասի իմաստը չէի  ըմբռնում, պարզապես չէի կարդում այն, ինչ իմ հասակակիցներն էին կարդում.կարծես ինքս ինձ ինչ-որ բան էի ուզում ապացուցել…

Որպեսզի ամեն կարդացած արդյունք տա, մի գիրքը պետք է մյուսի հաջորդականությունը դառնա, լրացնի մյուսին: Արդյունքում համապատասխան գույնը կտեղադրվի ներկապնակի ճիշտ տեղում:

Արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ կարդացել ինձ վրա ամենաշատը տպավորություն գործած Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը»: Գրողի վարպետությունն ապշեցրել է ինձ. կորստի ցավը ներկայացված է այնքա˜ն իրական, իսկ իրադրությունները` տրամաբանական լուծումներով:

Ստեղծագործության հերոսը կորցրել է ամեն ինչ` ընտանիք, հարազատներ, հայրենիք, ապագա չունեցողը գիտակցում է, որ չպիտի կորցնի ամենակարևորը` վաղվա օրը: Եվ, երբ թվում է` ելք չկա, հայտնվում է Ժուանը` կին, որը մարդկային  իր տեսակն է`կնոջ կերպարանքով: Նրանք արդեն երկուսով են, ունեն փոքրիկ աշխարհ, որտեղ կարող են կառուցել վաղվա օրը, բայց պատրանքն անցնում է. աշխարհը մնում է անապագա: Եվ հենց այստեղ է, որ ընդգծվում է Ռեմարկի խորությունը. թվում է` գրողը պիտի ջանք չխնայեր` սիրո կորստի էքսցենտրիկ տեսարանները ներկայացնելու հարցում, այնինչ էջերն ընթերցվում են սպասվածից սառը. հերոսը պատրաստ էր ամենաթանկը կորցնելուն, ու դու հասկանում ես, որ դա է միակ տրամաբանական լուծումը: 

Լիլիկ Ստեփանյան- խմբագիր (CivilNet.TV), ԲԳԹ ասիստենտ, ԵՊՄՀ դասախոս - «Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի 

Կյանքի այս փուլում գրասեղանիս վրա մշտապես հոգևոր գրքեր են:

Քանի որ դպրոցահասակ աղջիկ ունեմ, նրա հետ հաճախ եմ զրուցում «ինչ կարդալու» մասին: Աղջիկս, ինչպես իր հասակակիցներից շատերը, երբեմն համակարգչային խաղը նախընտրում է գրքից: Գրքին նախապատվություն տալու հարցում անչափ օգնեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Կարծում եմ` այն բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործություններից մեկն է: Այն միակն է, որը ես պարբերաբար վերընթերցում եմ, հիմա արդեն` աղջկաս հետ, հետաքրքրական է, որ առաջին անգամ ես էլ ստեղծագործությունն ընթերցելու խորհուրդ ստացել եմ գրականության ուսուցչից, երբ դեռ դպրոցահասակ էի` ճիշտ աղջկաս տարիքին:

«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք… ». հատկապես այս տողը մեծապես տպավորել է ինձ: 

Արմեն Ադամյան-երաժիշտ. «Բարև, թախիծ», Ֆրանսուա Սագա 

Մանկուց դաստիարակվել եմ մանկավարժների ընտանիքում, գիրքը մշտական ուղեկիցս է եղել:

Գեղարվեստական ստեղծագործության արժեքն ինձ համար անփոխարինելի է, ի տարբերություն, օրինակ, ֆիլմի, որտեղ իրադարձությունների ամեն դետալի վրա կենտրոնացնողը ռեժիսորն է, այստեղ ընթերցողը միանգամայն ազատ է:

Տոնի առթիով հատուկ նվեր կանեմ օրիորդներին`առաջարկելով ընթերցել Ֆրանսուա Սագայի «Բարև, թախիծը»: Ստեղծագործությունն էությամբ իգական է, այնքա˜ն նրբորեն են նկարագրված օրիոդից կին անցումային շրջանի յուրահատկությունները: Աղջիկներին և կանանց միշտ խորհուրդ եմ տվել կարդալ այս գիրքը: Ստեղծագործության կերպարները տարբեր են, բայց բոլորին կապում են այդ շրջանի յուրահատկությունները: Վստահ եմ, որ ընթերցողը իր բազում հարցերին պատասխան կստանա: Ընդ որում, գիրքը միայն իգական սեռի ներկայացուցիչներին չէ, որ նվիրում եմ, սա հատուկ «դպրոց» կորող է հադիսանալ տղամարդկանց համար: Նրանք օրիորդներին ու կանանց վերաբերող բազում հարցերի պատասխաններ կգտնեն:

Արփինե Հովհաննիսյան-իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս-«Մարդկային կատակերգություն». «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը», Օնորե դը Բալզակ

Եթե հնարավորություն ունենայի`գրքի տոնի առթիվ ընթերցողին կնվիրեի «Մարդկային կատակեգության» ամբողջ շարքը: Սեր, ատելություն, փոքրոգություն, դավաճանություն, շռայլություն, որը միտում ունի վերածվելու մինչև մարդկային կյանքը խորտակող լկտիության, շարքը կարելի է շարունակել, որտեղ կարելի է տեսնել մարդկային հարաբերությունների ամենաբարդ և բազմաստիճան դրսևորումներ:

Օնորե դը Բալզակն ինձ համար մինչև այս պահը չգերազանցված հեղիանակ է:

Մարդկային կատակեգության ամբողջ շարքի մեջ հետաքրքրականն այն է, որ նկատելի է կապը` շարքի մաս կազմող ստեղծագործությունների միջև. մեկ իրադրության երկրորդական հերոսը մյուս իրադրության գլխավոր հերոսն է:

Զգացմունքային առումով ամենահարազատը ժողովածուի «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» ստեղծագործությունն է, որտեղ նկարագրված է այդ ժամանակաշրջանի Ֆրանսիայի բոհեմական կյանքի բարքերը: Բալզակ առաջին անգամ երկրորդ կուրսում եմ կարդացել, երկու  տարի անց մեկ շնչով ավարտել եմ ամբողջ «Մարդկային կատակերգությունը»:

Բալզակյան հերոսներին հիշելով` հասկանում ես, որ այսօրվա կյանքում էլ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն ժամանակներն ու բարքերը: Կուզենայի, որ Բալզակի ստեղծագործությունները ուրախ ավարտ ունենային, բայց պարզ է, որ այդ դեպքում, թերևս, դրանց ուժը չէր լինի նույնքան ազդեցիկ:

Այս գրողը, և ստեղծագործությունը` մասնավորապես, անկախ ստեղծագործության սյուժեից է գրավում. վերանալով ժամանակից և տարածությունից` էլի հասկանում ես Բալզակին և նրա նկարագրած «ՄԱՐԴ» տեսակին: Կար ժամանակ, երբ ես մատիտով ընդգծում էի նրա գործերում հայտնաբերած ամեն նոր միտք: Նույնը խորհուրդ կտամ և ընթերցողին: 

Հակոբ Պապիկյան-հաղորդավար (Ռադիո Վան, Կենտրոն հեռուստաընկերություն)-«Ոճիր և պատիժ», Ֆյոդոր Դոստոևսկի 

Վեպն ինձ համար մարդկային եսի փնտրտուքի խորքային ներկայացման լավագույն օրինակն է:

Մեղքի մեջ կորած մարդու համար ինքնարդարացման ուղիները, հերոսի` կյանքն այլ կերպ ընկալելու հատկությունը նկարագրող վեպը անգերազանցելի է: Դոստոևսկու լուծումը` հերոսի հոգու խաղաղությունը վերադարձլու համար խոստովանեցնելն ու Աստվածաշնչի միջոցով ճշմարիտ ուղու վրա դնելը հատկապես կարող է ուսուցողական լինել ընթերցողի համար: Վեպի մասին երկար խոսել չեմ կարող…պարզապես կասեմ` կարդացե´ք այն:

Շուշանիկ Գևորգյան-ռեժիսոր (Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոն) - «Հարյուր տարվա մենությունը», Գաբրիել Գարսիա Մարկես 

...«Մի օր ես ծնվեցի ու ...մայրս ինձ ամուր գրկեց...ու գտա մորս... հետո ծննդատնից «եկա» տուն ու...հայրս ջերմ նայեց ինձ... ու գտա հորս, հետո քույրս ինձ ժպտաց...նրան էլ գտա....հետո լսեցի քեռուս լացը, որ հուզվել էր իր քրոջ «երկրորդ աղջկա» ծնվելու փաստից....նրան էլ գտա...ու էդպես շարունակ ինչքան ապրում էի`գտնում էի...երևի չփնտրելուց էր... Բայց մի բան կա, որ փնտրել եմ նախքան կգտնեի......տարածությունը: Տարածությունը...դա երևի ամենահրաշալի ազատությունն է`քո տարածքը...ռեալության ու ամենաաբսուրդ ռեալության «շոշափելի զգալը»....Մարկեսը ինձ իր բառերով բացատրեց ինչ եմ փնտրում ու մենք կես խոսքից հասկացանք իրար ու էդպես մի ամբողջ վեպ մնացինք «միասին»...Հարյուր տարվա մենությու՞ն... Երևի..այո...դա այն է...ինչ ես տեսնում եմ...իմ զգացած աշխարհն է...Դու ազատ ես, դու բանական ես ու զգայական, քո երկու, երեք,հինգ, տասը սրտերը շնչում են մի ռիթմով,ու հարմոնիկ է աշխարհը..ու երաժշտություն է, քանզի երաժշտությունը անսկիզբ է, ուրեմն և անվախճան... դու երաժշտություն ես...դու էլ ՀԱՎԵՐԺ ես...մահ չկա..կյանքը երաժշտության պես հնչում է ամենուր...Լսիիիր, լսիիր....Այսպես է շշնջում Մարկեսն իմ ականջին ու մենք կրկին գնում ենք միասին մեր հարյուր տարվա մենության ճանապարհով..հավերժության ճանապարհով....ու լսում ենք մեր տարածությունը…

Աննա Բաբաջանյան
ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանություններ (1)

Աննա Բաբաջանյան
Արմեն Ադամյանի սիրած հեղինակը աշխարհին հայտնի է ՖրանսուաԶ ՍագաՆ անունով... Саган, Франсуаза — Википедия

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter