HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սկսվեց ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գործի քննությունը. տուժողը Հնդկաստանի քաղաքացի է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր սկսվեց Ազգային անվտանգության ծառայության երկու պաշտոնատար անձանց կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափով  կաշառք ստանալու և  պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Գործի մասին, հիշեցնենք, հաղորդագրություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտնելով, որ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի շրջանակներում իր շարքերում բացահայտել է նման դեպք:

Ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել շուրջ երեք ամիս առաջ՝ 2019-ի հուլիսի վերջին: Ըստ գործի նյութերի՝ ԱԱԾ աշխատակիցները ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ:

Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմն ընթերցեց ամբաստանյալների մեղադրանքները:

Այսպես, Էդիկ Ափոյանը մեղադրվում է այն բանում, որ,  հանդիսանալով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, ԱԱԾ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Գևորգ Գաբրիելյանի  հետ շորթմամբ, Գաբրիելյանի մտերիմ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ Հնդկաստանի քաղաքացի Սանդիպ Արջունի Կաուշիկից  պահանջել են ու ստացել առանձնապես խոշոր չափով կաշառք, բացի այս` ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, որով էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիս ամսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիպ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ, շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում: Այդ նպատակով Գևորգ Գաբրիելյանն այցելել է այն բնակարան, որտեղ բնակվելիս է եղել  Սանդիպ Կաուշիկը, ով Հայաստանում ունի կացության իրավունք: Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, առանց համապատասխան թույլտվության զննել Կաուշիկի բջջային հեռախոսը, նոթբուքը, ապա հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետությունից նամակ է ստացել Հայաստանից նրան վտարելու վերաբերյալ, ցույց տվել նրա անձնագրի, կացության քարտի, սահմանահատումների վերաբերյալ փաստաթղթերի պատճեններն ու պահանջել որպես կաշառք իրեն փոխանցել տանն այդ պահին ունեցած ամբողջ գումարը՝ սպառնալով հակառակ դեպքում անձամբ ստուգել և գտնել գումարը: Արդյունքում Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացուց ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այս ժամանակահատվածում բնակարանում եղել է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի: Գաբրիելյանը նրան, ինչպես նաև Կաուշիկին ուղեկցել է Ազգային անվտանգության ծառայություն ու տարել Էդիկ Ափոյանի աշխատասենյակ, որտեղ արդեն, ըստ մեղադրանքի,  Սանդիկ Կաուշիկի շահերը  չոտնահարելու և նրան Հնդկաստանին չհանձնելու  դիմաց պահանջել են 50 հազար դոլար գումար, պահանջը չկատարելու դեպքում՝ սպառնացել ստեղծել կեղծ ապացույցներ Կաուշիկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Այս ընթացքում Սանդիպ Կաուշիկին ձեռնաշղթաներ են հագցրել, իրենց մոտ պահել նրա և նրա հետ գտնվող անձի անձնագրերը, որից հետո ստացել են Սանդիպ Կաուշիկի համաձայնությունը՝ 50 հազար դոլար կաշառքը տալու վերաբերյալ:

Պահանջված գումարի մի մասը ստանալու նպատակով խմբի անդամ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, հանդիպել է տուժողին ու ստացել 7900 դոլար գումար: Այդ հանդիպման  ընթացքում Սանդիպ Կաուշիկը հայտնել է, որ չի կարող վճարել պահանջված 50 հազար դոլարը, կարող է տալ ընդհանուր 20 հազար դոլար: Ըստ գործի՝ դրանից հետո Գևորգ Գաբրիելյանը զրույց է ունեցել Էդիկ Ափոյանի հետ, որից հետո Կաուշիկից պահանջել է ևս 8000 դոլար կաշառք, որին նա համաձայնել է: 

Կաշառքի մնացած մասը ստանալու համար, ըստ մեղադրանքի, Գևորգ Գաբրիելյանն իր մտերիմ Գոռ Մարտիրոսյանի հեռախոսից զանգահարել է Սանդիպ Կաուշիկին, ով հայտնել է, որ գումարը փոխանցել է իր ծանոթի միջոցով, վերջինս հերքել է այդ հանգամանքը:

Ստեղծված իրավիճակը հստակեցնելու նպատակով Գևորգ Գաբրիելյանը Գոռ Մարտիրոսյանի հետ այցելել է Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց, հանդիպել այնտեղ գտնվող Կաուշիկին և ընկերոջն, ում միջոցով, Կաուշիկի պնդմամբ, փոխանցվել է կաշառքի մնացած մասը:

Չկարողանալով պարզել երկու ընկերների  խոսքերի միջև եղած հակասությունը՝ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ընկերոջ՝ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ Կաուշիկին ու ընկերոջը տեղափոխվել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկը, որտեղ նրանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, նրանց տվել բահեր՝ պահանջելով փորել իրենց իսկ գերեզմանը, ապա սպառնացել, որ կաշառքի մնացած գումարը չտալու դեպքում նրանց  ետ է վերադարձնելու նույն վայր:

Հետո խմբի անդամներն, ըստ մեղադրանքի, իմացել են, որ գումարը  գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ այն անձի մոտ, ում այցելել էին Կաուշիկն ու ընկերը:  Ըստ մեղադրանքի՝ Գոռ Մարտիրոսյանը Ափոյանի և Գաբրիելյանի կողմից կաշառք ստանալը հեշտացնելու և նրանց կողմից անձամբ կաշառքը ստանալու դեպքում հնարավոր բացահայտման խոչընդոտը վերացնելու դեպքում գնացել է այդ անձի հիվանդասենյակ ու ստացել կաշառքի առարկա հանդիսացող 4800 դոլար գումար:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին:

Նշենք, որ ԱԱԾ-ում հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է Սանդիպ Կաուշիկը` 2019-ի հուլիսի 31-ին: Հաղորդման մեջ նա հայտնել է, որ պահանջված գումարից 3700 դոլար դեռևս պետք է ստանան: Գևորգ Գաբրիելյանի պաշտպան Արման Թամրազյանը կասկածելի համարեց այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում չկա որևէ տեղեկություն այն մասին, որ ԱԱԾ-ն այս  տեղեկությունը ստանալուց հետո իրականացրել է կաշառք տալու և ստանալու նմանակում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառուները:

«Ակնհայտ է, որ նման տեղեկություն ստանալու դեպքում ԱԱԾ-ն պետք է իրականացներ  այս գործողությունները: Պաշտանական կողմը համոզմունք ունի, որ օպերատիվ մարմիններն իրականացրել են այս գործողությունները, սակայն դրանց արդյունքները տվել են իրենց համար բացասական արդյունք, այսինքն՝ դրական արդյունք ամբաստանյալների համար, և դրանք չկան գործի նյութերում»,- ասաց Արման Թամրազյանը: Վերջինս դատարանին միջնորդեց օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից պահանջել այդ տեղեկությունները: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը:

Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև տուժող Սանդիպ Կաուշիկը: Երբ ամբաստանյալներից Գևորգ Գաբրիելյանի  պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նրա տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դեռևս գործի նախաքննության ընթացքում դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ, տուժողն առարկեց: Նա հիշեցրեց, որ ամբաստանյալն իրեն տարել է գյուղ,  սպառնալիքներ հնչեցրել ու մտավախություն հայտնեց, որ եթե ոչ աբաստանյալներն, ապա այն անձինք, որոնց հետ իրենք առնչություն կունենան, կվնասեն իրեն:

Դատարանն, այնումենայնիվ, միջնորդությունը բավարարեց և այս գործով ամբաստանյալների տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու որոշում կայացրեց:

Դատական նիստն այսօր հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter