HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ քննարկվել են զինծառայողներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված Զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի քարտուղարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: «Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է»,-բացման խոսքի ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններ ներկայացվել է առաջարկություն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ ՀՀ վարչապետին կենսագործելու նպատակով»,- ասել է Արման Թաթոյանը։

Նիստին քննարկվել են զինված ուժերում կարգապահության ամրապնդման և մահվան դեպքերի նվազման, զինապարտների առողջության պահպանման, զինված ուժերում կանանց ներգրավման, զինվորական ծառայության անցնելու և ծառայությունից արձակվելու գործընթացում առաջացող խնդիրները։

Քննարկվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հիմնահարցերը: Անդրադառնալով իրավախախտում կատարած զինծառայողների հարցին՝ Պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ զինծառայողին պատասխանատվության ենթարկելուց առաջ պետք է վեր հանել զինծառայողի կողմից կատարած իրավախախտման պատճառները:

Դա հետագայում կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն: Հանդիպմանը մասնակցող Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները։ Պաշտպանը մշտապես կարևորում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և Պաշտպանության նախարարության ու շահագրգիռ մյուս պետական կառույցների գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter