HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդկությունը մի օր ստեղծել է բանտը, մի օր էլ հրաժարվելու է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտեր կային նաև հին աշխարհում, բայց համոզված եմ` մարդկությունը մոտեցել է այն փուլին, երբ առհասարակ դրանք վերանալու են՝ իրենց տեղը զիջելով առանց ճաղերի վայրերին: Մարդիկ հրաժարվելու են բանտերից, քանի որ դրանց անհրաժեշտությունն այլևս չի լինելու: Դարեր առաջ հանցագործությունների դեմ պայքարելու այլ տարբերակ չուներ մարդկությունը, քան հաճախ հակառակորդին, անցանկալի անձանց, քաղաքական թշնամիներին կամ պարզապես հանցանքի մեջ մեղադրվածներին մեկուսացնել հասարակությունից, և հորինվեցին բանտերը՝ մեկուսացման վայրերը: Եվ անգամ գիտություն ստեղծեցին՝ բանտագիտություն:

Սակայն իրավական պետություններում վաղուց արդեն աստիճանաբար ներդրվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ, ու դրանց թիվը գնալով ավելացնում են: Զուգահեռաբար զբաղվում են հանցագործությունների կանխարգելմամբ: Իրավական շատ երկրներում, որտեղ հանցագործությունների կանխարգելման վրա են առավել մեծ գումարներ ներդրվում, բանտեր են կրճատվում: Այդպիսի երկրներում, որտեղ վերականգնողական արդարադատություն է, ոչ թե պատժողական, վաղուց գիտակցել են՝ մարդուն բանտ նետելը և ազատությունից զրկված պահելը չի վերացնում և նույնիսկ չի նվազեցնում հանցագործությունների քանակը, հանցագործությունների թիվը չի նվազեցնում նույնիսկ պատժի խստությունը, այլ պատասխանատվության անխուսափելիությունը: Մարդուն էլ, որպես կանոն, բանտը ավելի լավը չի դարձնում, չնայած նման բացառիկ դեպքեր լինում են: 

Այսօր գիտության և տեխնիկայի զարգացման աստիճանը թույլ է տալիս նախ ավելի արդյունավետ կանխարգելել հանցագործությունները և հետո առանց ազատությունից զրկելու վերահսկել դատապարտյալին, ուղղել նրա վարքագիծը: Արդյունավետ միջոցներից կարող են լինել, օրինակ, տեսահսկող սարքերի տեղադրումը և քրեակատարողական համակարգի կողմից` մոնիտորների միջոցով մշտադիտարկումը, էլեկտրոնային ապարանջանների օգտագործումը: Այս վերջին միջոցի մասին դեռ մի քանի տարի առաջ խոսվում էր, թե Հայաստանում էլ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց է կիրառվելու, երբ անձը տնային կալանքի մեջ լինի, բայց, կարծես, դեռ կյանքի չի կոչվել դա: Առհասարակ, քաղաքային միջավայրում որակյալ տեսախցիկների, նաև քաղաքի վրա թռչող սարքերի միջոցով շատ հանցագործություններ կարող են կանխվել, իսկ տեղի ունեցածներն էլ արդյունավետ բացահայտվել:

Եվրոպական մի շարք երկրների օրինակներով կարելի է նաև կառուցել հետաքրքիր «մեկուսացման» վայրեր, որտեղ ազատազրկվածները կարող են լինել իրենց հարազատների հետ: Դրանք կլինեն գյուղեր կամ փոքրիկ քաղաքներ, որտեղ դատապարտյալները կաշխատեն և ընտանիքները մշտապես կարող են իրենց կողքին լինել: Հայաստանում կան գյուղեր, որտեղ դասարաններում մեկական աշակերտ է սովորում: Եվ ահա այդ դատարկվող գյուղերը, հատկապես՝ սահմանամերձ, կարող են շենացնել հենց դատապարտյալները: Այդ մասին դեռ տարիներ առաջ մի մրցույթի շրջանակներում ես առաջարկել էի: Այդ տարածքը կունենա ժամանակակից արգելագոտի` ոչ թե պատերի տեսքով, այլ էլեկտրոնային-ազդանշանային համակարգի: Առաջին հայացքից կարող է թվալ, թե սրանք շատ ծախսատար նախագծեր են, սակայն իրականում առավել ծախսատար է այն քրեակատարողական համակարգը, որը գործել է տասնամյակներ: Պետական բյուջեից տասնյակ տարիներ հսկայական գումարներ են դուրս գրվել շինարարական աշխատանքների համար, սակայն այդ գումարները արդյո՟ք արդյունավետ են օգտագործվել: Տասնամյակներ շարունակ ազատազրկվածների սննդի, հագուստի և կենցաղային պարագաների համար պետական բյուջեից ահռելի մեծ գումարներ են դուրս գրվել, սակայն իրականում նորանկախ Հայաստանում տասնամյակներ հիմնականում ընտանիքներն են ազատազրկված հարազատին կերակրել: Իրականում տասնամյակներ շարունակ անհրաժեշտ է եղել բանտերում պահել հնարավորինս շատ բանտարկյալ, որ մշտապես պետական բյուջեից փողերի առատ հոսք ապահովի: Ինչպես գիտեք, ազատազրկման վայրերում որպես կանոն հայտնվել են սոցիալապես անապահով մարդիկ, իսկ մեծ գումարներ ունեցողները կամ առհասարակ չեն պատժվել` խուսափելով արդարադատությունից, կամ ազատազրկման վայրերում հայտնվելով` շատ արագ վերադարձել են ազատություն:

Հանուն արդարության պիտի նշեմ, որ հեղափոխությունից հետո Քրեակատարողական համակարգում նկատելի են դրական փոփոխություններ՝ վերականգնողական ծրագրեր կան հիմա, կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նախադեպ չեն ունեցել իրենց բովանդակությամբ և այլն: Բայց եթե քրեակատարողական համակարգում կան դրական փոփոխություններ, ապա դատաիրավականում՝ այդպիսիք դեռ նկատելի չեն: 

Այնուամենայնիվ, արագ տեմպերով զարգացող աշխարհի մաս կազմելով՝ պետությունները մի օր կհրաժարվեն հարկադրանքի միջոցների կիրառման բաղկացուցիչ հանդիսացող բանտ կոչված երևույթից՝ միգուցե ստեղծելով ժամանակակից՝ առանց ճաղերի ու պատերի հատուկ վայրեր՝ շենացող գյուղեր ու փոքր քաղաքներ, որտեղ կլինեն պատիժ կրողները, բայց նրանք չեն կոչվի ազատազրկվածներ:  

 

Մեկնաբանություններ (1)

Լեյլի Արևիկյան
Մեր շատ սիրելի Մհեր Ենոքյան ջան գաղտնիք չի,որ դու միշտ էլ փայլում էս քո մտածելակերպով և գիտակցությամբ:Ես հույսով ու հավատտով սպասում եմ ,որ դու նոր Հայաստանում կլինես ազատության մեջ և քո տաղանդն ու գիտելիքները կներդնես Հայաստանի զարգացման,բարորության և որ ամենակարևորն է ԱՐԴԱՐՈւԹՅԱՆ գործում: Ազատություն Մհեր Ենոքյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter