HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիային պատուհասել է վերջին 60 տարիների ամենաուժգին թայֆունը

Ճապոնական կղզեխմբի ամենամեծ՝ Հոնսյու կղզու 7 միլիոն բնակիչներ անհապաղ տարհանման մասին նախազգուշացում են ստացել «Հագիբիս» անունը ստացած թայֆունի պատճառով։ «Հագիբիս»-ը թագալերենից (Ֆիլիպինների պաշտոնական լեզուներից մեկը) թարգմանաբար նշանակում է «արագություն»։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է Չիբա քաղաքում, որտեղ 5-րդ կատեգորիայի փոթորկին հավասար ուժգնություն ունեցող քամին ավտոմեքենան շրջել է նրա վրա։

Տեղատարափ անձրևների պատճառով նաև սողանքների դեպքեր են արձանագրվել։ Նշվում է, որ սա վերջին 60 տարիներում Ճապոնիային պատուհասած ամենահզոր թայֆունն է։ Նմանատիպ ուժգնությամբ թայֆուն էր եղել 1958 թվականին, որը դարձել էր 1200 մարդու մահվան պատճառ։

Օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ հանգստյան օրերին մայրաքաղաքային տարածաշրջանում տեղումները կարող են հասնել 500 միլիմետրի, ինչը ծայրահեղ բարձր հավանականությամբ կարող է հանգեցնել ջրհեղեղների և սողանքների։ Հաղորդվում է, որ աղետի շրջանի մի շարք գետեր դուրս են գալու իրենց ափերից։

Դադարեցվել է երկաթուղու գործունեությունը, չեղարկվել են հազարից ավել ավիաչվերթներ։

Մայրաքաղաք Տոկիոյի և նրան հարակից շրջանների հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, չնայած որ մի շարք դեպքերում տեխնիկական ծառայությունները կարողացել են արագորեն վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Ահագնացող թայֆունի պատճառով չեղարկվել են մարզական մի շարք կարևոր իրադարձություններ, մասնավորապես «Ֆորմուլա-1»-ի հերթական Գրան պրին և ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության Անգլիա-Ֆրանսիա և Նոր Զելանդիա-Իտալիա հանդիպումները։

BBC-ն ընդգծում է, որ Ճապոնիայի իշխանությունները նախապատրաստական աշխատանքներ են տարել թայֆունի հասցնելիք վնասները նվազագույնին հասցնելու համար։

Գլխավոր լուսանկարը՝ Jiji PressS / AFP / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter