
Ֆրանսիան դադարեցնում է ռազմամթերքի մատակարարումը Թուրքիային
«Ֆրանսիան որոշել է ընդհատել դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանման բոլոր նախագծերը, որոնք Թուրքիայում կարող են օգտագործվել որպես հարձակման մաս»,- այսօր՝ հոկտեմբերի 12-ին տարածած հաղորդագրությամբ հայտարարել են Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները։
«Այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել են ֆրանսիական լրատվամիջոցները։ Զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսելը Ֆրանսիան պայմանավորել է Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների դադարեցմամբ։
Նույն օրն ավելի վաղ Գերմանիան էր նմանատիպ որոշում ընդունել։ Ըստ «Դոյչե Վելե»-ի՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ «Բիլդին» տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենքի խոշոր ներկրող է Գերմանիայից։
Ակնկալվում է, որ գալիք շաբաթվա սկզբին միասնական եվրոպական դիրքորոշում կձեւավորվի։ «Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը, որը կգումարվի հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում, առիթ կլինի համակարգելու եվրոպական մոտեցումն այս ուղղությամբ»,- ասված է ֆրանսիական երկու գերատեսչությունների տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիան չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հետ իր սահմանին՝ քրդերի դեմ, տեղահան անելով սահմանային բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, որի թիվը, ըստ ֆրանսիական աղբյուրների, հասնում է 100 000-ի։
Լուսանկարում՝ թուրքական ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք տեղակայված են թուրք-սիրիական սահմանին, 12 հոկտեմբերի, 2019, Էմին Սանսար, «Անադոլու» գործակալություն
Մեկնաբանել