Սամվել Նիկոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը`Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ:
Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Հայաստան և Ազգային ժողով այցելելու համար` Ս.Նիկոյանը նշեց, որ այցը լավագույն առիթ է խորացնելու երկկողմ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները:
ԱԺ նախագահի խոսքով` անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգները եղել է մեր պետության կողքին, աջակցություն ցուցաբերել հումանիտար, պետական, ինչպես նաև ժողովրդավարության ոլորտներում, ներգրավված է տնտեսության զարգացման գործում: ԱԺ նախագահը ընդգծեց հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև հումանիտար ոլորտում գործակցությունը:
Միայն այս բնագավառում Միացյալ Նահանգների ներդրումը վերջին 20 տարում կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար, ինչը, Ս.Նիկոյանի գնահատմամբ, էական նշանակություն է ունեցել մեր պետության ու անկախության ամրապնդման համար: Նշվեց, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,-ասաց պարոն Նիկոյանը:
ԱԺ նախագահը ողջունեց նաև ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքով, ՀՀ Նախագահը դիմեց վճռական քայլի` ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ս.Նիկոյանը նշեց, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաև միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից: Բայց Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, և պարզ դարձավ, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռևս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում:
«Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշեց Ս. Նիկոյանը: Ըստ նրա` մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարևանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:
Որպես համագործակցության լավագույն օրինակ ԱԺ նախագահը նշեց միջազգային խաղաղապահ ուժերում հայ զինվորների արհեստավարժ մասնակցությունը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն միջազգային խաղաղության սպառող, այլև ակտիվ մասնակից է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դեյվիդ Դրայերը նախ շեշտեց ամերիկահայերի այն մեծ դերակատարությունը, որը նրանք ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
Ըստ նրա` Միացյալ Նահանգները միշտ էլ արժևորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Դ.Դրայերի խոսքով, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված իրենց պատվիրակության այցի առաքելություններից մեկն էլ այն է, որ ներկայացնեն 223-ամյա պատմություն ունեցող ամերիկյան ժողովրդավարության ավանդույթները: Նշելով հայ-ամերիկյան արդեն ձևավորված սերտ հարաբերությունների մասին` Դ. Դրայերը տեղեկացրեց, որ իրենց խնդիրներից է քննարկել նաև, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ և հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը` որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,-նշեց Դ.Դրայերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` ամերկացի կոնգրեսականը նշեց, որ տնտեսական ու առևտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ճանապարհին: Նա տեղեկացրեց, որ այս մասին անձամբ ասել է նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը:
Իրենց տեսակետները ներկայացրերին նաև կոնգրեսականներ Ջեյմս Մորանը, Ջո Վիլսոնը, Քեննի Մարչանթը և Ադրիան Սմիթը, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք մասնավորապես կարևորեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը, Հայաստանում ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությունը` այդ գործում ներգրավելով ամերիկահայ գործարարներին, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Հարավային Կորոլինան ներկայացնող Ջո Վիլսոնը ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը հրավիրեց այցելել Միացյալ Նահանգներ:
ԱԺ նախագահը պատասխանեց կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: Այս մասին հայտնում է ԱԺ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել