
Հայաստանը տարեկան միջինը մոտ 17 մլն լիտր խմելու և հանքային ջուր է արտահանում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների փոփոխություններին: Այդ քննարկումների արդյունքում որոշվել է փոփոխություններ մտցնել նաև «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի»` Մաքսային միության 044/2017 տեխնիկական կանոնակարգում:
Մասնավորապես, փոփոխվել են այն ստանդարտները, որոնք վերաբերում են ջրի փորձարկումներն իրականացնելու մեթոդներն ու նորմերին: Այդ փոփոխությունների համաձայն՝ ցանկը լրացվել է հանքային և խմելու ջրի կատիոն-անիոնային կազմը և հանքայնացման մակարդակը ուսումնասիրելու մեթոդներով:
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ դա հնարավորություն կտա ապահովել այդ տեսակի ապրանքների լիարժեք նույնականացում, ինչպես նաև՝ համապատասխանեցնել դրանք Միության տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջներին:
Վերջին 6 տարիների տվյալներով՝ Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է 17 մլն լիտր ջուր:
Մասնավորապես, 2014-2019թթ.-ին արտահանվել է մոտ 100 մլն լիտր ջուր, այդ թվում և հանքային՝ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
2014-2019թթ. թեև քիչ քանակաությամբ, բայց Հայաստան նաև ջրեր են ներկրվել: Մասնավորապես 6 տարիների ընթացքում ներկրվել է 3 մլն լիտր խմելու և հանքային ջուր՝ 1,895 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
Մեկնաբանել