HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի գործով «Իգլան» ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի նկատմամբ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետապնդումը դադարեցվել է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակն Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ԱԱԾ-ում քննվող փաստաթղթերի կեղծման վերաբերյալ գործով քրեական հետապնդումը դադարեցվել է: Գլխավոր դատախազությունից «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ Մայիլյանն այն անձն է, ում Սամվել Բաբայանն իր վերաբերյալ դատական նիստերի ընթացքում բազմիցս հրապարակայնորեն մեղադրել է ԱԱԾ-ի հետ համագործակցելու մեջ: Ըստ քրեական գործի նյութերի` ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին և մյուսներին առնչվող գործը բացահայտել է Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու արդյունքում: Մասնավորապես` ԱԱԾ-ն իրականացրել է հեռախոսային խոսակցությունների վերահսկում, այսինքն` գաղտնալսել է Մայիլյանին, և այդ ընթացքում արձանագրվել է նաև վերջինիս խոսակցությունները` կապված «Իգլայի» ձեռքբերման հետ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են «Իգլա»-ն ձեռք բերելու, կրելու և փոխադրելու մեջ: Սամվել Բաբայանն, ըստ գործի նյութերի, եղել է «Իգլայի» պատվիրատուն, իսկ զենքը ձեռք բերելու ուղղությամբ գործողություններ են կատարել Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանը «Իգլա» ձեռք բերելու հարցով դիմել է Արմեն Պողոսյանին, վերջինս էլ իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդու` Ռոբերտ Աղվանյանի միջոցով զենիթահրթիռային համալիրը ձեռք է բերել, պահել իր ավտոտնակում:

Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2014 թվականից ԱԱԾ-ում քննվող գործ է եղել` կապված մաքսանենգության հետ, որի վարույթը կասեցվել է: Շուրջ երեք տարի անց որոշում է կայացվել այս գործի վարույթը վերսկսելու մասին, որի շրջանակներում է Հրաչյա Մայիլյանի նկատմամբ իրականացվել  «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Սամվել Բաբայանն ու մյուսներն իրենց վերաբերյալ քննվող գործի շրջանակներում բազմիցս հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է հանկարծ ԱԱԾ-ն որոշել կասեցված գործի վարույթը վերսկսել ու օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնել` ըստ էության կասկածի տակ դնելով ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների օրինականությունը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում, Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդել է պահանջել Հրաչյա Մայիլյանին գաղտնալսելու վերաբերյալ նյութերը՝ դրանք դատարանում հետազոտելու և որոշման օրինականությունը ստուգելու համար: Երևանի դատարանի նախագահը, սակայն, նյութերը չի տրամադրել` հայտնելով, որ դրանք օրենքով սահմանված կարգով գաղտնազերծված չեն:

Հրաչյա Մայիլյանը ԱԱԾ բերման է ենթարկվել 2017 թվականի մարտի 21-ին՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով արարք կատարելու կասկածանքով: Ըստ նրա վերաբերալ քրեական գործի նյութերի` ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել այն մասին, որ Մայիլյանն իր բնակարաններում և ավտոմեքենայում պահում է անձը հաստատող և մաքսային կեղծ փաստաթղթեր և օրինական շրջանառությունից դուրս առարկաներ: Բերման ենթարկվելուց հետո, ըստ գործի նյութերի, Հրաչյա Մայիլյանը հայտնել է, որ ավտոտնակում պահում է «Իգլա» զենիթահրթիռային համալիրն ու այն ինքնակամ հանձնել է: Այս հանգամանքով է պայմանավորված, որ Մայիլյանի վրայից շուտով ապօրինի զենք կրելու մեղադրանքը հանվել է:

Սամվել Բաբայանի և մյուսների գործը դատարան ուղարկելուց հետո տևական ժամանակ Հրաչյա Մայիլյանն ԱԱԾ-ում քննվող իր վերաբերյալ գործով շարունակել է մեղադրյալի կարգավիճակ ունենալ փաստաթղթերի կեղծման հոդվածով, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն ամիսներ առաջ:

Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նաև, որ Մայիլյանի մասնակցությամբ քրեական գործի վարույթն այս պահին կասեցված է Քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասին  2-րդ կետի հիմքով, այսինքն` «մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ»:

Նշենք, որ վերը նշված անձի նկատմամբ այս պահին հայտարարված է հետախուզում:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ «Իգլայի» գործով մեղադրական դատավճիռը Վճռաբեկ դատարանում բեկանվել է, ու գործն ուղարկվել առաջին ատյան՝ նոր քննության, որով այս պահին դեռևս դատավճիռ չի կայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter