HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի և մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։

Ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ուղղված Համաժողովի շրջանակներում ստեղծված Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ընդլայնմանը, որի գործունեությունը միտված կլինի միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը և նրա ժողովրդի օրինական շահերի պաշտպանությանը։

Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների իրականացման ընթացքը. տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների վերաբերյալ։

Անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը և միջազգային ասպարեզում երկրի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը։ Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի անզիջում բանակցային  դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Խորհրդակցության արդյունքներով Արցախի ԱԳՆ ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter