«Հայացք». Ոստիկանությունը դեռ իրավունք ունի՞ ակնկալելու հասարակության վստահությունը
«Երբ մեղավորները չեն պատժվել, կա՞ երաշխիք, որ բնակչության զանգվածային վարակումը չի կրկնվի». հենց այս վերնագիրն էինք ընտրել «Հայացք» օրաթերթի 2012 թ. հունվարի 10-ի համարում հրապարակված մեր հոդվածի համար, որը հիմնականում Երևանի Նուբարաշեն թաղամասում 2011 թ. խմելու ջրից բնակչության զանգվածային վարակման դեպքի անդրադարձն էր: Նշված հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունից օրերս մեր ստացած պատասխանը փաստում է, որ հոդվածի վերնագրով արտահայտված մեր մտահոգությունը միանգամայն հիմնավոր է: 2003 թ., երբ դարձյալ խմելու ջրից զանգվածաբար վարակվեցին մայրաքաղաքի Արաբկիր, նաև Կենտրոն համայնքի բազմաթիվ բնակիչներ, հարուցված քրեական գործը, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում կարճվեց: Այն ժամանակ այդ քրեական գործի նախաքննությամբ, համենայն դեպս սկզբնական շրջանում, զբաղվում էր ՀՀ գլխավոր դատախազությունը:
Բնական է, երբ մեղավորները մնացին անպատիժ, ենթադրելի էր, որ Երևանում ուշ թե շուտ կլինի խմելու ջրից բնակչության զանգվածային վարակման հաջորդ դեպքը: 2011 թվականին հենց այդպես էլ եղավ: Այս անգամ էլ ոստիկանությունը չցանկացավ մեղավորին կամ մեղավորներին մեղադրանք առաջադրել: ՀՀ օրենսդրության պահանջների անտեսմամբ կարճեց հարուցված քրեական գործը: Դե հիմա ինչպե՞ս չհիշել «նորին մեծության» կոռուպցիայի մասին:
Մեր վերոնշյալ հոդվածի վերջում ՀՀ ոստիկանությանը հրապարակայնորեն հարցրել էինք` ճի՞շտ են տեղեկությունները, որ հիշյալ քրեական գործը կարճվել է, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար բնակչության զանգվածային վարակման համար մեղավոր անձը կամ անձինք այս անգամ ևս քրեական պատասխանատվության չեն կանչվելու: Ոստիկանությունից ստացված պատասխանը հաստատում է մեր ունեցած տեղեկատվությունը` այո, քրեական գործի վարույթը 28.12.2011 թ. կարճվել է: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ: Մինչ այս հարցի պատասխանին անդրադառնալը, համառոտ ներկայացնենք կատարված դեպքն ըստ ՀՀ ոստիկանության:
Հարուցված քր. գործի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Նուբարաշեն թաղամասի 9-րդ փողոցի տները տանող ստորգետնյա ջրատարից հայտնաբերվել է ջրի արտահոսք: Ստորգետնյա ջրատար խողովակի վրա առկա են եղել 4 միջանցիկ վնասվածքներ, իսկ վնասված խողովակի և ջրագծի հատման կետից չորս մետր հեռավորության վրա հայտնաբերվել է բնահողի հունով իրար մոտեցված, ստորգետնյա երեք կոյուղատար խողովակների միացման 60x50 չափի բաց հանգույց: Բուժօգնության դիմած անձանց հասցեների զննությամբ պարզվել է, որ նրանք օգտվել են վնասված ջրատարի և 11-րդ փողոցը սնող ջրատար խողովակաշարի հատման տեղին հաջորդող ջրատարի հատվածի ջրից:
«Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերի երեք ցայտաղբյուրներից և հունիսի 1-3-ը նույն փողոցի շենքերի 6 բնակիչների կողմից հավաքած և պահեստավորած ջրերից վերցված ջրի նմուշներով նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն,- նշված է ՀՀ ոստիկանության պատասխանում:- Ջրի նմուշներից երեքում հայտնաբերվել են մանրէախմբեր, որոնք գոյություն ունեն մարդու և կենդանիների արտաթորանքներում, որոնք էլ կարող են պատճառական կապ ունենալ մարդկանց մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հետ: Նշանակված հիգիենիկ-հակահամաճարակային և ճարտարագիտատեխնիկական համալիր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ է հանդիսացել սուր աղիքային վարակների հարուցիչներ պարունակող, խմելու համար նախատեսված ջրի օգտագործումը»:
Ըստ նույն պատասխանի` ժամանակի ընթացքում նշված հատվածում բնահողի հունում առկա կոյուղաջրերը` նրանցում առկա վարակների հարուցիչներով հանդերձ, ներծծվելով հողի մեջ, «Գառնի» պոմպակայանի անջատման հետևանքով (պայմանավորված` Ազատ գետի վարարմամբ) ջրատարում ջրի ճնշման բացակայության պայմաններում Ա. Ոսկանյանի և Է. Հակոբյանի տները սնուցող ջրատարի վնասված հատվածից կարող էին ներթափանցել 11-րդ փողոցը սնուցող ջրագիծ և այդ հատվածին հաջորդող եռաձև ջրագծերով ջրամատակարարվող բնակիչների մոտ սուր աղիքային վարակներով հիվանդացումների պատճառ դառնալ: Էլ ինչո՞ւ «Կարող էին», հենց այդպես էլ եղել է, եթե ուրիշ բացատրություն չկա:
Դարձյալ ոստիկանության պատասխանի համաձայն` «Երևան Ջուր» ՓԲԸ-ում չի եղել որևէ ծառայություն, որի վրա դրված լինեին վթարների հայտնաբերումն ու կանխումը»: Է, թող ունենային այդպիսի պարտականություն ունեցող ծառայություն, եթե իսկապես չեն ունեցել կամ այլ ծառայության վրա դրված չի եղել տվյալ գործառույթի իրականացումը: Այն, որ ընկերությունը չի ունեցել այդպիսի ծառայություն, ի՞նչ է, նշանակում է, թե բնակչության զանգվածային վարակման համար պատասխան տվող չպե՞տք է լինի: Հետաքրքիր է` ոստիկանությունը վերը մեջբերվածը որպես ի՞նչ է նշել` նշված ընկերության ղեկավարի կամ համապատասխան աշխատակցի մեղքը հիմնավորո՞ղ փաստ, թե մեղքը բացառող փաստ կամ արդարացուցիչ հանգամանք: Եթե վերջինը, ապա հարկադրված ենք հիշեցնել Երևան քաղաքի դատախազի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 2011 թ. դեկտեմբերին ուղարկված միջնորդագրի որոշ հատվածներ:
Ըստ հիշյալ միջնորդագրի` «Նուբարաշենի 11-րդ և 9-րդ փողոցների հատման տեղում հայտնաբերված ստորգետնյա ջրատար խողովակի վնասված հատվածից շուրջ մեկ տարի տեղի է ունեցել ջրի արտահոսք, որի հետևանքով հողի մակերեսը միշտ եղել է թաց, այսինքն` ջրի արտահոսքը հայտնաբերելը, վթարը վերացնելը և բնակչության զանգվածային հիվանդացման դեպքը կանխելն առանձնակի բարդություն չի ներկայացրել (ընդգծումը` մերը): Ջրի արտահոսքը հնարավոր էր հայտնաբերել ամենապարզ եղանակով` ստուգայցի կամ պարբերական դիտարկման միջոցով»: Ընդ որում, նույն միջնորդագրի համաձայն` «Ջրի արտահոսքի հայտնաբերման նման կարգ սահմանվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 17.04.2003 թ. N 047-Ն հրամանով հաստատված, ՀՀ արդարադատության նախարարությունում 2004 թ. մարտի 17-ին գրանցված «Ջրամատակարարման համակարգերի, ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոններով»:
Ավելին. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ հսկողության պարտականությունն ուղղակիորեն սահմանված է ՀՀ կառավարության 22.01.2004 թ. թիվ 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններ» փաստաթղթով:
Այսինքն` «Երևան Ջուր» ընկերությունը չի կատարել հիշյալ կարգով (ենթաօրենսդրական ակտով) և կառավարության որոշմամբ սահմանված իր պարտականությունը: Վարձակալության պայմանագրի 2-րդ հավելվածով հիշյալ ընկերությունը ստանձնել է հոսակորուստների որոնման և վերահսկողության պարտականություն, սակայն Երևան քաղաքի դատախազի հավաստմամբ` չի նախատեսել ու չի կատարել ստուգայցեր, պարբերական դիտարկումներ կամ ջրի հոսակորուստների և գաղտնի վթարների հայտնաբերման այլ եղանակ, ինչը Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցի ոչ բարվոք վիճակի պայմաններում ուղղակի անհրաժեշտություն էր: Դատախազությունն այսպիսով արձանագրել է, որ ջրմուղ-կոյուղու համակարգում, համենայն դեպս տվյալ տեղամասում եղել է բարձիթողի վիճակ, «Երևան Ջուր» ընկերությունը չի կատարել իր պարտականությունները, ընկերության համապատասխան աշխատակիցը կամ աշխատակիցները դրսևորել են հանցավոր անփութություն կամ անգործություն:
Եվս մեկ մեջբերում Երևան քաղաքի դատախազի միջնորդագրից. «Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս պնդելու, որ եթե «Երևան Ջուր» ընկերությունն իրականացներ կառուցվածքների, սարքավորումների պարբերական դիտարկումներ, ստուգայցեր, ապա ընկերության աշխատողների կողմից անպայման կհայտնաբերվեր Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի 16 տան հարակից տարածքում շուրջ մեկ տարի տևած ջրի հոսակորուստը, ջրատար խողովակի վնասված հատվածը, կվերացվեր խախտումը, այդկերպ կկանխվեր մարդկանց զանգվածային հիվանդացման դեպքը»(ընդգծումը` մերը):
Վերոնշյալ փաստերի առկայության պարագայում ՀՀ ոստիկանությունը փորձել է արդարացնել մեղավորին կամ մեղավորներին. «Վնասված խողովակի վերաբերյալ նախկինում «Երևան Ջուր» ՓԲԸ ահազանգ չի ստացել, և քանի որ Նուբարաշեն վարչական շրջանում դեռևս գոտիավորման աշխատանքները չեն կատարվել, ուստի վթարված խողովակը և ջրի հոսակորուստները չեն հայտնաբերվել»: Ընդգծենք, որ մեզ այս պատասխանն են ուղարկել Երևան քաղաքի դատախազի հիշյալ միջնորդագրի բովանդակությանը վստահաբար տեղյակ լինելով հանդերձ: Այսինքն` անտեսելով, որ վնասված խողովակի վերաբերյալ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն մինչ տվյալ դեպքը կարող էր և ահազանգ չստանալ, բայց պարտավոր էր հայտնաբերել վթարը, մանավանդ, որ խողովակի վնասված հատվածից շուրջ մեկ տարի տեղի է ունեցել ջրի արտահոսք: Անտեսելով նաև այն, որ հիշյալ ընկերությունն անկախ նրանից, որ Նուբարաշեն վարչական շրջանում գոտիավորման աշխատանքները դեռևս չեն կատարվել, ջրի արտահոսքի հայտնաբերման նպատակով պարտավոր էր կատարել հիշյալ կանոններով նախատեսված ստուգայցի կամ պարբերական դիտարկման աշխատանքներ, ՀՀ կառավարության 22.01.2004 թ. թիվ 130-Ն որոշմամբ սահմանված` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների և սարքերի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ հսկողության իր պարտականությունը, ի վերջո, իր պայմանագրային վերոնշյալ պարտականությունը: Այն տպավորությունն է առաջանում, թե ՀՀ ոստիկանությունը «Երևան Ջուր» ընկերության կամ նրա ղեկավարության փաստաբանի դերն է ստանձնել, ու մնում է պարզել, թե ինչ սկզբունքով` անվճա՞ր, թե՞...
«Ձեռք բերված ապացույցների գնահատմամբ` «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենների կողմից թույլ տված խախտումները և թերությունները կազմակերպա-իրավական բնույթի են, պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք,- նշված է ՀՀ ոստիկանության պատասխանում:- Թույլ տված խախտումներն ու թերություններն ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում բնակչության զանգվածային հիվանդացման դեպքի և դրա հետևանքների հետ, դրանք քրեաիրավական բնույթի չեն, ուստի քրեական գործի վարույթը ենթակա է կարճման` ընկերության գլխավոր տնօրենների արարքում հանցակազմի բացակայության պատճառով»:
Սա իրականության խեղաթյուրում է, այդ կերպ կարելի է գրեթե ցանկացած հանցագործություն արդարացնել: Կատարված խախտումները քրեաիրավական կամ նաև քրեաիրավական բնույթի են, քանի որ խմելու ջրից բնակչության զանգվածային վարակում է տեղի ունեցել, «աղիքային ինֆեկցիա» է ախտորոշվել առնվազն 87 մարդու մոտ, դատաբժշկական եզրակացության համաձայն` նրանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթև վնաս:
Երկրորդ. հիշյալ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները ոչ թե ոչ պատշաճ է կատարել, այլ վերոնշյալի մասով ընդհանրապես չի կատարել, ակնհայտ է, որ ոստիկանությունը փորձում է ընկերության անգործությանը մեղմ գնահատական տալ:
Երրորդ. «Երևան Ջուր» ընկերությունը ոչ միայն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել, այլև ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված իր պարտականությունը և ենթաօրենսդրական ակտով սահմանված կարգից բխող աշխատանքները, որոնց մասին ոստիկանությունը լռում է, և որոնց կատարման դեպքում նույնպես հոսակորուստը ժամանակին կհայտնաբերվեր ու կկանխվեր բնակչության զանգվածային վարակումը:
Չորրորդ. թույլ տրված խախտումներն ուղղակի պատճառական կապի մեջ են գտնվում բնակչության զանգվածային հիվանդացման դեպքի և դրա հետևանքների հետ, քանի որ դրա, ինչպես նաև այդ խախտումների քրեաիրավական բնույթ ունենալու համար բնավ պարտադիր չէ նշված խախտումների հեղինակների կողմից բնակչությանը վարակելու դիտավորություն ունենալու հանգամանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (դրանով է հիշյալ փաստի առթիվ 2011 թ. հունիսի 4-ին հարուցվել քրեական գործը) նախատեսված արարքի հանցակազմն ընդհանրապես չի ենթադրում այդ արարքի հեղինակի կողմից դիտավորության հանգամանքի առկայություն:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել