HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վանաձորցի գործարարը դիմել է սնանկության դատարան. պահանջում է անվավեր ճանաչել իր ընտանիքին պատկանող առեւտրի կենտրոնի առքուվաճառքի պայմանագիրը

Սնանկության դատարանում՝ նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, քննվում է վանաձորցի գործարար Սեյրան Կարապետյանի և նրա կնոջ՝ Զովանուշ Գրիգորյանի հայցն ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի։

Սեյրան Կարապետյանը, ով դատական նիստին ներկայանում է որպես կնոջ ներկայացուցիչ, պնդում է, որ բանկի, նոտարի, սնանկության կառավարչի կողմից կատարվել են անվավեր գործարքներ, եղել են մի շարք խախտումներ, որից հետո իրենց պատկանող առեւտրի կենտրոնն աճուրդի է հանվել եւ վաճառվել. գույքը գնել է «Ինեկոբանկ»-ը։

Այսօրվա նիստից առաջ «Հետքի» հետ զրույցում Կարապետյանների ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց, որ իր վստահորդներն իրենց արտադրությունն ընդլայնելու համար 2010թ.-ի դեկտեմբերին «Զոսեկար» ընկերության անունից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել են մոտ 300 հազար դոլարի վարկ, որի համար որպես ապահովում է հանդիսացել ընտանիքին պատկանող առեւտրի կենտրոնը, արտադրամասը եւ եւս մեկ վարչական շենք։ Վարկը մարելուց հետո 2011թ. -ին նոր վարկ են ձեւակերպել, այս անգամ 550 հազար դոլար։ Բանկի և ընկերության միջև կնքվել է վարկերի, երաշխիքների եւ ակրեդիտիվների տրամադրման լրացուցիչ համաձայնագիր, և դրանով ընկերությունը ստացել է վարկ՝ մինչ 2018թ.-ի հուլիս մարման ժամկետով, սակայն ի տարբերություն նախորդ վարկի՝ այս անգամ որպես ապահովում չի եղել գրավադրված գույք, ավելին՝ կնքված լրացուցիչ համաձայնագրերը պետական գրանցում չեն ստացել։

Ըստ Քրիստինե Ղազարյանի՝ վարկառուն երկու ամիս չի կարողացել վարկը մարել, եւ բանկը դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պայմանով, ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ նախորդ վարկի ժամանակ ապահովում հանդիսացող գույքը դրվել է աճուրդի։

Դատարանում այսօրվա նիստին ներկա էր միայն սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը, չէին եկել բանկի ներկայացուցիչը եւ նոտարը։ Կարապետյանները եւ նրանց ներկայացուցիչը ընկերության սնանկ ճանաչելու եւ աճուրդի վերաբերյալ իրենց հարցադրումներն արեցին, մասնավորապես Քրիստիե Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կատարվել գույքի աճուրդը, եթե վարկի հիմքում գույքերը չեն հանդիսացել որպես ապահովման հիմք, որին ի պատասխան՝ Արսեն Չիտչյանն ասաց, որ այդպիսին եղել է դատարանի որոշումը, հետո հավելեց, որ մինչեւ դատարանի այդպիսի որոշում կայացնելը իր կարծիքը եւս այն է եղել, որ բանկը չէր կարող առանց ապահովման վարկ տալ, ուստի գույքը համարել է վարկի ապահովում։

Սրան ի պատասխան՝ Քրիստինե Ղազարյանը նշեց, որ 550 հազար դոլար վարկը կնքվել է բացառապես համաձայնագրերի հիման վրա: «Օդում՞»,- հետաքրքրվեց սնանկության կառավարիչը։ Փաստաբանն էլ ավելացրեց, որ լրացուցիչ համաձայնագրերը կնքվել են նոտարական վավերացմամբ, որը պետք է պետական գրանցում ստանար, բայց չի ստացել։

«Հետքի» հետ զրույցում փաստաբանը ներկայացրել էր, որ 300 000 դոլար վարկի գրավի վկայականներում գրված է՝ գրավի իրավունքը դադարում է կատարմամբ։ Այսինքն՝ գրավի իրավունք առկա է եղել, սակայն այն 2011-ի կատարմամբ դադարել է։

Այսօրվա նիստին Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց նաեւ, որ աճուրդի դրված գույքը եղել է 2003թ. անշարժ գույքի վկայականով, այնինչ 2012-ին գույքի սեփականատերը ստացել է նոր վկայական, քանի որ առեւտրի կենտրոնը վերանորոգել են, նոր աշխատանքներ կատարել։ Քրիստինե Ղազարյանը փորձեց ճշտել՝ արդյոք սնանկության կառավարիչը այցելե՞լ է առեւտրի կենտրոնի տարածք եւ չափագրում իրականացրել, որին ի պատասխան՝ Արսեն Չիտչյանն ասաց, որ տեսել է եւ նաեւ գույքի վկայականում գրված է, որ տարածքը փոքրացել է, սա վրդովմունքի պատճառ դարձավ, քանի որ Կարապետյանները շեշտեցին, որ իրենց կողմից 2003-ից մինչ 2012-ը կատարվել է շինարարական աշխատանք, եւ շենքը չէր կարող փոքրանալ մակերեսով։ Կարապետյանները ներկայացրին նաեւ, որ կառավարիչը 2003 թ.-ի վկայականով աճուրդի վերաբերյալ հայտարարություն է տեղադրել, իսկ առքուվաճառքի պայմանագիրը կատարվել է 2012-ին կնքված վկայականով։ Ըստ Արսեն Չիտչյանի՝ կարեւորը ոչ թե վկայականն է եւ թե ինչ աշխատանք է կատարվել, այլ տարածքի հասցեն, քանի որ մարդիկ տարածքը գնում են հասցեով։

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter