HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Ֆինլանդիա-Հայաստան. վիճակագրությունը մրցակցի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կմեկնարկի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Սա «Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում մեր թիմի մասնակցությամբ 8-րդ մրցավեճը կլինի: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ են դուրս գալիս ընտրական խմբերում առաջին 2 տեղերը զբաղեցրած թիմերը: Իտալիայի ընտրանին նախորդ տուրում արդեն ապահովել է առաջին տեղն ու ուղեգիր նվաճել: Այժմ ֆինների, մերոնց եւ բոսնիացիների միջեւ պայքար է գնում երկրորդ տեղի համար: 8 տուրից հետո ֆիններն ունեն 12 միավոր, հայերն ու բոսնիացիները՝ 10-ական: Նույն խմբում են ընդգրկված նաեւ Հունաստանն (5 միավոր) ու Լիխտենշտայնը (2 միավոր): 

Նշենք, որ այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կկայանան նաեւ Լիխտենշտայն-Իտալիա, Հունաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումները: 

Հայաստանն ու Ֆինլանդիան այսօր կհանդիպեն 6-րդ անգամ: Նախորդ բոլոր մրցավեճերն էլ պաշտոնական են եղել: Այսպես՝ աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում՝ 2004-ի սեպտեմբերի 8-ին, Երեւանում հյուրերը հաղթել են 2-0, իսկ նույն տարվա հոկտեմբերի 9-ին Տամպերեում գրանցվել է 3-1՝ հօգուտ ֆինների: Մեր գոլը տուգանայինից խփել է Արմեն Շահգելդյանը: Թիմերը հանդիպել են նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում: 2006-ի հոկտեմբերի 7-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ նոյեմբերի 15-ին Հելսինկիում տանտերերը հաղթել են 1-0: «Եվրո-2020»-ի շրջանակներում էլ՝ այս տարվա մարտի 26-ին, ֆինները Երեւանում հաղթեցին 2-0:

5 մրցավեճից 4-ում հաղթել է մրցակիցը, 1-ում գրանցվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը եւս ֆինների օգտին է՝ 1-8: 

Հավելենք, որ այս պահին Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը, իսկ Ֆինլանդիան՝ 54-րդ: 

Հաղթելու դեպքում, ինչը շատ դժվար կլինի, Հայաստանը երկրորդ տեղ դուրս կգա՝ անկախ այն բանից, թե արդյոք կհաղթեն նաեւ բոսնիացիները: Պատճառն այն է, որ հայ-բոսնիական անձնական մրցակցության մեջ առավելությունը մեր թիմի կողմն է, քանի որ մերոնք Սարաեւոյում պարտվել են 1-2, սակայն Երեւանում հաղթել են 2 գնդակի տարբերությամբ՝ 4-2:  

Լուսանկարը՝ Getty Images-ի (uefa.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter